Լրահոս
Օրվա լրահոսը

Ժաննա Ալեքսանյան․ «Հեղափոխություն եք արել, պարոննե՛ր, հրաժարվե՛ք բռնությունից»

Օգոստոս 26,2020 16:34

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի պատժախցում օգոստոսի 23-ի առավոտյան դատապարտյալ է ծեծի ենթարկվել՝ քրեակատարողականի ծառայողների կողմից: Դրանից անմիջապես հետո, նույն հարցով ևս մեկ ահազանգ է ստացվել այն մասին, որ քրեակատարողականի ծառայողները եղել են դիմակով և գործել են խցում խուզարկություն կատարելու շրջանակում:

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ Ժաննա Ալեքսանյանը «Մեդիա կենտրոնի» կազմակերպած քննարկման ընթացքում հիշեց մեկ այլ դեպք, երբ նույն քրեակատարողական հիմնարկում ծեծի էր ենթարկվել և դանակահարվել էր քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը . «Մենք էինք առաջինը հրապարակել, և եթե մենք չհրապարակեինք, հնարավոր է, որ աղմուկ չլիներ, և որևէ մեկը չիմանար։ Ես ուզում եմ ասել, որ շատ են ահազանգերը. կալանավորները, դատապարտյալները շատ վախենում են տեղեկատվություն դուրս տալ, բայց պատմում են, որ պարբերաբար այսպիսի գործողություններ տեղի են ունենում։ Վահագն Աբգարյանի դեպքը արտառոց էր, քրեական գործ է հարուցվել, սակայն 6 ամիս անց ո՛չ կասկածյալ կա, ո՛չ մեղադրյալ։ Փակ համակարգում այդ ամենը պարզելը րոպեների հարց է ուղղակի, հատկապես, որ բոլորը գիտեն, թե ով ինչ է արել։ Եվ ի՞նչ արեցին, ընդամենը «Նուբարաշենի» պետին տեղափոխեցին «Գորիսի» քրեակատարողական հիմնարկ, այնտեղ դարձրեցին էլի պետ»։

Նրա խոսքով՝ չկա ո՛չ դատախազական, ո՛չ պատգամավորական վերահսկողություն։ Իսկ պարզաբանումները, ըստ նրա, կեղծ են․ «Ինձ բավականին մանրամասն նկարագրել են ծեծվածների, բռնության ենթարկվածների վիճակը, ծանր վիճակ է։ Համարում եմ, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պարտավոր էր բացատրել, թե ինչու են իր ենթակայության տակ գտնվող քրեակատարողական հիմնարկներում բռնությունների այդպիսի դեպքեր լինում, և փարատել այն կասկածները, որ այլևս դրանք չեն կրկնվելու։ Բայց դրա փոխարեն նրանք տարածել են մի պարզաբանում, որը ոչ մի քննադատության չի դիմանում։ Եթե դուք 20 հոգանոց հատուկ ջոկատայիններ եք խուց ուղարկում, ո՞վ պետք է ձեզ դիմադրի, չեմ հասկանում՝ ի՞նչ դիմադրության մասին է խոսքը, ի՞նչ համաչափ ուժի կիրառման մասին է խոսքը։ Ինչքա՞ն կարելի է այդ կեղծ արտահայտությունները շրջանառության մեջ դնել»։

Ժաննա Ալեքսանյանն ընդգծեց, որ չի հիշում, որ նախկին իշխանությունների ժամանակ որևէ կալանավորի դանակահարեին, ինչպես Վահագն Աբգարյանին․ «Սա ինձ խորհրդային ժամանակներն է հիշեցնում՝ «սամասուդի» ձևը, որ բերդի ներսում կարող են մարդիկ փակված, անպաշտպան վիճակում, հատուկ ջոկատայիններ ուղարկես, որ նրանց ջարդեն-փշրեն, հետո էլ ասես, որ քրեական ենթամշակույթի դեմ ես պայքարում։ Ես ընդհանրապես խիստ քննադատում եմ արդարադատության նախարարին։ Թո՛ղ հրաժարվի, որ քրեակատարողական հիմնարկները իր ենթակայության տակ են։ Մենք գիտենք, որ դա միշտ մի ինքնուրույն կառույց է եղել, և ինչպես ուզել են, ինչ ուզել են, արել են, ում ուզել են ծեծել են, տարել են։ Բայց հիմա հեղափոխություն եք արել, պարոննե՛ր, հրաժարվե՛ք բռնությունից»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31