Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայփոստը» պատրաստվում է դուստր կազմակերպություն հիմնել Չինաստանում. ԲՏԱ նախարար

Օգոստոս 26,2020 13:31

«Մշակման փուլում է «Հայփոստի» զարգացման նոր ռազմավարությունը»,-այսօր ասուլիսում այս մասին հայտնեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։ Նախարարը տեղեկացրեց, որ «Հայփոստը» պատրաստվում է դուստր կազմակերպություն հիմնել Չինաստանում: Բացի այդ, վերաբացվել է ԱՄՆ Դելավեր նահանգում գործող «Հայփոստի» դուստր կազմակերպությունը, ինչն, ըստ պարոն Արշակյանի, կխթանի առեւտրաշրջանառությունը Միացյալ նահանգների հետ։

«Փոստային բաժանմունքները կգործեն ըստ իրավիճակի եւ այս պահին ամբողջ ծավալով իրենց ծառայություններն են մատուցում: Մենք խնդրել ենք, որ փոստի գրասենյակներում կուտակումներ չլինեն, դրանցից խուսափելու համար կարող են որոշակի անհարմարություններ ստեղծվել, բաժանմունքում գտնվողների թիվը սահմանափակվելու է, օրվա ընթացքում կատարվելու է ախտահանում, եւ, կարծում եմ, մեր քաղաքացիները ըմբռնումով կմոտենան այս փաստերին»,ասաց պարոն Արշակյանը:

Ըստ նրա՝ ներկայումս ընթացքի մեջ են Ռուսաստանի փոստային ծառայության հետ երկկողմ բանակցությունները, ինչի արդյունքում, ըստ նախարարի, զարգանալու են փոստային տարատեսակ լոգիստիկ ծառայություններ։
Նրա խոսքով, դրամական փոխանցումներին կներգրավվեն Հայաստանի 800 փոստային բաժանմունք, իսկ Ռուսաստանում՝ 30 հազար սպասարկման կետեր:

Հակոբ Արշակյանն ասաց, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ միասին «Հայփոստը» թվայնացրել է կենսաթոշակային փոստային անկանխիկ վճարումների համակարգը։ Իսկ Տավուշի մարզի Բարեկամավան գյուղում վերջերս բացվել է «Հայփոստի» նոր տիպի բաժանմունք:

«Բարձրացվել են Հայաստանի փոստային կապի ազգային օպերատորի շուրջ 1300 աշխատակիցների աշխատավարձերը՝ 20-25 տոկոսով», – ասաց նախարարը։

«Այսօր հանդիպում ենք ունեցել հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների հետ եւ հավաստիացել ենք, որ տեխնիկական սպասարկման, ինչպես նաեւ հեռահաղորդակցության ապահովման թե՛ համացանցի, թե՛ բջջային ծառայությունների տեսանկյունից մենք որեւէ խնդիր չունենք: Այն խոցելի տեխնիկական օղակները, որտեղ հնարավոր են որոշակի ռիսկեր, ամբողջությամբ բացահայտված են, եւ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, որպեսզի մասնագետների փոխարինում ապահովվի»,-նշեց Հակոբ Արշակյանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31