Միացյալ Նահանգները նախազգուշացրել է Ռուսաստանին՝ սպասվող կոշտ պատժամիջոցների մասին, եթե հաստատվի Ալեքսեյ Նավալնիին թունավորելու հարցում Ռուսաստանի իշխանությունների մասնակցության վարկածը: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանը Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը տեղեկացրել է, որ այդ դեպքում «Վաշինգտոնը լուրջ միջոցներ կձեռնարկի, որոնց ֆոնին կխամրի ամերիկյան հանրության արձագանքը՝ 2016 թ․ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության նկատմամբ», -ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Ինչպես հաղորդում է BBC-ն՝ ԵՄ առաջնորդները եւս դատապարտել են Նավալնիի թունավորումը և ՌԴ իշխանություններին կոչ են արել մանրակրկիտ հետաքննություն իրականացնել: ԵՄ քաղաքական գործիչները հիշատակում են Ալեքսանդր Լիտվինենկոյի թունավորումը, Սերգեյ Սկրիպալի դեմ մահափորձը Մեծ Բրիտանիայում և կոչ են անում նոր պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի դեմ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Նավալնիի կողմնակիցների մեղադրանքները Կրեմլի և անձամբ նախագահի դեմ, որակել է որպես «դատարկ աղմուկ»:
Հիշեցնենք, որ Նավալնին գտնվում է Գերմանիայի «Շարիտե» կլինիկայում և դեռ կոմայի մեջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ