Լրահոս
Օրվա լրահոսը

«Գագիկ Խաչատրյանի որդիները թաքնվել են քննությունից». դատախազը գտնում է, որ կալանքի հիմքերը պահպանվում են

Օգոստոս 26,2020 20:22

ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եւ նրա եղբորորդու՝ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության նախկին ղեկավար Կարեն Խաչատրյանի գործով դատական նիստում այսօր դատարանը քննեց Գագիկ Խաչատրյանի կալանավորման օրինականության եւ հիմնավոր լինելու հարցը. վաղը լրանում է Խաչատրյանի՝ նախաքննության ընթացքում կալանավորված լինելու մեկ տարին: Ներկայացնելով հարցի վերաբերյալ դիրքորոշումը՝ գործով մեղադրող-դատախազ Գեւորգ Սարգսյանը(լուսանկարում) նախ նշեց, որ դատաքննության ընթացքում կուսումնասիրվեն Խաչատրյանին առաջադրված մեղադրանքի փաստական տվյալները, եւ գործում կան մի շարք ցուցմունքներ, այդ թվում՝ ՊԵԿ վարչության աշխատակիցների, Սերգո Կարապետյանի, տեղեկանքներ, Իրանից ստացված տեղեկանք, փորձագիտական եզրակացություններ. «Քրեական գործով ձեռքբերված նյութերը բավարար հիմք են տալիս մտածելու, որ Գագիկ Խաչատրյանը, հայտնվելով ազատության մեջ, կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել դատաքննությանը՝ անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելով»:

Դատախազը հայտարարեց, որ Գագիկ Խաչատրյանի երկու որդիներն արդեն իսկ թաքնվել են քննությունից եւ հետախուզման մեջ են. «Ներկա փուլում բարձր է քրեական պատասխանատվությունից խուսափելու հավանականությունը: Գագիկ Խաչատրյանի կողմից ձեւավորված կոռուպցիոն սխեմայի շրջանակում նա չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, օժանդակել խոշոր չափի փողերի լվացմանը: Բացի այդ, նրա պաշտոնավարման ընթացքում ստուգումներ չեն իրականացվել մի շարք խոշոր առեւտրային կազմակերպություններում: Գտնում ենք, որ Խաչատրյանի հանդեպ կիրառված կալանավորման որոշումը հիմնավոր է եւ այն վերացնելու հիմքեր չկան»:

Հիշեցնենք, որ Գագիկ եւ Կարեն Խաչատրյանները մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման և պաշտոնեական կեղծիքի համար, մեղադրանքը չեն ընդունում: Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանն ավելի վաղ Aravot.am-ին տեղեկացրել էր, որ 64-ամյա Գագիկ Խաչատրյանը ողնաշարի ստենոզի անհապաղ վիրահատական բուժման կարիք ունի: Նախորդ տարի նա քննիչի կանչով ընդհատել էր բուժումը Գերմանիայում եւ վերադարձել ՀՀ, իսկ այս տարվա hուլիսին ՄԻԵԴ-ը կիրառեց միջանկյալ միջոց՝ պահանջելով ՀՀ կառավարությունից ապահովել Գագիկ Խաչատրյանի անհապաղ բուժումը քաղաքացիական հիվանդանոցում եւ թույլ տալ մեկնել՝ բուժման նպատակով:

Առարկելով դատախազի դիրքորոշման դեմ՝ Գագիկ Խաչատրյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը նախ նկատեց, որ դատարանը կարճ ժամանակում չէր կարող հասցնել ծանոթանալ քրեական գործի նյութերին, հետեւաբար նաեւ դիրքորոշում կազմել կալանավորման հիմքերի առկայության վերաբերյալ. «Բացի այդ, կալանավորման հիմքերի բացակայությունը հաստատող փաստերը չեն ընդգրկվել քրեական գործում»: Ինչ վերաբերում է Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակին, ապա Երեմ Սարգսյանը նշեց, որ կալանավորումը վիճակի վատթարացման պատճառ է դարձել, Խաչատրյանի ոտքերը թուլացել են, անընդհատ ուժեղ ցավազրկողներ է ընդունում ՔԿՀ-ում, տեղաշարժվում է հենակներով, եւ եթե երկրորդ վիրահատությունը չլինի, հենաշարժողական ֆունկցիայի խանգարման խնդիր կառաջանա. «Ինչպես Գերմանիայում Գագիկ Խաչատրյանին վիրահատած բժիշկն է փաստել, հնարավոր չէ Հայաստանում կազմակերպել նրա բուժումը՝ հաշվի առնելով սարքավորումների եւ բուժանձնակազմի խնդիրը: Աշխարհում երեք երկրում է հնարավոր նման վիրահատություն անել: Կառավարությանը դիմեցինք, որ գերմանացի բժշկին թույլատրի գալ ՀՀ՝ առանց ինքնամեկուսացման, սակայն ինչպես ՄԻԵԴ-ն է պարտադրել՝ բուժումը պետք է արվի Խաչատրյանի անձնական միջոցների հաշվին: Սակայն Խաչատրյանների բոլոր միջոցների, գույքի վրա արգելանք կա, եւ կառավարությունն ասաց, որ ոչինչ չի կարող անել: Դատարանն էլ ասաց, որ այս փուլում չի կարող դա քննարկել: Ստացվում է, որ կառավարությունը հաշվի չի նստում իր խոստման հետ եւ ՄԻԵԴ որոշման հետ: Հիմա սա խոշտանգում չէ՞: Այս ամենը բավարար հիմք է՝ Գագիկ Խաչատրյանին կալանքից ազատելու համար: Մեկ ամսից ավելի է, ինչ ՄԻԵԴ-ի պահանջը չի կատարվում»,-արձանագրեց Երեմ Սարգսյանը:

Մեղադրող դատախազ Գեւորգ Սարգսյանը հակադարձեց՝ ասելով, որ մինչեւ ՄԻԵԴ-ի նշյալ որոշումը Գագիկ Խաչատրյանը ստացել եւ ստանում է բուժօգնություն, այդ թվում՝ քաղաքացիական հիվանդանոցում բուժօգնության միջոցով ամիսներ շարունակ ստացել է վերականգնողական ֆիզիոթերապիա եւ կինեզիոթերապիա. «ՄԻԵԴ-ի որոշումը ստանալուց հետո պաշտպանները փորձում են ներկայացնել, թե այն մեծ ձեռքբերում է, մինչդեռ նշյալը փաստում է՝ մինչեւ ՄԻԵԴ-ի որոշումը եւ դրանից հետո Գագիկ Խաչատրյանը բուժօգնություն ստացել է: ՀՀ-ն իր պարտականությունները ողջ ծավալով կատարում է: Պաշտպանի սեփական մեկնաբանությունները նպատակ ունեն ներկայացնելու, թե պետությունն իր պարտավորությունը չի կատարում Գագիկ Խաչատրյանի առողջության հանդեպ, ինչն իրականությանը չի համապատասխանում»: Ամփոփելով՝ մեղադրող դատախազը համոզմունք հայտնեց, որ Գագիկ Խաչատրյանի հանդեպ խափանման միջոց ընտրված կալանավորումը պետք է պահպանվի:

Երեմ Սարգսյանի համար զարմանալի էր դատախազի դիրքորոշումը: Նա նշեց՝ եթե դատախազը փորձ է անում ասել, թե պաշտպանը սխալ է, ուրեմն ՄԻԵԴ-ի որոշումն էլ է սխալ, որովհետեւ ինքը հիմնվում է ՄԻԵԴ-ի որոշման վրա. «Այս ի՞նչ եք ասում…»: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ առանց որոշման հրապարակման օր եւ ժամ հայտնելու: Հավելենք, որ Գագիկ Խաչատրյանը նիստին չի մասնակցում՝ առողջական խնդիրների պատճառով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31