«Եթե նույնիսկ մի դեպք էլ լինի, դա ընդհանրապես անթույլատրելի է»,- «Մեդիա կենտրոնի» կազմակերպած քննարկման ընթացքում, անդրադառնալով քրեակատարողական հիմնարկներում բռնությունների դեպքերին, ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։
Նա կարծում է, որ ոչինչ չի փոխվել քրեակատարողական ծառայությունում․ «Ավելին՝ քրակատարողական ծառայության պետին նշանակում է նորից վարչապետը։ Եվ վարչապետը ուղիղ պատասխանատվություն ունի այդ իրավիճակի համար, ոչ միայն՝ հանձին արդարադատության նախարարի, այլ նաև քրեակատարողական ծառայության պետի»։
Անդրադառնալով «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պատժախցում օգոստոսի 23-ի առավոտյան քրեակատարողական ծառայողների կողմից դատապարտյալի ծեծի ենթարկվելու դեպքին՝ Արթուր Սաքունցը նկատեց, որ համավարակի կանխման նպատակով տեսակցությունների արգելք կա, նման պայմաններում արգելված իրերի առկայությունը խոսում է աշխատակազմի ուղղակի մասնակցության մասին․ «Դուք տեսե՞լ եք ջանքեր նման աշխատակիցներին բացահայտելու կամ դրանց բացահայտման մասին հայտարարություն տարածելու մասին։ Լսե՞լ եք։ Ո՛չ։ Բնականաբար, մարդը կարիք ունի ինչ-որ իրի, բայց փակ տարածքում ո՞նց կարող է ինքն արգելված իրը դրսից ստանա։ Ծիտիկները չեն բերել, հենց աշխատակազմն է։ Եվ փոխանակ այդ ուղղությամբ քննություն կատարեն, գնում են ճնշում գործադրելու։ Սա՝ մեկ։ Երկրորդը՝ այդ ի՞նչ է տեղի ունեցել, որ 20 հոգի է անհրաժեշտ եղել։ Այդ երկուսը «չակ նորիսներ» են եղե՞լ։ Հասկացանք՝ 2-3 հոգի… բայց 20 հոգանոց, թեկուզ 10 հոգանոց հատուկ ջոկատային օպերատիվ խմբի կիրառումը պատժիչ գործողություն է, որովհետև, եթե դիմադրություն կա՝ դիմադրությունը կանխելու հնարքներ կան, որոնք չեն ենթադրում բռնության կիրառում»։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ