Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանի Թուրքիան պետք է կանգնեցվի

Օգոստոս 26,2020 22:00

Այս շաբաթ Եվրամիության անդամ-երկրների արտգործնախարարները պետք է հավաքվեն եւ քննարկեն Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցը։ Համենայնդեպս, այդպես է հայտարարել Բրյուսելի գլխավոր դիվանագետը՝ Ժոզեպ Բորելը։

Դժվար է ասել, թե ինչ պատժամիջոցների մասին է խոսքը, եւ ինչ են փոխելու այդ ենթադրյալ պատժամիջոցները, սակայն պարզ է, որ եվրոպացիների կողմից սխալ հասկացած «կառուցողականությունը», որը նրանք որդեգրել են՝ հաստատապես սխալ են հասկացել եւ հասկանալու նրանք բոլորը, ովքեր, մեղմ ասած՝ տրամադրված չեն խաղալ ըստ կանոնների։

Թուրքերը որոշել են, որ Միջերկրական ծովի Արեւելյան մասում իրե՛նք են հեգեմոնը, իսկ մնացածը պետք է ձայնները կտրեն եւ «հարգեն» նրանց բոլոր ոտնձգություններն ընդդեմ հաստատված միջազգային ծովային սահմանների։ Եվ թուրքերը դա որոշել են այն բանից հետո, երբ որոշել են, որ իրենց անվտանգության սահմաններն ավելի հեռու են, քան Թուրքիայի պետական սահմանները՝ Բալկաններ, Մերձավոր Արեւելք, Կովկաս։ Ավելին, նրանք որոշել են, որ հենց իրենք են առաջնորդում թե՛ բոլոր թյուրքերին, թե՛ բոլոր մուսուլմաններին։ Իրենց այդ մտադրությունների վճռականությունը նրանք դրսեւորում են ուժի եւ արհամարհանքի ցուցադրմամբ։

Իսկ հիշո՞ւմ եք, թե ինչ լավ էր ամեն բան սկսվում. «զրո խնդիր հարեւանների հետ», «հավերժ խաղաղություն», Չավուշօղլուն Անթալիայում երգում էր «We are the World» եւ այլն։ Եվ այս ամենը վերջացավ, քանզի, ըստ թուրքերի՝ մեղավոր են բոլորը, բացի իրենցից, վատն են բոլորը, բացի իրենցից։ Հետեւաբար, բոլորը «բանի պետք չեն», «արժանի չեն», բացի իրենցից։ Դուք համաձայն չե՞ք, այդժամ նրանք գալիս են ձեր հետեւից՝ ապացուցելու, որ դո՛ւք եք մեղավոր, որ դուք սխալ եք, նրանք՝ ճիշտ։

Ո՞վ է այս խելագարության հեղինակը, Էրդողա՞նը։ Խնդիրն այն է, որ Էրդողանը չէ խնդիրը, ոչ էլ մանավանդ իրավիճակի հեղինակը կամ ճարտարապետը։ Էրդողանը համակարգային հիվանդության ցայտուն ախտանիշն է եւ հետեւանքը, իսկ հիվանդությունը՝ Արեւմուտքի քաղաքական դասի բարոյական ճգնաժամն է։ Ոչ թե Էրդողանն է «խելացի» եւ «հզոր», այլ Արեւմուտքն է քաղաքականապես կույր, վախվորած եւ մորթապաշտ, ամեն բան էժան վաճառելու պատրաստ եւ անպատասխանատու։ Ահա սա՛ է այն «կառուցողական» միջավայրը, որի վրա պարազիտանում են թերուս, տգետ բռնապետները, որոնց սկսում է թվալ, թե իրենց տրված է «պատմություն կերտել», պատմություն, որի խորհուրդը նրանք այդպես էլ չեն հասկացել։

Իսկ մինչ օրս Էրդողանն ամեն ինչ արեց, արեց այն, ինչ ուզում էր, ինչպես ուզում էր, եւ Եվրոպան ամեն ինչ «կերավ» եւ, ըստ էության, ձայն չհանեց, երեւի թե հուսով, որ «ինքն իրենով կանցնի», «պետք է կառուցողական լինել» եւ այլն։

Այսօր Եվրոպան այլ ընտրություն չունի, քան ուժ եւ կամք ցուցադրելը, քանզի Հունաստանը եւ Կիպրոսը կանգնած են գոյաբանական վտանգի առաջ եւ պատրաստ են մարտնչել։ Իհարկե, Եվրոպան կարող է եւ ոչինչ չանել, ինչպես 1919-1922 թվականներին, երբ ռուսների բուծած Քեմալն ավարտին էր հասցնում հույների եւ հայերի ցեղասպանությունը Փոքր Ասիայում, Հայկական լեռնաշխարհում եւ Կիլիկիայում։ Եվրոպան կարող է նաեւ արհամարհել այն հանգամանքը, որ արաբական դաշնակիցներ ունի (ո՞վ է հիշում Սայքսին եւ Պիկոյին…), որ Իսրայելն է ուղղակի դաշնակից, որ կգա մի օր, երբ Արաբական Էմիրությունների ռազմաօդային ուժերը կգան պաշտպանելու Կրետե կղզին թուրքերից: Սակայն սա այն դեպքն է, երբ միակ սխալ քայլը, որը հնարավոր է՝ դա ոչինչ չանելն է։

Պատրա՞ստ է, արդյոք, Եվրոպան այսօր ձեւակերպել, որ Թուրքիան սպառնալիք է, եւ ըստ այդմ քաղաքականություն կառուցել։ Իսկ դա նշանակում է առնվազն զրոյի հասցնել ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցությունը եւ կանգնեցնել թուրքական արտահանումը Եվրոպա, դադարեցնելով ազատ առեւտրի ռեժիմը (Արեւելյան գործընկերությունը՝ այլընտրանք), վտարելով «հինգերորդ շարասյունը»՝ հանձինս Էրդողանի կողմից վարձատրվող «իմամ»-պրոպագանդիստների։ Պատրա՞ստ են, արդյոք, ՆԱՏՕ-ի եվրոպական դաշնակիցները պաշտպանել Եվրամիության սահմանները թուրքական «ատրճանակներից», որոնք նրանք դրել են Եվրոպայի ճակատին ծովից եւ ցամաքից։ Բոլոր հնարավորությունները կան, ավելի քան, բայց կանե՞ն, թե՞ կլինեն «կառուցողական», ինչպես 30-ականներին… Միայն Աստված գիտի։

…500 եւ քիչ ավելի տարի առաջ մինչ Եվրոպայում «կառուցողական» վեճեր էին գնում, թե սրբապատկերներն աստվածահաճո են, թե ոչ, եկեղեցական որ հիերարխի անունն ինչ հերթականությամբ պետք է ծեսերի ժամանակ տան կամ չտան, ով է առաջինը եւ ով է վերջինը՝ վայրենի քոչվորները փակել էին Մեծ Մետաքսի ճանապարհը, իսկ մյուս քոչվորները գրավել էին Կոստանդնուպոլիսը եւ փակել ճանապարհը դեպի Պարսկաստան եւ Հնդկաստան…

Այսօր նրանք ուզում են գերիշխանություն հաստատել Սուեզի ջրանցքից հյուսիս եւ հարավ, այսօր նրանք բացահայտ ցույց են տալիս, որ թքած ունեն ամեն ինչի եւ ամենքի վրա՝ եւ Արեւելքի, եւ Արեւմուտքի վրա, ե՛ւ արեւելյան, ե՛ւ արեւմտյան սրբությունների վրա։ Մուսուլմաննե՞ր։ Էրդողանի «աղանդը» նույնքան «մուսուլման» է, որքան չեկիստները՝ «քրիստոնյա»։ Երեկ նրանք ներկայանում էին որպես «խնդիրներ լուծող», սակայն այսօր՝ որպես խնդիր, գլխացավանք, մարտահրավեր։ Ուստի, ասելիք եւ անելիք ունեն ե՛ւ «Արեւելքը», ե՛ւ «Արեւմուտքը», իսկ չակերտներով, քանզի այսօր հստակ չէ, թե Արեւելքն ու Արեւմուտքը որն է, բայց հստակ է, թե ո՛րն է Քաղաքակրթությունը եւ հակաքաղաքակրթությունը։ Դրա չափանիշն է մարդը եւ վերաբերմունքը մարդու նկատմամբ։ Եվ ուրեմն, Էրդողանի Թուրքիան օր առաջ պետք է կանգնեցվի. դա՛ է Քաղաքակրթության հրամայականը։

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.08.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31