ԱԱՏՄ–ն մայրաքաղաքում կասեցումներ է իրականացրել
Պարետի որոշմամբ մայրաքաղաքում այսօր 24 ժամով արգելվել է «Սիթի» ընկերության մեկ մասնաճյուղի, ինչպես նաև «Առնադո» («ԴԴԴ» սպորտային համալիր) և «Ստալկեր» ընկերությունների գործունեությունը։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները նախորդիվ այս տնտեսավարողների մոտ արձանագրել էին պարետի կողմից սահմանված անվտանգության կանոնների մի շարք խախտումներ:
Մասնավորապես՝ նշված սպորտային համալիրում մարզասարքերի միջև չէր պահպանվել սահմանված հեռավորությունը, խախտվել էր յուրաքանչյուր մարզասարքի մոտ ախտահանիչ նյութ ունենալու պահանջը, նաև գրանցվել էր ախտահանման գրանցամատյան չունենալու դեպք։ Մյուս երկու ընկերությունում արձանագրվել էին աշխատակիցների և հաճախորդների կողմից դիմակ չդնելու, ջերմաչափման գրանցամատյանի վարման, ինչպես նաև մի շարք այլ խախտումներ։
Կասեցումներին զուգընթաց՝ ԱԱՏՄ անակնկալ ստուգայցերն այսօր շարունակվել են հանրապետության ողջ տարածքում։ Ստուգայցեր իրականացվել են պետական մարմինների վարչական շենքերում, բժշկական կազմակերպություններում, արտադրական ձեռնարկություններում և մանրամեծածախ առևտրի կետերում։
Կարդացեք նաև
Արձանագրված խախտումներն ուղարկվել են պարետատուն:
Գերբեռնված ուղևորափոխադրումների թվաքանակի ավելացմամբ պայմանավորված՝ ՔՏՀԱՏՄ–ն
մայրաքաղաքում ավելի է խստացրել վերահսկողական աշխատանքները
Oգոստոսի 26-ից սկսված ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն ավելի է խստացրել վերահսկողական աշխատանքների իրականացման տեմպը։ Նշենք, որ այսօր մայրաքաղաքի Կենտրոն, Նոր Նորք և Արաբկիր վարչական շրջանում Տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ՃՈ աշխատակիցների հետ համատեղ հսկողություն են իրականացրել միաժամանակ մի քանի շրջիկ կարգախմբերով՝ նաև հսկողություն սահմանելով տարբեր վարչական շրջանների առավել ծանրաբեռնված կանգառի կետերում։
Մասնավորապես՝ Բաղրամյան պողոտայում, Խանջյան փողոցում, Աբովյանի պուրակի հարակից կանգառներում, Ազատության պողոտայի ողջ երկայնքով տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության մասնագետները վերահսկել են հանրային տրանսպորտի անվտանգ գործունեության ընթացքը, որպեսզի բացառեն կամ նվազագույնին հասցնեն վերջին օրերին առավել հաճախ հանդիպող գերբեռնված փոխադրման դեպքերը։
Արդյունքում տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգում խախտումներ չեն հայտնաբերվել։
Հիմնական խախտման դեպքերը գրանցվել են կանոնավոր ուղևորափոխադրման համակարգում։ Վաղ առավոտից դիտարկվել են հարյուրից ավելի տրանսպորտային միջոցներ, որի արդյունքում հայտնաբերվել են մեկ տասնյակից ավելի գերբեռնված ուղևորափոխադրում իրականացնող միկրոավտոբուսներ և ավտոբուսներ։
Խախտումների հիմքով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
Վերահսկողական աշխատանքներին զուգընթաց իրականացվել են բացատրական և իրազեկման աշխատանքներ, առանձին դեպքերում տվել պարտադիր կատարման ցուցումներ:
ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից ամենօրյա ռեժիմով անակնկալ և ուժեղացված վերահսկողական աշխատանքները շարունակվում են մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում և ողջ հանրապետությունում։
Կասեցվել է բազմամարդ միջոցառում կազմակերպած տնտեսավարողի գործունեությունը. ՍԱՏՄ
Երկու օր առաջ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կողմից արձանագրվել էր ՀՀ պարետի որոշմամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտում. Երևանում գործող «Ոսկե Համբույր» ռեստորանում կազմակերպվել էր հարսանիք՝ 120 մարդու մասնակցությամբ: Արդյունքում՝ նաև ՀՀ ոստիկանությունը տնտեսավարողին ենթարկել էր վարչական պատասխանատվության, հարսանիքի մասնակիցների քանակը նվազեցվել էր մինչև 40 անձ, իսկ այսօր այդ հանրային սննդի կազմակերպության գործունեությունը կասեցվել է 48 ժամով:
Հիշեցնենք, որ ընտանեկան արարողությունները և ժամանցային բնույթի միջոցառումները կարող են կազմակերպվել և անցկացվել թե՛ բաց, թե՛ փակ տարածքներում, բայց ոչ ավելի, քան 40 մասնակցով՝ պահպանելով պարետի կողմից սահմանված անվտանգության կանոնները:
Պարետի որոշումների կատարման նկատմամբ իրականացվող ՍԱՏՄ վերահսկողությունը սննդի շղթայի կազմակերպություններում այժմ առավել թիրախային է. այսօր խախտումներ են արձանագրվել Երևանում դիտարկված սննդի շղթայի օբյեկտներից մեկում: Թերացումներ հայտնաբերվել են նաև մարզային ստուգայցերի ժամանակ: Գրեթե բոլոր տեղերում ոչ պատշաճ են վարել ախտահանման կամ ջերմաչափման գրանցամատյանը, մի քանիսում բացակայել է փակ աղբամանը դիմակների համար, եղել են նաև աշխատակիցների կողմից դիմակները ոչ պատշաճ կրելու դեպքեր:
ՍԱՏՄ տեսուչները արձանագրել են բոլոր խախտումները, որոնք կներկայացվեն պարետատուն:
ՍԱՏՄ-ն հիշեցնում է, որ անվտանգության կանոններից ամենաչնչին շեղումն իսկ մեծացնում է կորոնավիրուսով վարակվելու ռիսկերը: Տեսուչները կշարունակեն խորհուրդներով ու ցուցումներով աջակցել տնտեսավարողներին և առաջիկա վերահսկողության հիմնական խնդիրը կլինի հետևել կարգազանցության նվազման արձանագրված դինամիկայի պահպանմանը:
ԲԸՏՄ–ն դիտարկել է մայրաքաղաքի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի զբոսայգիները.
խախտումների նվազման դինամիկան պահպանվել է
Օգոստոսի 26-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Երևան քաղաքի Քանաքեռ-ԶԵյթուն վարչական շրջանում վերահսկողություն են իրականացրել պարետի կողմից սահմանված հակահամաճարակային անվտանգության նորմերի կատարման նկատմամբ։
Մասնագիտական խմբերը դիտարկել են Հաղթանակ զբոսայգու պատմամշակութային կոթողների հարակից տարածքները և ջրային գոտիները։ Այգում անկանոն հերթեր չեն գրանցվել, քաղաքացիները կրել են դիմակներ, սակայն երբեմն՝ ոչ ճիշտ։ Ընդհանուր առմամբ՝ պահպանվել է խախտումների նվազման դինամիկան։
Ստուգայցի ընթացքում տեսուչները հերթական անգամ բաժանել են բժշկական դիմակներ, այցելուներին տրամադրել խորհրդատվություն՝ դիմակները պարտադիր և ճիշտ կրելու, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումը կանխելու մյուս կանոնների պահպանման վերաբերյալ։
ԲԸՏՄ-ի կողմից ուժեղացված վերահսկողական գործընթացն իրականացվում է ամեն օր ՀՀ ողջ տարածքում։
Երևանում ՇՎՏՄ–ն խախտումներ չի արձանագրել
Այսօր՝ օգոստոսի 26-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կրկնայցեր է իրականացրել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում: Տնտեսավարողների մոտ պարետի սահմանած հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ խախտումներ չեն արձանագրվել:
Բենզինի ու գազի լցակայաններում, շինանյութի առևտրի կետերում առկա են եղել սոցիալական հեռավորություն պահպանելու համար արվող գծանշումները, փակ աղբամանները, ախտահանիչ նյութերը, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները: Տեսչական մարմնի աշխատակիցները հորդորել են տնտեսավարողներին խստորեն պահպանել հակահամաճարակային անվտանգության նորմերը և դրանց վերաբերվել ամենայն պատասխանատվությամբ:
Տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկում իրականացնել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
Հիշեցնենք, որ ՇՎՏՄ-ն առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում շարունակում է մշտադիտարկումներ իրականացնել պարետի՝ օգոստոսի 18-ի N 253 որոշման համաձայն:
ՀՀ կառավարություն