Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական իրականության մեջ հասունանում է «հեղափոխություն, թե աշխատանք» ընտրությունը. Մարինե Սուքիասյան

Օգոստոս 26,2020 12:53

Հեղափոխությունը ուներ հաջողության մեկ ճանապարհ՝ հնարավորինս արագ վերջացնել հեղափոխությունը և սկսել աշխատել։ Չարվեց հենց դա։

Տարբեր ոլորտներից բերենք մի քանի պարզ օրինակ՝ տապալված աշխատանքի և, որպես հետևանք, չվերջացող հեղափոխության պատմությունից։

Դրվագ առաջին

Հեղափոխական կորիզի անդամ Արայիկ Հարությունյանին վստահվել է միանգամից չորս ոլորտ։ Այսօր ամբողջ Հայաստանը խոսում է նոր կրթական տարվա ուղեցույցի մասին։ Իրականում այդ ուղեցույցը փաստաթուղթ է՝ պատասխանատվությունը սեփական անձից ուրիշների վրա գցելու մասին։

Թեման ունենալու է լուրջ հետևանքներ իշխանության համար, քանի որ խոսքը տասնյակ հազարավոր երեխաների առողջության մասին է։ Հայկական իրականության մեջ սա սակարկման ենթակա չէ։

Իսկ այս ամբողջ պատմության հիմքում Արայիկ Հարությունյանի՝ ամիսներ ի վեր չաշխատելն է։ Պետությունը, ի դեմս ԿԳՍՄՆ-ի,  նոր ուսումնական տարվան ներկայանում է անպատրաստ, այն վատնել է նախապատրաստական մի քանի շատ կարևոր ամիս։ Ընդհուպ մինչև վերջերս դպրոցների փակ էին՝ անշունչ հաստատություններ, բայց պետք է լիներ լրիվ հակառակը՝ պետությունը հատ-հատ պետք է ուսումնասիրեր և գնահատեր բոլոր դպրոցների հնարավորությունները, տաներ նախապատրաստական ծավալուն աշխատանք։

Հեղափոխական աշխատանքը կլիներ, եթե դպրոցներում դասերը սկսվեին բացօթյա՝ օգոստոսի կեսերից, եթե դպրոցական բաց և կիսաբաց/մարզական տարածքները վերափոխվեին դասասենյակների, եթե դպրոցներում լուսամուտներ ու դռներ փոխվեին/ավելացվեին, եթե համայնքներն իրենց այգիներն ու այլ բացօթյա տարածքներ հատկացնեին դպրոցներին՝ այդ նպատակով, և այլն, և այլն.նախարարությունը տեղական իշխանությունների հետ ինտենսիվ համագործակցության արդյունքում կարող էր ստանալ լրիվ այլ վիճակ։ Բայց դրա համար պետք էր աշխատել։

Վերջին շաբաթների ընթացքում հայաստանցիները պտտվում էին երկրի տարբեր մարզերով՝ ամենուր, ամեն գյուղում, քաղաքում հանդիպելով առանց զբաղմունք, առանց դիմակ խմբված երեխաների։ Ինչո՞ւ հնարավոր չեղավ նրանց համար կազմակերպել բացօթյա դասապրոցես, երբ ուսուցիչն էլ էր տեղում, բացօթյա տարածքներն էլ։ Պետք էր աշխատել։

Նույն հաջողությամբ, եթե պետական մեքենան աշխատեր, ապա հնարավոր կլիներ կազմակերպել երեխաների մշակութային, սպորտային խմբակների՝ բացօթյա կազմակերպման հարցը։ Սա անլուծելի խնդիր չէր, ու Հայաստանը կդառնար ներկայանալի օրինակ շատ երկրների համար։

Հնարավո՞ր չէր երկրի մշակութային կյանքը փրկել մոտ մեկ տարվա կոլափսից։ Իհարկե, հնարավոր էր, բայց դրա համար պետք էր աշխատել։ Ակնհայտ է, որ տապալվել է աշխատանքը, իսկ այս պայմաններում միակ լուծումը «հեղափոխությունն» է. որքան տապալվում  է ռացիոնալ աշխատանքը, այնքան ավելի ուժեղ և ավելի բարձր է հնչում տվյալ պաշտոնյայի «հեղափոխական» հռետորաբանությունը։

Դրվագ երկրորդ

Հայաստանը շարունակում է տալ կորոնավիրուսով պայմանավորված՝ մահերի ծանր վիճակագրություն. ամեն օր՝ մահերի մեծ թվեր։ Սա լուրջ խնդիր է, որի լուծման համար պետք է լուրջ աշխատել։ Հասկանալ է պետք, թե որ օղակում են հիմնական սխալները, որ մահերի նման բարձր թիվ ենք տալիս։ Գուցե ուշ են ախտորոշվում, գուցե ուշ են սկսում բուժվել կամ ոչ լիարժեք ու ծանր վիճակում հայտնվում են հիվանդանոցում, գուցե տեստավորման ծավալներն են անբավարար, գուցե որոշ հիվանդանոցներ չեն ապահովում անհրաժեշտ բուժօգնության որակ,չէ՞ որ շատ հիվանդանոցներ հրատապության կարգով են վերափոխվել covid հաստատությունների և չունեն անհրաժեշտ բոլոր մասնագետները։ Այս պահին դժվար է հաստատապես ասել, թե հատկապես որ սխալն է հիմնական պատճառը, սակայն կարելի է վստահաբար ասել, որ այդ սխալները կան, և մահերի թիվը հենց այդ պատճառով է բարձր։  Իհարկե, որևէ պարագայում չի կարելի ամբողջ մեղքը բարդել մեկ հոգու վրա,տվյալ դեպքում՝առողջապահության նախարարի։ Դա կառավարության պատասխանատվությունն է։ Բայց Արսեն Թորոսյանը, իր մասով տապալելով աշխատանքը, դարձյալ այն փորձում էր «փոխհատուցել հեղափոխությամբ». նրա գրառումները այս կամ այն քաղաքական գործչի, քաղաքական պրոցեսի մասին ունեին մեկ նպատակ՝ դուր գալ շեֆին։ Ա. Թորոսյանն այդ կերպ էր փորձում իրեն պաշտպանված զգալ։ Իրականում պետք էր անել լրիվ հակառակը՝ մոռանալ հռետորաբանությունը, դուրս գալ պոպուլիստական սոցցանցային տիրույթից, մտնել ռացիոնալ աշխատանքային տիրույթ, խորհրդակցել, լսել առաջարկներ ու այդպես աշխատել։ Այդպես և արդյունքը կլիներ լավը, և ինքը կլիներ ավելի պաշտպանված։

Դրվագ երրորդ

Հայկ Մարությանը հակաաշխատանքի սիմվոլն է։ Լինելով հեղափոխության ծնունդ՝ նա իր ամենօրյա ոչ աշխատանքային օրով հուշում է, որ այս հեղափոխոթյունը պետք է դադարեցնել։ Երևանը աշխարհի եզակի քաղաքներից էր, որի քաղաքապետը չէր գտնվում հակավիրուսային արշավի առաջին դիրքերում։ Շենքերի մուտքերը, դռները, վերելակները չէին ախտահանվում։ Ուսումնական տարվա նախաշեմին քաղաքապետը արձակուրդում էր՝ այն դեպքում, երբ Երևանի դպրոցների ճնշող մեծամասնությունը իր ենթակայության տակ են. բացակա էր թե քաղաքապետը, թե իր ենթակաները։

Խոստացված բոլոր ծրագրերը սուտ դուրս եկան, ավելին՝ հրապարակած սկզբունքները նույնպես սուտ դուրս եկան. Անհասկանալի գործարքների և անհասկանալի թույլտվությունների վրա չկենտրոնանանք, բայց փաստ է, որ Երևանի քաղաքապետը չի աշխատել, չի աշխատում։Հանուն արդարության նշենք, որ, ի տարբերություն նախորդ դրվագների, Հայկ Մարությանը իր չաշխատելը չի փորձում փոխհատուցել հեղափոխականության տոնայնությամբ։ Հավանորեն այստեղ դեր է կատարում չեխական նահանջի մշտական հնարավորությունը և պատրաստակամությունը։

Ամփոփում

 Բերվեց ընդամենը երեք օրինակ, բայց, ցավոք, ողջ երկրի մթնոլորտն է այդպիսին՝ չնչին բացառություններով։ Հայկական իրականության մեջ հասունանում է «հեղափոխություն, թե աշխատանք» ընտրությունը։ Հիմա շատ ինտենսիվ «նախընտրական» փուլ է։ Ընտրության արդյունքները դժվար չէ կանխորոշել։

Մարինե ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31