Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղի հյուրանոցում 2 օրում բյուջեի հաշվին 1մլն 698 հազար դրամի հաշիվ են փակել. ՀՀԿ-ականների ճոխ գործուղումները

Օգոստոս 26,2020 15:54
restotan

«Առավոտը» Ազգային ժողովի աշխատակազմին հարցում էր արել՝ պարզելու, թե հեղափոխությունից առաջ՝ 2017-ի ապրիլից մինչեւ 2018-ի ապրիլն ընկած ժամանակահատվածում եւ հեղափոխությունից հետո՝ 2019-ի հունվարից մինչեւ 2020-ի հունվարն ընկած ժամանակահատվածում, այսինքն՝ ուղիղ 1 տարվա ընթացքում 6-րդ եւ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորները որքա՞ն գումար են ծախսել գործուղումների վրա,   յուրաքանչյուր գործուղման ծախսը որքա՞ն է կազմել՝ ավիատոմս, հյուրանոց, նաեւ՝ գործուղումների ճանապարհածախսը, կեցությունը բյուջեի՞ հաշվին է եղել, թե՞ հոգացել է հրավիրող կողմը:

Մենք արդեն հրապարակել ենք իմքայլական պատգամավորների գործուղումների մասին ուշագրավ փաստերը, հիմա անդրադառնանք նախկին իշխանությունների՝ ՀՀԿ-ականների գործուղումներին:

Նշված ժամանակահատվածում առաջին եւ ամենատարօրինակ ծախսը բյուջեի հաշվին եղել է 2017-ի հուլիսի 11-13-ը Ստեփանակերտ կատարած այցը: 14 հոգանոց պատվիրակություն է մեկնել Արցախ ու 14-ի թվում ոչ մի պատգամավոր չկա, հանրությանն անհայտ անձինք են՝ Արամայիս Սանասարյան, Տիգրան Գեւորգյան, Արտակ Իսկանդարյան, Արթուր Հովհաննիսյան, Սուրեն Ադոնց եւ այլն: Վերջիններս, մեր տեղեկություններով, վարորդ են աշխատել: Ու այդ ժամանակահատվածում պատգամավորների գործուղում Ստեփանակերտ չկա, որ ենթադրենք՝ ուղեկցել են «շեֆերին»: Հիմա ինչն է ուշագրավ այս գործուղման մեջ: Արամայիս Սանասարյանը չգիտենք ինչեր է պատվիրել, ինչ ծառայություններից է օգտվել, բայց Ղարաբաղի հյուրանոցում 2 օրվա համար 1մլն 698 հազար 740 դրամ հաշիվ է փակել՝ բյուջեի հաշվին: Գործուղումը եղել է ԱԺ նախագահի «Կ-163-Ա» կարգադրությամբ: Սովորաբար ԱԺ նախագահի կարգադրությունները զետեղվում են խորհրդարանի կայքում՝ Parliament.am-ում, սակայն կոնկրետ այս կարգադրությունը բացակայում է կայքից: Մենք ԱԺ աշխատակազմին նոր հարցում ենք արել՝ խնդրելով գտնել ու տրամադրել նշված կարգադրությունը եւ տեղեկացնել, թե ԱԺ աշխատակազմում ի՞նչ պաշտոն են զբաղեցրել նշված անձինք:

Նախկին իշխանական պատգամավորների գործուղումների ճոխ ծախսերի, բիզնես դասով տոմսերի մասին մանրամասները կարդացեք «Առավոտ» օրաթերթի վաղվա համարում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31