Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Համավարակի պայմաններում նախարարի արձակուրդ գնալը զարհուրելի, աննորմալ դեպք է»․ Արթուր Համբարձումյան

Օգոստոս 26,2020 19:10

Aravot.am-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համահիմնադիր (այժմ նախկին անդամ) Արթուր Համբարձումյանն, անդրադառնալով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հնարավոր հրաժարականի շուրջ ծավալված խոսակցություններին, ասաց․ «Խոսենք փաստերի մասին․ մենք ունենք մի իրավիճակ, երբ որ առողջապահության ոլորտը համակարգող անձն ամբողջության ձախողել է համավարակի դեմ պայքարը։

Մենք ունենք մի իրավիճակ, երբ արտակարգ դրության հայտարարման հաջորդ իսկ օրն առողջապահության նախարարն իր ձեռքն էր վերցրել դատարանի վճիռը, որով պարտադրվել էր իրեն ներողություն խնդրել Միքայել Մինասյանի հորից ինչ-որ հայտարարության համար և հայտարարում էր, որ չի ենթարկվելու Հայաստանի Հանրապետության դատարանի կայացրած վճռին։ Արտակարգ դրության պայմաններում, երբ պետք է ցուցաբերել առավելագույն զսպվածություն, խոհեմություն, Արսեն Թորոսյանը հայտարարում է, որ չի ենթարկվելու, քանի որ դատարաններն ապօրինի են։ Սա ոչ միայն Արսեն Թորոսյանի պատկերն է, այլ վարչապետի, որովհետև էդ մթնոլորտը ստեղծել էր վարչապետը․ դատարանների կոռումպացվածության, ոչ լեգիտիմ լինելու մասին արտահայտություններն ի սկզբանե ասել է վարչապետը։ Հետաքրքիր է, եթե այդ ժամանակ հազարավոր բանտարկվածների ծնողներ դուրս գային փողոց և պահանջեին կառավարությունից, ինչպես իրենք են նշում ՝ ոչ օրինական դատավորների վճիռներով բանտարկված իրենց հարազատներին ազատ արձակել,  կառավարությունն ի՞նչ էր պատասխանելու։

Եվ մենք ունենք իրավիճակ, երբ Հայաստանը համավարակի մեջ է, ինչպես իրենք են նշում ՝պատերազմի մեջ է, սակայն այս առողջապահության նախարարն արձակուրդ է վերցնում։ Այս երեք հանգամանքները բավարար են, որպեսզի ՀՀ քաղաքացին կարծիք կազմի, թե ինչպիսի պաշտոնատար անձ է Արսեն Թորոսյան անուն-ազգանունը կրող նախարարը»։

Ըստ Արթուր Համբարձումյանի, այս երեք փաստերը լուրջ պատճառ են հրաժարական տալու։ Նախարարի հրաժարականը, ըստ մեր զրուցակցի, հնարավոր է լինի կամ չլինի, սակայն համավարակի ձախողումն ու համավարակի պայմաններում արձակուրդ գնալը «զարհուրելի, աննորմալ դեպք է»։

«Աշխարհի որևէ նորմալ երկրում այսպիսի բան չի կարող տեղի ունենալ, համավարակի պայմաններում չի կարող առողջապահության նախարարն արձակուրդ գնալ։ Ինչ վերաբերում է հրաժարականին, խոսում են պատճառների մասին, իբր թե պատճառն այն է, որ ներքին նամակագրության մասին զեկուցվել է վարչապետին, ինչն էլ պատճառ է հանդիսացել հարաբերությունների խզման և հնարավոր հրաժարականի։

Կներեք, իսկ ՔՊ-ում ընդհանրապես կա՞ մի մարդ, որը ներքին նամակագրություն չի ունեցել, որտեղ վատ խոսքեր են ասվել վարչապետի հասցեին։ Այդպիսի մարդ կա՞, թե՞ չկա, իմ իմանալով՝ չկա, կամ իմ իմանալով՝ եզակիներն են։ Արսեն Թորոսյանին թող մեղադրեն այն ՔՊ-ականներն, այն իմքայլականները, որոնք նման ներքին խոսակցություն չեն ունեցել։ Ներքին նամակագրություն բոլորը կարող են ունենալ, հարց է՝ վարչապետը իմանալով ընթացք է տալիս, թե՞ չի տալիս։

Ոլորտը ձախողած, կորոնավիրուսի դեմ պայքարը ֆիասկոյի ենթարկած մարդուն փոխանակ ազատեն ձախողումների համար, իրեն ասում են՝ պիտի ազատենք աշխատանքից, որովհետև ներքին նամակագրություն է ունեցել, որտեղ մակդիրներով է արտահայտվել վարչապետի հասցեին։

Սա խայտառակություն է․ մարդը, որը համարյա թե հանցագործություն է արել ՀՀ քաղաքացիների նկատմամբ, ասում են, որ ներքին նամակագրությամբ վարչապետի հասցեին ասել է՝ եկեք, ձեր հիվանդին տիրություն արեք»։

Ըստ Արթուր Համբարձումյանի, վարչապետն ու Արսեն Թորոսյանը պիտի պատասխանեն ՀՀ քաղաքացիներին հուզող մի հարցի՝ ե՞րբ է մեր երկրում գրանցվել առաջին համավարակի դեպքը։

«Երբ որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցն ասում էր, որ գրանցվել է փետրվար ամսին, վարչապետը ուղղեց նրան և մի քանի ամիս հետո ազատեց աշխատանքից։ Այսինքն` վարչապետը և առողջապահության ներկայիս նախարարը, ինչպես նաև պարետը,  քաղաքական ողջ թիմը պիտի պատասխանեն համավարակի հետ կապված մեկ շատ կարևոր հարցի՝ ե՞րբ է Հայաստանի Հանրապետությունում գրանցվել առաջին դեպքը։ Այնտեղ շատ կարևոր հարցեր կան, բայց ամենակարևորը սա է»,-ասում է Արթուր Համբարձումյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31