Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց դատական համակարգում հիմնարար բարեփոխման, վեթինգի, կոռուպցիան չի կարող վերանալ

Օգոստոս 26,2020 18:30

Հարցազրույց Հանուն Հանրապետության քաղաքական նախաձեռնության անդամ, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ։

– Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների հետ, որի ընթացքում հայտարարել է․ «Ռազմավարական առումով մեզ համար կարևոր է ոչ թե կոռուպցիայի դեմ պայքար ունենալ, այլ ունենալ կոռուպցիայի կանխարգելման հստակ գործող մեխանիզմներ՝ նկատի ունենալով, որ կա́մ կոռուպցիան Հայաստանում լինի անհնար՝ համապատասխան մեխանիզմների բերումով, կա́մ ուղղակի այն այնքան նվազագույն մակարդակ ունենա, որպեսզի որպես հանրային խնդիր ընդհանրապես չլինի օրակարգում՝ բնականաբար, հետագա պայքարի մեխանիզմների առկայությամբ, երբ կոռուպցիայի ցանկացած դեպք առանց բացահայտման չի մնա»: Որքան՞ով է իրատեսական վարչապետի այս հայտարարությունը, որը, ըստ էության, նշանակում է ունենալ կոռուպցիայից զերծ պետություն ու հասարակություն։

– Որպես հռչակում, որպես նպատակադրում՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, իհարկե, շատ դրական է, լավ է, որ երկրի ղեկավարը նման բարձր նշաձող է սահմանում։ Այլ հարց է, թե որքանով է այդ նպատակադրումը իրատեսական ներկայիս իրողությունների պայմաններում և այն քաղաքականության շրջանակներում, որն այսօր վարվում է իշխանությունների կողմից։ Իհարկե, կոռուպցիան բազմագործոն, բազմաշերտ, բազմեզր երևույթ է, և դրա պատճառների ու արմատների մասին կարելի է շատ երկար խոսել։ Բայց բավական է միայն արձանագրել այն ցցուն անհամապատասխանությունը, որն առկա է վարչապետի այդ նպատակադրման և նրա կառավարության կողմից, օրինակ, դատաիրավական ոլորտում իրականացվող քաղաքականության միջև։

Վարչապետն, ըստ էության, հայտարարում է կոռուպցիան արմատախիլ անելու մասին։ Շատ լավ։ Բայց կոռուպցիան, որը, որպես սուբստանցիա, ընդամենը հետևանքն է, չի կարող վերանալ առանց պատճառը արմատախիլ անելու։ Իսկ կոռուպցիա ծնող պատճառների թվում առանցքային դեր ու նշանակություն ունի, օրինակ, դատական համակարգը, առանց որի հիմնարար, արմատական բարեփոխման, այդ թվում՝ վեթինգի, կոռուպցիան չի կարող վերանալ։ Մինչդեռ մենք տեսնում ենք, որ իշխանությունը դատական համակարգում արմատական բարեփոխումների իրական ցանկություն չունի, մենք լսում ենք, որ վեթինգն անհնար է առանց սահմանադրական փոփոխությունների, այսինքն՝ մեզ հստակ ուղերձ է հղվում առ այն, որ դատական համակարգը դեռ երկար ժամանակ մնալու է այս խայտառակ վիճակում։ Իսկ նման պայմաններում կոռուպցիան արմատախիլ անելու մասին մտածելը ուղղակի երազկոտություն է։ Եվ եթե իշխանության ներկայացուցիչներին թվում է, թե այդքան գովերգվող փողոցների ասֆալտապատմամբ կամ լուսավորմամբ հեղափոխության ժամանակ տրված խոստումները կատարվելու են, ապա նրանք չարաչար սխալվում են։

Հեղափոխության խոստումները հենց նույն դատաիրավական համակարգում իրականություն չեն դառնալու առանց արմատական, իրապես հեղափոխական բարեփոխումների։ Բայց մենք տեսնում ենք, որ հեղափոխական իշխանությունը ամեն օրվա հետ հեռանում է, խուսափում է հեղափոխականությունից, ինչը, ամենամեղմ ձևակերպմամբ, տարակուսելի է ու մտահոգիչ։

– Նիկոլ Փաշինյանը վերջերս կառավարության նիստում արձանագրեց, որ բոլոր ոլորտներում ավերակներ են՝ նշելով. «Եկեք խոստովանենք, որ համատարած ավերակ է մեր երկրում: Այսքան գլուխ ենք գովում, որ սուբվենցիա արեցինք, այդքան ճանապարհ ենք նորոգում, բայց դեռ այնքան պետք է կառուցենք»: Ի՞նչ է սրանով փաստում վարչապետը և ինչ նպատակ էր հետապնդում այդպիսի հայտարարությունը:

– Չեմ կարծում, թե այդ հայտարարություններով վարչապետը փորձում է փաստել այն, ինչ դուք նկատի ունեք։ Այդ և նման հայտարարությունները ոչ միայն ու ոչ այնքան ապագայի մասին են, որքան անցյալի։ Նման հայտարարություններով, կարծում եմ, վարչապետը փորձում է արձանագրել, ավելի պատկերավոր դարձնել այն իսկապես խայտառակ, բարձիթողի վիճակը, որում գտնվել ու գտնվում է երկիրը։ Կոնկրետ ձեր վկայաբերած հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, հերթական անգամ ցանկացել է ընդգծել, որ ինքը ստացել է խայտառակ վատ ժառանգություն, որը վերականգնելու համար սովորական, ամենօրյա աշխատանքը, մինչև այս պահը գործադրվող միջոցները բավարար չեն։

Չեմ կարծում նաև, որ ձեր հարցում նշված դիտարկումը՝ խնդիրները լուծելու հարցում կառավարության անկարողության վերաբերյալ, համապատասխանում է իրականությանը։ Գոնե հրապարակային դաշտում, գոնե առերևույթ Նիկոլ Փաշինյանը գոհ է իր թիմից, իր կադրերից, և չեմ կարծում, թե այդ հայտարարությունը հանդիմանանք էր պարունակում իր ենթականերին կամ թիմի անդամներին։ Կրկնում եմ՝ դա առավելապես անցյալին ուղղված հայտարարություն էր, որում, չեմ կարծում, իմաստ ունի այլ ենթատեքստեր ու ինտրիգներ փնտրել։ Իհարկե, քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի, այդ թվում՝ հնարավորությունը, որ գուցե իշխանությունն ինքը, անձամբ Նիկոլ Փաշինյանը ցանկանան նոր խորհրդարանական ընտրություններ, քաղաքական ստատուս քվոյի փոփոխություն և այլն, բայց այս պահին, կարծում եմ, դա լավագույն դեպքում տեսական հնարավորություն է, համենայնդեպս՝ ընթացիկ քաղաքական զարգացումները, իշխանությունից եկող ազդակները արտահերթ զարգացումների հարուցիչներ չեն պարունակում։

Եթե արտահերթ ընտրություններ լինեին, նոր քաղաքական ուժերի հնարավորություններն ինչպե՞ս եք գնահատում: Ձեր կարծիքով՝ կա՞ն այնպիսի քաղաքական բևեռներ, ուժեր, որոնք պատրաստ են երկրի ղեկավարումն իրենց ձեռքը վերցնել, և հանրությունն էլ պատրաստ է վստահել նրանց:

– Կարծում եմ՝ այո, կան այդպիսի ուժեր։ Անձամբ ես ներկայացնում եմ նոր ձևավորվող «Հանուն Հանրապետության» նախաձեռնությունը, որն առաջիկայում կներկայանա որպես կուսակցություն։ Հույս ունեմ՝ քաղաքական դաշտում կլինեն էլի նոր ուժեր, նոր նախաձեռնություններ, որոնք նման հայտ կներկայացնեն։ Բայց չափազանց կարևոր է, թե ինչ ուղերձներով, ինչ օրակարգերով են այդ ուժերը հրապարակ գալու։

Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս դեֆորմացված վիճակի խորքային պատճառներից մեկն այն է, որ մեր քաղաքական օրակարգը, ի դեպ՝ ոչ առանց իշխանությունների հրահրման, պտտվում է ներկայի ու անցյալի անպտուղ բանավեճի շրջանակներում։ Եթե նկատել եք՝ այդ բանավեճերում գրեթե բացակայում է ապագան, վաղվա օրը։ Դա լրջագույն բաց է քաղաքական դաշտում, որովհետև առողջ երկրում, առողջ հասարակությունում քաղաքականությունը պետք է ծավալվի առավելապես վաղվա օրվա, ապագայի օրակարգերի շուրջ։ Իսկ սա նշանակում է, որ մեր քաղաքական դաշտում կա մեծ բաց, վակուում, որը պետք է լցվի հենց ապագայի օրակարգեր ունեցող ուժերով ու կուսակցություններով։ Հակառակ դեպքում առաջին պլան կմղվեն նախկիններն ու նրանց հետ փոխկապակցված ուժերը, որոնք գուցե նոր դեմքերով ու նոր անուններով, սակայն իրականում կսպասարկեն հենց անցյալի, նախկինների շահերն ու օրակարգերը՝ ճանապարհ հարթելով ռևանշի համար։

Այդ տեսանկյունից կենսական կարևորություն ունի քաղաքական դաշտում նոր, առողջ ուժերի հայտնվելը, ինչը կնպաստի առողջ քաղաքական մրցակցությանը և որպես հետևանք՝ մրցունակ քաղաքական համակարգի կայացմանը։ Ընդ որում, ասվածը վերաբերում է ինչպես արտահերթ, այնպես էլ հերթական ընտրություններին։ Քաղաքական դաշտն ու քաղաքական համակարգը պետք է կայացած լինի այնքան ու այնպես, որ ցանկացած պահի պատրաստ լինի ստանձնելու երկրի ղեկավարման պատասխանատվությունը, այդ թվում՝ արտահերթ գործընթացների արդյունքում։ Մեր հիմնադրած քաղաքական ուժը՝ «Հանուն Հանրապետության» նախաձեռնությունը, առաջնորդվում է հենց այդ հավատամքով, և այո, մենք ձեր նշած պատասխանատվությունը ստանձնելու իրական հայտ ենք ներկայացնելու։ Ուզում եմ հույս հայտնել, որ առաջիկայում կծնվեն այլ նոր քաղաքական ուժեր ևս, և մենք ստիպված չենք լինի քաղաքական պայքարը վարել նախկինների կամ նրանց մնացուկների հետ՝ թե հերթական, թե արտահերթ ընտրություններում։

– Ինչպե՞ս եք վերաբերում Գերագույն դատարան ստեղծելու գաղափարին։

– Գերագույն դատարան ունենալու գաղափարը վաղուց է շրջանառվում։ Զուտ որպես գաղափար՝ այն դրական է ու ողջունելի, քանի որ դրա ստեղծմամբ Հայաստանում էապես կբարձրանա արդարադատության որակն ու արդյունավետությունը։ Ուժեղ և որակյալ բարձրագույն դատարանն է միատեսակ և արդյունավետ դատական պրակտիկայի ձևավորման գլխավոր երաշխիքը։ Բացի դրանից՝ Գերագույն դատարանի ձևավորմամբ դատական իշխանությունը կունենա արժանապատիվ բարձրագույն ատյան և ոչ թե ամուլ մի կառույց, որն իր կարգավիճակով և դատական համակարգում իր դիրքով ու ազդեցությամբ գրեթե չի տարբերվում մարզային առաջին ատյանի դատարանից։ Այս գործոնները հաշվի առնելով՝ Գերագույն դատարան ստեղծելու գաղափարը, որոշումը դրական եմ համարում, սակայն հույս ունեմ, որ այդ հարցով առաջիկայում ծավալվելիք հանրային քննարկումների ժամանակ խնդիրը կուսումնասիրվի ամենայն խորությամբ ու մանրամասնությամբ, և մենք կխուսափենք լավ գաղափարը վատ պրակտիկայի վերածելու ավանդույթից, որի նախադեպերը, ցավոք, անցյալում շատ-շատ են։

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձություններին, ապա պետք է ասեմ, որ խորապես հիասթափված եմ այն անլուրջ, մակերեսային մոտեցումից, որ ցուցաբերում է իշխանությունը երկրում գոյություն ունեցող սահմանադրական ճգնաժամի հաղթահարման, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի դատարանակազմության հույժ կարևոր գործընթացի նկատմամբ։ Բոլոր այն հռչակումները, որ ներկայացվում էին սահմանադրական ճգնաժամի հաղթահարման գործընթացի ժամանակ, ըստ էության, առոչինչ են դառնում, երբ սահմանադիր մարմինները առաջադրում են խոցելի ու ոչ միարժեք ընկալելի թեկնածուների։ Այդպիսի թեկնածուների առաջադրումը հեղինակազրկում է ինչպես սահմանադրական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված կարևորագույն գործընթացը, այնպես էլ Սահմանադրական դատարանն ընդհանրապես։ Սահմանադրական դատարանը պետության կարևորագույն ինստիտուտներից մեկն է, այն ժողովրդավարության, արդարադատության պաշտպանն ու երաշխավորն է և նրա անդամները պետք է լինեն անբասիր՝ ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնային հարթությունում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31