Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ եւ Վճռաբեկ դատարանների միավորմանը «կողմ» քվեարկած անձինք սկսել են պետականության ապամոնտաժումը. Վարդան Այվազյան

Օգոստոս 26,2020 22:22

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն օրերս «կողմ» քվեարկեց Սահմանադրական եւ Վճռաբեկ դատարանների մեկ՝ Գերագույն դատարանում միավորելու հայեցակարգին: Հայեցակարգին «դեմ» են քվեարկել հանձնաժողովի 15 անդամներից 7-ը: Հայեցակարգին «դեմ» քվեարկած անդամներից իրավագիտության դոկտոր Արթուր Ղամբարյանը ֆեյսբուքյան գրառմամբ այսպես էր բացատրել իր քվեարկությունը. «Սահմանադրական կարևոր ինստիտուտները լուծարելու և դրա տեղը նորը ձևավորելու համար պետք է ներկայացվեր լուրջ փաստարկներ և հիմնավորումներ, հնարավորինս հստակ պետք է ներկայացվեին այն խնդիրները, որոնք կարելի է լուծել բացառապես գործող ինստիտուտները լուծարելու և ոչ թե շուրջ 25 տարի գործող ինստիտուտները բարեփոխելու եղանակով»:

Նկատի ունենալով, որ ներկայացված հիմնավորումների իրավական բաղադրիչը նման համակարգային փոփոխություն կատարելու համար համոզիչ չէ, ինքը «դեմ» է քվեարկել՝ խոստանալով հարցի բովանդակային մասին առաջիկայում անդրադառնալ:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, սահմանադրագետ Վարդան Այվազյանն այսօր, Aravot.am-ի հետ զրույցում,  պատասխանելով հարցին՝ Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ առաջացած անհասկանալի զարգացումներում ի՞նչ խնդիր է դնում իշխանությունը՝ Սահմանադրական եւ Վճռաբեկ դատարանների միավորելով մեկ՝ Գերագույն դատարանում, պատասխանեց. «Դա սորոսական ծրագրի իրականացում է ենթադրում: Իսկ այդ ծրագիրը շատ պարզ է. առաջինը՝ մարդկանց զրկել  բանականությունից»:

Իսկ երբ մարդկանց՝ հավաքական կերպարով՝ ժողովրդին, զրկում են բանականությունից, մեր զրուցակցի մատուցմամբ, ժողովուրդը դադարում է լինել բարձրագույն իշխանության կրող եւ նրան այլեւս պետք չի գալիս պետականությունը. «Պետականությունից զրկվելն էլ հանգեցնում է ազգային ինքնության կործանման եւ պետականության ապամոնտաժումը փոխարինվում է ֆեյսբուքյան իշխանությամբ, սմարթֆոնների, այֆոնների մենյուներով: Հիմա, ըստ էության, հանձնաժողովի այդ ութ անդամները, որոնք «կողմ» են քվեարկել, սկսել են պետականության ապամոնտաժումը»:

ՍԴ-ի եւ Վճռաբեկ դատարանները միավորելով, ըստ Վարդան Այվազյանի, ունենալու ենք «հերմոֆրոդիտ» դատական համակարգ, քանի որ այդ դատարանները բացարձակ տարբեր գործառնական առաքելություն ունեցող մարմիններ են. «Համակարգային առումով, հնարավոր չէ, որ միեւնույն մարմինը որոշի օրենքի լավ կամ վատ, ճիշտ կամ սխալ, տրամաբանական կամ անտրամաբանական, լեգիտիմ կամ ոչ լեգիտիմ լինելը, միեւնույն ժամանակ, ապահովի դրա օպերացիոն կիրառումը: ՍԴ-ն ապահովում է պետության կոնցեպտուալ դիրքը՝ Սահմանադրության գերակայությունը եւ վերահսկողություն է իրականացնում ամբողջ օրենսդրական համակարգի նկատմամբ, Վճռաբեկ դատարանն այդ օրենքներն է կիրառում, ուստի, երկուսը միավորելով, ունենում ենք հերմոֆրոդիտ համակարգ»: Սա, Վարդան Այվազյանը համարում է մեծագույն խայտառակություն, որը վտանգավոր ոտնձգություն է մեր պետության եւ պետականության հանդեպ. «Սա առաջին քայլն է՝ պետականության կորստից հետո վերացնելու մեր ազգային ինքնությունը եւ ստեղծելու նոր մարդու մոդել, որը պետք է զուրկ լինի բարոյականությունից եւ պատասխանատվությունից, ընդ որում, սա համաշխարհային թրենդ է համարվում: Սրա դեմը, եթե մենք չառնենք, ապա շատ վատ հետեւանքներ կունենանք ազգային անվտանգության առումով»:

Ավելի պատկերավոր լինելու համար, մեր զրուցակիցն այսպիսի համեմատություն է անում. «Երբ, ասենք, բժիշկը այնքան գրագետ է, որ  կորոնավիրուսով հիվանդին բուժելու ժամանակ, արհեստական շնչառական ապարատը հիվանդի քթին կամ բերանին միացնելու փոխարեն, հետույքին է միացնում»:

Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է համատեղվելու տարբեր իրավական մոդելների կիրառությունը, քանի որ Հայաստանն՝ իր օրենսդրական բազայով, գտնվում է եվրոպական իրավական համակարգում, մինչդեռ Գերագույն դատարանի ինստիտուտը անգլոսաքսոնական մոդելում է: Առաջին համակարգում, մարդկային վարքագծի դրսեւորումները կանոնակարգվում են իրավական նորմատիվ ակտերով, իսկ այդ բուգի գագաթում Սահմանադրությունն է, որը ապահովում է իրավական կարգավորման եւ պետության ամբողջականությունը: Իսկ անգլոսաքսոնական մոդելում իրավահարաբերությունները կարգավորվում են սովորույթային նորմերով, չկա Սահմանադրություն եւ անհրաժեշտություն էլ չկա սովորույթների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, ուստի դատարանների նկատմամբ վերահսկողության գործառույթն իրականացնում է Գերագույն դատարանը: Իսկ ԱՄՆ-ում, իր 200 տարուց ավել պրակտիկայում, Գերագույն դատարանը քննելով մի շարք գործեր, որպես նախադեպ, սկսել է դիրքորոշումներ տալ, որոնք այսօր հինգ հազար հատոր են կազմում եւ համարվում են կենդանի Սահմանադրություն: Բայց, ըստ մեր զրուցակցի, թե ԱՄՆ-ը, թե Մեծ Բրիտանիան, այսօր, առավել քան երբեւէ, սահմանադրական վերահսկողության խնդիր ունեն: Իր կարծիքը, Վարդան Այվազյանն այսպես է հիմնավորում. Մեծ Բրիտանիան այլեւս միատարր երկիր չէ եւ դարերով արմատավորված սովորույթները պահպանելու առումով խնդիրներ են առաջանում, քանի որ սովորույթների խախտման համար իրավական պատասխանատվություն սահմանված չէ: ԱՄՆ-ի պարագայում, խնդիրը սուր արտահայտություն է ստանում սեւամորթների եւ սպիտակամորթների կոնֆլիկտով: Ուստի, Հայաստանում չի կարելի կուրորեն ընդօրինակել որեւէ երկրի փորձ:

«Մեզ մոտ կա բանականության մթագնում`շիզոֆրենիա՝ առանց հասկանալու, առանց ջանք գործադրելու, առանց գիտելիք ստանալու՝ խայտառակ, անհասկանալի փորձարարություն կատարել պետության եւ հասարակության նկատմամբ: Դա ամենածանր հանցագործությունն է»,- ասաց Վարդան Այվազյանը՝ հավելելով, որ պատրաստ է Սահմանադրական բարեփոխումների՝ այս համակարգին «կողմ» քվեարկած անդամների հետ, իրենց իսկ նախընտրած հեռուստաընկերությունում, ուղիղ եթերում բանավիճել եւ ապացուցել նրանց սնանկությունը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31