Հարցին, թե արդյոք Հայաստանն ունի՞ սեփական տեղեկատվական արբանյակ տիեզերք ուղարկելու ծրագրեր, ինչպես Ադրբեջանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը պատասխանեց, որ Հայաստանը արբանյակային ծառայություններ գնում է եւ որոշակի ուղղություններով մատուցում: «Այս պահին Հայաստանի համար նպատակահարմար չէ ունենալ մեկ ամբողջական արբանյակ: 100-150 միլիոն դոլարը սկզբի թիվն է, եւ գումարները կարող են շատ ավելի շատ աճել: Այս առումով մենք պետք է տեսնենք՝ դրանք իրացվելո՞ւ են, թե ոչ: Կան առաջարկներ, որպեսզի համապատասխան ուղեծրերն օգտագործվեն, եւ Հայաստանը նույնպես այդ արբանյակները համաօգտագործի»,-ասաց նախարարը:
Նա լրագրողների հարցերին պատասխանեց այսօր կազմակերպված ասուլիսում , որտեղ ամփոփեց տարին: Պատասխանելով հարցին՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտը ՀՆԱ-ի քանի՞ տոկոսն է կազմում, պարոն Արշակյանն ասաց, որ 2019-ին կազմել է ՀՆԱ-ի 2,4 տոկոսը, որն առաջին կիսամյակի թվերով արդեն իսկ հատել է 3 տոկոսի շեմը։ Ըստ նախարարի, այս թվերի մեջ դեռեւս ներառված չէ հեռահաղորդակցության ոլորտը:
Նախարարը վստահեցրեց, որ IT ոլորտի ընկերություններին արտոնություններ տալն արդյունավետ է ու արդարացված։ Նախարարի կարծիքով, կառավարությունը պետք այնպիսի քաղաքականություն վարի, որն է’լ ավելի կաջակցի IT ոլորտի ընկերություններին։
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ