Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաների պաշտպանությունը բռնությունից բոլորիս առաջնահերթ պարտավորությունն է․ ՄԻՊ-ը՝ Տավուշի մարզում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ

Օգոստոս 26,2020 22:50

ՀՀ Տավուշի մարզում երեխաների նկատմամբ բռնության վերաբերյալ տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո  Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է ուսումնասիրության գործընթաց: Տեղի են ունեցել բազմակողմանի մասնագիտական քննարկումներ:

Ինչպես երևում է այս պահին առկա նյութերից, երեխաների նկատմամբ բռնությունը եղել է շարունակական։ Ցավոք, ընտանիքում բռնության այս դեպքն ունեցավ ողբերգական հետևանք. 6 տարեկան երեխան հիվանդանոցում մահացավ՝ չգալով գիտակցության:

Բռնությունը երեխայի իրավունքների կոպիտ խախտում է, որ կարող է անդառնալի ու նույնիսկ ողբերգական հետևանքներ առաջացնել երեխայի կյանքի ու առողջության համար, ամբողջությամբ ձևախեղել նրա առողջ զարգացումը:

Մեր պետությունը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները՝ երաշխավորելու երեխայի պաշտպանությունը բռնությունից՝ անկախ նրանից դա անում է ծնողը, խնամակալը, թե երեխայի մասին հոգ տանող որևէ այլ անձ: Երեխան պետք է պաշտպանված լինի ֆիզիկական կամ հոգեբանական բռնության բոլոր ձևերից, այդ թվում՝ ծեծից, վիրավորանքից կամ չարաշահումից, ծաղրանքից կամ անտեսումից, կոպիտ վերաբերմունքից կամ շահագործումից և այլն:

Ցավոք, երեխայի նկատմամբ բռնությունը ու առանձնապես բռնությունն ընտանիքում թաքնված երևույթ է: Դրան նպաստում են թե՛ հասարակությունում, թե՛ նաև հանրային մարմիններում այս երևույթի վերաբերյալ առկա կարծրատիպային ընկալումները: Պետությունում գործող մարմինները պարտավոր են էլ ավելի մեծ ջանքերով պայքար մղել այս դատապարտելի երևույթի դեմ՝ իբրև առաջնահերթ նշանակության առաքելություն:

Մարդու իրավունքների պաշտպանը խստորեն դատապարտում է երեխայի նկատմամբ բռնությունը, այդ թվում, եթե դա տեղի է ունեցել ընտանիքում: Առավել դատապարտելի է այն, երբ բռնությունը գործադրվում է երեխաների նկատմամբ, որոնք իրենց կարգավիճակի ուժով առավել խոցելի են և ունեն պաշտպանության առավել մեծ կարիք:

Բոլորս պետք է գիտակցենք, որ բռնությունն ուղղակիորեն խարխլում է ընտանեկան արժեքները, խաթարում է ընտանիքում ապրելու երեխայի իրավունքը, հակասում է երեխայի լավագույն շահի էությանը:

Խիստ մտահոգիչ է այն վիճակը, որ գոյություն ունի Խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեության ոլորտում: Այդ մարմինները ընտանիքում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի, դժվարին իրավիճակում հայտնված երեխաների վերաբերյալ տեղեկությունների բացահայտման  ոլորտում գրեթե չունեն որևէ արդյունավետություն:

Խնամակալության և հոգաբարձության մարմինները  չունեն մասնագիտական անհրաժեշտ պատրաստվածություն համայնքում երեխաների իրավունքների պաշտպանության ապահովման իրենց գործառույթը պատշաճ իրականացնելու համար: Բռնության բոլոր ձևերից պաշտպանված լինելու երեխայի իրավունքի ապահովման գործում առաջնային կարևորություն ունեն համայնքային մակարդակում գործող մարմինները: Խոսքը հատկապես վերաբերում է Խնամակալության և հոգաբարձության մարմիններին, որոնց գործունեությունը պետք է անմիջականորեն կապված է երեխաների սոցիալ-հոգեբանական և առողջական բարեկեցության հետ:

Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես բարձրաձայնել է Խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեության դատապարտելի վիճակը, գործառույթների բացարձակ անարդյունավետ իրականացման, վտանգավոր դրսևորումների մասին: Դա արվել է ինչպես տարեկան հաղորդումներով, այնպես էլ «Խնամակալության և հոգաբարձության մարմինների ու Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների վերաբերյալ» արտահերթ հրապարակային զեկույցով ու այլ եղանակներով:

Ընտանիքում երեխաների նկատմամբ բռնության բացահայտման և կանխարգելման ոլորտում, այդպիսի գործերի քննության հարցերում առկա են ինչպես համակարգային, այնպես էլ օրենսդրական խնդիրներ: Թե՛ պրակտիկան, թե՛ օրենսդրությունը հնարավորություն չեն տալիս ապահովել ընտանիքում բռնության ենթարկված երեխաների արդյունավետ պաշտպանություն, լիարժեք բացահայտում և հետագա հնարավոր դեպքերի կանխարգելում: Անհրաժեշտ է կատարելագործել իրավապահ մարմինների արագ արձագանքը, ինչպես նաև ապահովել նրանց անհրաժեշտ մասնագիտացումը և համայնքային մակարդակում միջգերատեսչական արդյունավետ համագործակցությունը:

Նման գործերով ցանկացած քննություն չպետք է սահմանափակվի գործից գործ քննությամբ: Պետք է մանրամասն վերլուծվեն այդ արարքների կատարման պատճառներն ու նպաստող պայմաններն այն նկատառումով, որպեսզի ձեռնարկվեն կանխարգելիչ միջոցներ, կատարելագործվի համակարգը՝ վերջնարդյունքում բացառելու համար որևէ երեխայի կամ, առհասարակ, որևէ անձի նկատմամբ բռնություն կամ իրավունքների նման կոպիտ խախտումներ:

Մարդու իրավունքների պաշտպանը համապատասխան գրություններ է հասցեագրել ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ ոստիկանություն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ՀՀ Տավուշի մարզպետարան, Խաշթառակ համայնքի ղեկավարին:

Պաշտպանն իր իրավասության շրջանակում կշարունակի հետևել այս գործով պետության կողմից ձեռնարկվող քայլերին, երեխաների իրավունքների ապահովման վիճակին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31