Ինչպես տեղեկացրել ենք, օգոստոսի 20-ի երեկոյան Գյումրու կենտրոնական Գորկի զբոսայգու մոտ կտրել էին 23-ամյա Ա․Ս․-ի պարանոցը։ Երիտասարդը իր ոտքով գնացել էր Գյումրի բժշկական կենտրոն, որտեղ, սակայն, բուժօգնություն ստանալուց անմիջապես հետո ոստիկանները նրան տարել էին։ Նրա մոտ եղել էր պարանոցի առաջնային մակերեսի կտրած-արյունահոսող վերք։ Երիտասարդը ոստիկանությանը հայտնել էր, որ երեկոյան կենտրոնական այգու մոտ թիկունքի կողմից դանակով կտրել են իր պարանոցը։
Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն։ Մենք տեղեկացրել էինք, որ, այսպես ասած, «աղջկա հաշիվ» էր եղել։
Մեր հրապարակումից անմիջապես հետո բազմաթիվ գյումրեցիներից ահազանգեր էինք ստանում, թե ո՞վ է կտրել երիտասարդի պարանոցը և ինչո՞ւ։
ՀՀ քննչական կոմիտեն այսօր մանրամասնել է կատարվածը։ Պարզվում է՝ երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կազմակերպելու ու կատարելու համար մեղադրանք է առաջադրվել գյումրեցի 19 և 23-ամյա երկու երիտասարդ աղջիկների, որոնցից մեկին, ըստ հաղորդագրության, երիտասարդը բռնաբարել է Անի թաղամասի բնակարաններից մեկում, մյուսին էլ փորձել է բռնաբարել Մուշ թաղամասի բնակարաններից մեկում, սակայն չի ստացվել։ Աղջիկներից մեկը տղայի նախկին ընկերուհին է։
Կարդացեք նաև
Երիտասարդ աղջիկները, ըստ քրգործի, օգոստոսի 20-ի ուշ երեկոյան՝ ժամը 20․00-ի սահմաններում պարզաբանումներ ստանալու նպատակով քաղաքի կենտրոնական զբոսայգու մոտ ժամադրել են երիտասարդին, որի ընթացքում էլ 19-ամյա աղջիկը թիկունքի կողմից մոտեցել է նրան ու իր հետ վերցրած ածելիով կտրել նրա պարանոցը։
ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշված է. «ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Գյումրի քաղաքի 19-ամյա բնակչուհին իմանալով, որ իր 23-ամյա ընկերուհին խզել է կապերը ընկերոջ հետ, ընկերուհու անմիջական կազմակերպմամբ և ղեկավարմամբ, վրեժխնդիր լինելու նպատակով փորձել է ապօրինաբար կյանքից զրկել վերջինիս 23-ամյա ընկերոջը:
2020թ. օգոստոսի 20-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, պարզաբանումներ ստանալու համար, հեռախոսազանգի միջոցով քաղաքի կենտրոնական զբոսայգում աղջիկները հանդիպել են 23-ամյա երիտասարդին, որի ընթացքում 19-ամյա աղջիկը թիկունքից մոտեցել է վերջինիս և նախապես իր հետ վերցրած ածելիով կտրել-վնասել է նրա պարանոցը, որից հետո ընկերուհիներով հեռացել են:
Քննությամբ պարզվել է նաև, որ 2020թ. մարտի 27-ին, Գյումրի քաղաքի Մուշ թաղամասում գտնվող բնակարաններից մեկում 23-ամյա երիտասարդը Գյումրի քաղաքի 19-ամյա բնակչուհու կամքին հակառակ փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ, սակայն վերջինս սկսել է դիմադրել և երիտասարդը չի կարողացել իր հանցավոր մտադրությունը ավարտին հասցնել։
Բացի այդ, 2020թ. օգոստոսի 15-ին՝ ժամը 11:30-ից մինչև ժամը 12:30-ն ընկած ժամանակահատվածում, Գյումրի քաղաքի Մինաս Ավետիսյան փողոցում գտնվող շենքերից մեկի բնակարանում, վերոնշյալ երիտասարդը 19-ամյա աղջկա ընկերուհու կամքին հակառակ, բռնության գործադրմամբ սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ:
2020թ. օգոստոսի 22-ին որոշում է կայացվել նշված դեպքերով հարուցված քրեական գործերը միացնելու և նախաքննությունը մեկ վարույթում շարունակելու մասին:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 19-ամյա աղջկան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, վերջինիս 23-ամյա ընկերուհուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
23-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ