Ինչպես հայտնել էինք, փաստաբանական գրասենյակներից մեկի փաստաբաններն այսօր լրագրողների հետ հանդիպմանը բարձրաձայնեցին այն իրավական խնդիրները, որոնք մատնանշել են իրենց դիմած՝ կորոնավիրուսից մահացածների հարազատները: Փաստաբան Սյուզաննա Խչեյանն էլ այսօր ներկայացրեց հարցի սոցիալական կողմը: «Պետական մարմինները կամ դրանց աշխատակիցներն իրենց գործառույթները պատշաճ չեն կատարել: Հարազատները նշում են, որ կատարել են ծախսեր, մինչդեռ պետությունը փոխհատուցում չի տվել: Ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց աջակցություն չի տրվել: Եթե չլինեին հարազատներն ու բարեկամները, նրանք կարող էին, իրենց խոսքով, սովից մահանալ»,-ասաց փաստաբանը:
Տիկին Խչեյանի խոսքով. «Մեկուսացածները պնդել են, որ պետական կառույցներից իրենց ուղղակի զանգել եւ ճշտել են՝ պահպանո՞ւմ են մեկուսացման կանոնները: Արձանագրվել է դեպք, երբ կորոնավիրուսից մահացած անձի ընտանիքի 7 անդամներից թեստավորել են միայն 2-ին, որոնց մոտ էլ հաստատվել է: Ընտանիքը մեկուսացվել է երկու շաբաթով եւ տանից դուրս չի եկել, սակայն այդ ընթացքում որեւէ պոլիկլինիկայից չեն այցելել, կամ հեռախոսակապով բուժման հետ կապված գործողություններ չեն կատարել: Մարդիկ ինքնաբուժությամբ են զբաղվել: Ինչ վերաբերում է սննդի եւ առաջին անհրաժեշտության իրերի մատակարարմանը, խնդիրը լուծվել է բացառապես հարազատների միջոցով: Թեեւ պարետատնից զանգել են ու հարցրել՝ սննդի կարիք ունե՞ն, պատասխանել են, որ այո, սակայն աջակցություն չեն ստացել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ