Օգոստոսի 26-ին, ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի երկու փրկարարական և կինոլոգիական խմբերը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ և Բուժապահովման վարչության հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Ռայնիսի փողոցի թիվ 1 քառահարկ պանելային բնակելի շենքում։ Մասնակի փլուզվել է հինգերորդ շքամուտքում գտնվող 12 բնակարան։
Փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկական միջոցներ, շենքի փլուզված հատվածից և հարակից բնակարաններից իրականացրել են 19 քաղաքացու տարհանում։
Կարդացեք նաև
Կինոլոգիական խումբն իրականացնում է որոնողափրկարարական աշխատանքներ։
Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում ժամը 08։20-ի սահմաններում փլատակներից դուրս է բերվել երկու տուժած քաղաքացի, ովքեր հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր․ տուժած Սվետլանա Ս․-ի (ծնված 1949 թ․) առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, իսկ տուժած Էդգար Մ․-ինը (ծնված 1979 թ․)՝ ծայրահեղ ծանր։
Ժամը 13։01-ին՝ մոտ հինգ ժամ շարունակվող որոնողափրկարարական աշխատանքներից հետո, փրկարարներին հաջողվեց փլատակներից դուրս բերել Արթուր Ղ․-ի (ծնված 1962 թ․) դին։
Բնակելի շենքի վթարային վիճակն ուսումնասիրելու նպատակով անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացվել է օդային հետախուզություն և մշտադիտարկում։
«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից շենքի բոլոր մուտքերում և բնակարաններում կատարվել է ակնադիտական հետազոտություն։
Փրկարարական աշխատանքները շարունակվում են․ դեպքի վայրում են գտնվում 72 փրկարար ծառայող, ԱԻՆ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի 10 աշխատակից, ոստիկանության, շտապօգնության և այլ ծառայությունների ներկայացուցիչներ։
Տարհանման և որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավվել են ինժեներական տեխնիկա (ավտոկռունկ, ինքնաթափ, ավտոզամբյուղ), ինչպես նաև՝ ոստիկանության հատուկ տարհանման ծառայության ավտոքարշակը։
Դեպքի վայրում հերթապահում են շտապօգնության երեք ավտոմեքենա․ անհրաժեշտության դեպքում քաղաքացիներին տեղում ցուցաբերում են համապատասխան օգնություն։
Դեպքի վայրում են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն