«Տեղեկացված եմ, որ նշանակված է դատական նիստ, սակայն չեմ կարող մասնակցել առողջական վատ վիճակի պատճառով: Համաձայն եմ, որպեսզի նիստը կայանա իմ պաշտպանների ներկայությամբ»,-Երեւանի ընդհանուր իրավասության դատարանին այսօր ՔԿՀ-ից նման գրություն էր հղել ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը: Այսօր նրա եւ նրա եղբորորդու՝ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության նախկին ղեկավար Կարեն Խաչատրյանի գործով առաջին նախնական դատական նիստն էր:
Հիշեցնենք, որ Գագիկ եւ Կարեն Խաչատրյանները մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման և պաշտոնեական կեղծիքի համար, երկուսն էլ մեղադրանքը չեն ընդունում: Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանն ավելի վաղ Aravot.am-ին տեղեկացրել էր, որ 64-ամյա Գագիկ Խաչատրյանը ողնաշարի ստենոզի անհապաղ վիրահատական բուժման կարիք ունի: Նախորդ տարի նա քննիչի կանչով ընդհատել էր բուժումը Գերմանիայում եւ վերադարձել ՀՀ, իսկ այս տարվա hուլիսին ՄԻԵԴ-ը կիրառեց միջանկյալ միջոց՝ պահանջելով ՀՀ կառավարությունից ապահովել Գագիկ Խաչատրյանի անհապաղ բուժումը քաղաքացիական հիվանդանոցում:
Այսօրվա նիստում դատարանը պետք է քններ կալանավորման օրինականության եւ հիմնավոր լինելու հարցը. վաղը լրանում է Խաչատրյանի՝ նախաքննության ընթացքում կալանավորված լինելու մեկ տարին: Մինչ այդ Գագիկ Խաչատրյանի պաշտպաններ Ամրամ Մակինյանը եւ Երեմ Սարգսյանը բացարկի միջնորդություն հայտնեցին գործով մեղադրող-դատախազ Գեւորգ Սարգսյանին: Երեմ Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ օբյեկտիվ եւ անաչառ մեղադրողը կոնկրետ փուլում պետք է հրաժարվի մեղադրանքից, սակայն մեղադրող Գեւորգ Սարգսյանի ներկայությունը նման հույս չի տալիս իրենց. «Նախաքննության ընթացքում խայտառակ ապօրինություններ եւ կանխակալ դիրքորոշումներ են եղել բոլոր պետական մարմինների կողմից: Մեզ գործի նյութերին պատշաճ ծանոթանալու հնարավորություն չի տրվել, մեր դիմումը դատախազը մերժել է»:
Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատավորը որոշեց դատախազ Գեւորգ Սարգսյանին ներկայացված բացարկի միջնորդությունը մերժել:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ