Փաստաբանների պալատում լրագրողների հետ հանդիպմանն այսօր փաստաբան Վահան Հովհաննիսյանը ներկայացրեց կորոնավիրուսից մահացածների հարազատների հետ վերջին ամիսներին շփումների արդյունքում արձանագրված խնդիրները՝ տեղեկացնելով, որ ստանձնելու են հարազատների շահերի պաշտպանությունը եւ հասնելու են նրան, որ պետությունը նյութական փոխհատուցում հատկացնի վերջիններիս: Հովհաննիսյանը նախ հիշեցրեց՝ դեռեւս հունիսին ինքը հայտարարեց, որ ՀՀ-ում դատավարական-քրեաիրավական ճանապարհով կորոնավիրուսից մահացած անձ գոյություն չունի, հետեւաբար՝ ՀՀ որեւէ պաշտոնյա երբեւէ չի կարող քրեական հետապնդման/պատասխանատվության ենթարկվել կորոնավիրուսի հետեւանքների, ոլորտի բացթողումների/խախտումների համար:
«Իրավական հիմնավորումը հետեւյալն է՝ եթե տեղի չի ունենում դիահերձում (վարակի տարածումը կանխելու նպատակով օրենքով արգելվեց կորոնավիրուսից մահացածների դիահերձումը-խմբ.), ապա հնարավոր չէ պարզել կորոնավիրուսի եւ մահվան միջեւ անմիջական պատճառահետեւանքային կապի առկայությունը: Եթե չկա մահվան պատճառը փաստող միակ ապացույցը՝ դիակի դատաբժշկական փորձաքննությունը, հետեւաբար, հնարավոր չէ հավաստել, որ մահը կորոնավիրուսի հետեւանք է»,-նշեց Վահան Հովհաննիսյանը: Նա հավելեց. «Պաշտոնական վարկածով կորոնավիրուսից մահացածերի հարազատների հետ շփումների արդյունքում արձանագրեցինք, որ առկա են ոլորտի իրավական/սոցիալական խնդիրներ: Թեպետ դեպքերն ունեին անհատական բնութագրիչներ, կային նաեւ միասնական գծեր, մասնավորապես՝ պաշտոնական վարկածով հիվանդանոց տեղափոխված եւ այնուհետեւ կորոնավիրուսից մահացածների դրական թեստերը հարազատները բոլոր դեպքերում չեն տեսել՝ որքան որ մենք ենք ունեցել նման դեպք: Հիվանդանոց տեղափոխվելուց հետո հարազատները որեւէ կապ չեն ունեցել նրանց հետ, այդ թվում՝ տեսազանգ եւ հեռախոսազանգ: Հարազատները չգիտեն, թե անձի կենսաբանական մահը որ ժամին է գրանցվել, թե մահն ինչի հետեւանքով է եղել: Բոլոր դեպքերով մահանալուց հետո ազգականին չեն տեսել, իսկ դին հանձնվել է փակ՝ կնիքված դագաղով, իսկ որոշ դեպքերում՝ հուղարկավորությանը չեն մասնակցել: Սա ֆանտաստիկայի ժանրից չէ, դեպքերը փաստաթղթավորված են»:
Վահան Հովհաննիսյանի խոսքով՝ այլ արտառոց դեպքեր էլ են եղել. «Անձի մոտ արձանագրվել է կորոնավիրուս, տեղափոխվել է հիվանդանոց եւ հետագայում մահացել, իսկ ընտանիքը պարտադիր մեկուսացման չի ենթարկվել: Ունենք դեպք, երբ քաղաքացին անձամբ է կատարել վճարումները հարազատի համար, կամ անձը ինսուլտի ախտանիշներով տեղափոխվել է նյարդաբանական բաժանմունք՝ կորոնավիրուսի բացասական թեստով, իսկ հիվանդանոցում գտնվելու երրորդ օրը նրա մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Հարազատների կարծիքով՝ նա հիվանդանոցում է վարակվել: Հարազատների մոտ դժգոհություն, զայրույթ կա, պատճառը՝ դեպքերի անորոշությունը, անգիտությունը. նրանց որեւէ փաստաթուղթ չի տրվել այն մասին, թե երբ եւ ինչի հետեւանքով է տեղի ունեցել իրենց հարազատի մահը: Միակ փաստաթուղթը, որը տալիս են, մահվան վկայականն է, որում կա դասակարգիչ-ծածկագիր: Անգամ համացանցում չեք կարող գտնել, թե դա ինչ է նշանակում: Եթե իրավաբաններն ու մասնագետները տեղյակ չեն դրանից, հարազատներն ինչպե՞ս իմանան, թե անձն ինչից է մահացել»:
Ամփոփելով՝ Վահան Հովհաննիսյանն արձանագրեց, որ տեղի է ունեցել անձանց կյանքի իրավունքի խախտում եւ ոտնահարում. «Մահվան հանգամանքների հետաքննությունը պետության պոզիտիվ պարտավորությունն է, որը չիրականացնելով՝ վերջինս խախտել է անձանց կյանքի իրավունքը: Մենք գտնում ենք, որ պարտավորությունը չկատարելը ներառում է առերեւույթ հանցագործության հատկանիշներ, որի առնչությամբ մենք հանդես ենք գալու հանցագործության մասին հաղորդմամբ: Հիվանդանոցային մահվան ցանկացած դեպքով ոստիկանությունը պարտավոր է ներկայանալ եւ նյութեր նախապատրաստել՝ զննել մատյանը, բացատրություն վերցնել մահացածի հարազատներից եւ նշանակել դատաբժշկական եզրակացություն, ստանալ եզրակացություն այն մասին, որ մահը բնական երեւույթի արդյունք է, կազմել եզրակացություն՝ քրեական գործը հարուցելը մերժելու մասին: Սա նորմալ ընթացակարգն է՝ մահվան բոլոր դեպքերում: Անգամ դժբախտ պատահարների դեպքում, երբ հիվանդանոց ենք դիմում, ոստիկանության աշխատակիցն է գալիս, եւ քաղաքացիների դժգոհությունն է հարուցում այն փաստը, որ ոստիկանն այդ իրավիճակում հարցեր է տալիս: Իսկ կորոնավիրուսի դեպքում ոստիկանությունը չի կատարում իր պարտավորությունը, որեւէ պետական մարմնի կողմից որեւէ գործողություն չի կատարվում, հետաքննություն տեղի չի ունենում»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ