«Ամերիկայի ձայն». Բեռլինի քաղաքապետարանն արգելել է շաբաթավերջի համար այստեղ նախատեսված ցույցը, որի մասնակիցները որոշել էին բողոքել կորոնավիրուսի համաճարակի պատճառով ուժի մեջ մտցված սահմանափակումների դեմ: Քաղաքապետարանն այսպիսի որոշում է կայացրել, քանի որ ամսվա սկզբին անցկացված ցույցի կազմակերպիչներին չէր հաջողվել ապահովել մասնակիցների սոցիալական հեռավորությունը, ինչպես նաեւ դիմակների կրումը:
Ինչպես Գերմանիայի մայրաքաղաքի ներքին գործերի բաժնի ղեկավար Անդրեաս Գայզելն է ասել, իշխանությունները ստիպված են եղել հավասարակշռություն պահպանել հավաքների իրավունքի եւ համաճարակից մարդկանց պաշտպանելու պարտավորության միջեւ:
Նրա խոսքերով, Բեռլինում եւ ընդհանրապես ամբողջ Գերմանիայում կորոնավիրուսի դեպքերի նոր աճի պայմաններում հազարավոր մարդկանց մասնակցությամբ հավաքները վտանգի տակ են դնում ոչ միայն մասնակիցների, այլ նաեւ նրանց կյանքը, ովքեր կարող են վարակվել ցույցի մասնակիցներից:
Գերմանիային հաջողվել է եվրոպական մեծ թվով երկրների համեմատ ցածր մակարդակի վրա պահել կովիդ 19 հիվանդության ու դրա արդյունքում մահացությունների թիվը: Սակայն հուլիս ամսից նոր դեպքերի թիվը սկսել է գրանցել աճ: Վերջին շաբաթների ընթացքում տարածման արագությունն ավելի է մեծանում:
Կարդացեք նաև
Սահմանափակումների դեմ Բեռլինում վերջին ցույցը 20 հազար մարդկանց մասնակցությամբ անցկացվել էր օգոստոսի 1-ին, որին հիմնականում մասնակցել էին ազատականներն ու ծայրահեղ աջթեւայինները, ինչպես նաեւ պատվաստումների դեմ հանդես եկող ակտիվիստները: