Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ծայրահեղ աղքատ  եւ խոցելի ընտանիքների 82.8%-ը համավարակի պատճառով չի կարողանում հոգալ սննդի կարիքները

Օգոստոս 26,2020 17:00

Ինչպե՞ս է նոր կորոնավիրուսի համավարակն ազդել ծայրահեղ աղքատ  եւ խոցելի ընտանիքների վրա: Վորլդ Վիժն-Հայաստանն իրականացրել է հետազոտություն՝  համավարակի ազդեցության գնահատում, որպեսզի բացահայտի այն հիմնական խնդիրները, որոնք առաջացել են այս ընտանիքներում՝ համավարակի հետեւանքով:  Գնահատումը կատարվել է կազմակերպության ծրագրերում ներառված ընտանիքների շրջանում։

1175 ընտանիքների շրջանում կատարված հարցումից պարզվել է՝ ընտանիքների մեծ մասը մասամբ է կարողանում կամ ընդհանրապես չի կարողանում հոգալ հիմնական կարիքները․ սննդի կարիքները՝ 82.8%-ը, ախտահանիչ նյութերի, դիմակների եւ ձեռնոցների կարիքը՝ 76.7%-ը, մաքրող ու լվացող միջոցների՝ 67.6%-ը: Երեխաների հեռավար դասընթացի համար անհրաժեշտ համակարգիչների ու բջջային հեռախոսների կարիքները չեն կարողանում հոգալ հարցվածների 76.7%-ը, իսկ  դպրոցական պարագաների (գրիչ, ներկ, տետր, քանոն, թուղթ եւ այլն), կարիքը չեն կարողանում հոգալ այս ընտանիքների 70.7%-ը:

Ըստ Վորլդ Վիժնի՝ կրթության կազմակերպման վերաբերյալ հարցումները ցույց են տվել, որ հարցվածների 80․9%-ի մոտ առկա է թվային տեխնիկական սարքավորում, բայց հարցված ընտանիքների երեխաների 13.8%-ը, այդ թվում՝  հաշմանդամություն ունեցող երեխաների 28.6%-ը, չի մասնակցել հեռավար դասերին՝ մեծամասամբ անհրաժեշտ տեխնիկական սարքերի բացակայության եւ ինտերնետ կապով ապահովված չլինելու պատճառով։

Ըստ նույն աղբյուրի՝ նշված  խմբի ընտանիքների  44.6%-ի տնտեսական վիճակը տուժել է կորոնավիրուսի բռնկումից  հետո, աշխատանքը տուժել է 46.7%-ի մոտ, իսկ հարցվածների  25%-ը որեւէ կերպ չի տուժել:  Ըստ հարցման, մինչ համավարակը, օրավարձով աշխատանքից եկամուտ էր ստանում ամեն  4-րդ ընտանիքը,  կորոնավիրուսի հետեւանքով՝  ամեն 10-րդը։ Ընդ որում, մինչ համարավարկը, արտագնա աշխատանքից եկամուտ էր ստանում  ամեն 4-րդ ընտանիքը,  իսկ վիրուսի բռնկումից հետո՝ ամեն 20-րդը։

Հարցված ընտանիքների  13.2%-ն աջակցություն (սնունդ, հիգենայի պարագաներ, հոգեբանական աջակցություն) է ստացել տեղի եկեղեցուց, հարցվածների 54.1%-ն, ըստ հետազոտության, ինչ-որ կերպ օգտվել է աջակցության ծրագրերից:

Հարցված ընտանիքների  65.1%-ն առաջարկում է որպես աջակցություն սննդի փաթեթներ բաժանել, 47.6%-ը՝ բժշկական եւ հիգիենիկ պարագաներ, 46.6%-ը՝ տեխնիկական սարքավորումներ:

Համավարակն ազդել է ընտանեկան հարաբերությունների վրա. օրինակ՝ ընտանիքների 64.4%-ի դեպքում կորոնավիրուսի բռնկումից հետո ծնողներն իրենց երեխաների նկատմամբ կիրառում են դաստիրակության առնվազն 1 բռնի մեթոդ, 58.8%- ը՝ տանը փակված վիճակում իրենց զգում են նյարդայնացած, անհանգիստ եւ ընկճված, 75.5%-ն ունի  անորոշության զգացում կորոնավիրուսի համավարակի եւ դրա հետեւանքների ու տեւողության վերաբերյալ:

Հարցված ընտանիքներում երեխաների  78%-ը համավարակի ընթացքում չի ստացել սոցիալ-հոգեբանական աջակցություն դպրոցից, իսկ 41.8%-ը  կարծում է, որ համավարակի ընթացքում հեռավար կրթության որակը եղել է վատ կամ  շատ:  Հետեւաբար, կրթության  որակը բարձրացնելու համար հարցվածների 57.4%-ը  կարծում է, որ անհրաժեշտ է տրամադրել  թվային սարքեր՝ հեռախոսներ, պլանշետներ, իսկ 45.7%-ը կարծում է, որ անհրաժեշտ է իրենց ապահովել ինտերնետով, 28%-ը կարիք ունի դպրոցական պարագաների:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31