Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՄՍ փոխնախարար. «Եթե կորոնավիրուսի դեպքերը դպրոցում լինեն 10% եւ ավելին, ապա նման դպրոցները չեն գործի»

Օգոստոս 26,2020 11:06

Քանի որ դիմակներով՝ երեխաների դպրոցներ հաճախելը դժգոհություն է առաջացրել ծնողների ու ընդհանրապես հանրության լայն շրջանակների մոտ, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն իր ասուլիսում հարկ համարեց անդրադառնալ թեմային:

«Դիմակներ կրելու մասով գործում է փակ տարածքներում դիմակների կրման ընդհանուր կարգավորումը՝ հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության  համապատասխան ուղեցույցները եւ խորհրդատվությունը երեխաների կողմից դիմակներ կրելու մասին, բայց այժմ քննարկում ենք դրա՝ մեր իրավիճակում կիրառման հնարավորությունները, եւ այդ քննարկումները մեր գործընկերների հետ ավարտելուց հետո կկարողանանք այս մասին ավելի հստակ տեղեկատվություն տալ»,-ասաց նախարարի տեղակալը:

Նա նշեց, որ կորոնավիրուսային ռիսկը բարձրանում է շփման դեպքում, դրա համար այնպիսի կանոններ են սահմանել, որոնք հնարավորություն են տալու հնարավորինս նվազեցնել շփման ինտենսիվությունը, դրանցից են, օրինակ դպրոցներում ոչ բոլոր հնարավոր մուտքների օգտագործումը, դասարանների համար այդ մուտքերի առանձնացումը՝ ըստ դասասենյակի մոտ գտնվելու հանգամանքի: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ կանոներ են սահմանվել դպրոցների ներսում շարժը կարգավորելու առումով, որպեսզի հնարավորինս բացառվեն անկանոն շփումները, որոնք կարող են դառնալ վարակի տարածման հավելյալ ռիսկ:

«Դպրոցում ուսումնական գործընթացի կազմակերպումը ելնելու է նրանից, թե ինչ միջին խտության դասարաններ ունենք, եւ ինչպես հնարավոր կլինի ապահովել սոցիալական հեռավորությունը: Առաջարկել ենք մինչեւ 20 աշակերտ ունեցող դասարանների պարագայում ուսումնական գործընթացն իրականացվի՝ ուղղակի պահպանելով համաճարակային ընդհանուր կանոնները, իսկ այն դպրոցների պարագայում, որտեղ դասարաններում ավելի քան քսան երեխա կա, դասարանները պետք է կիսվեն խմբերի, դպրոց հաճախեն հերթականությամբ, շաբաթական երեք օր: Սա հնարավորություն է տալու կրճատել միաժամանակ դպրոցում գտնվողների թիվը: Ուսուցիչներն, իրարկե, կարիք կունենան կարգավորել ուսումնական գործընթացը եւ առարկայի ծրագիրը, որպեսզի հնարավոր լինի նման դասացուցակի պարագայում փոխանցել նախատեսված նյութը: Պարտադիր է ամեն օր դպրոցի ախտահանումը, ուսուցիչները հավելյալ աշխատելու դեպքում պետք է ապահովվեն հավելյալ վարձատրությամբ»,-ընդգծեց Ժաննա Անդրեասյանը:

Ապա հավելեց. «Առողջապահության նախարարության մեր գործընկերները որոշակի կարգավորումներ են նախատեսել դպրոցներում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի հայտնաբերման եւ դրա պարագայում գործելու կանոնների մասին, մասնավորապես նախատեսված է, որ եթե դեպքերը դպրոցում լինեն 10% եւ ավելին, ապա դպրոցի հետագա գործունեության հարցը կդրվի, եւ որոշ ժամանակով այդ դպրոցները չեն գործի: Մյուս դեպքերում  կլինեն առանձին մոտեցումներ՝ կախված համաճարակաբանական վիճակից եւ ընդհանուր ցուցումներից:

Նախատեսված է թեստավորման գործընթաց դպրոցների աշխատակիցների համար: Ուղեցույցը նախատեսում է մի շարք լուծումներ՝ ռիսկի խմբում գտնվող սովորողների եւ ուսուցիչների համար: Ռիսկի խմբում գտնվող սովորողների համար նախատեսում ենք կենտրոնացված հեռավար ուսուցման կազմակերպում այն բոլոր դեպքերում, երբ սովորողների առկա ուսուցումը ցուցված չի լինի, իհարկե սա պետք է ելնի նաեւ ծնողի դիմումի հանգամանքից:

Հեռավար ուսուցումը կկազմակերպվի կենտրոնացված եղանակով, ինչը նշանակում է, որ այս բեռը չենք թողնի առանձին դպրոցների եւ ուսուցիչների ուսերին եւ կփորձենք կենրոնացված իրականացնել երեխաների ուսուցման գործընթացը՝ գնահատումը վերապահելով դպրոցներին:

Ուսուցիչները, որոնք առողջական խնդիրների եւ տարիքի պատճառով գտնվում են կորոնավիրուսային ծանր զարգացման ռիսկի խմբում, կունենան ընտրության մի շարք հնարավորություններ: Նրանց առաջարկվել է դպրոց  հաճախել հատուկ պաշտպանիչ միջոցներով, որոնք  կտրամադրի պետությունը, կարող են նաեւ դասերը հեռավար կազմակերպել: Այս ուսուցիչները կարող են ընտրել նաեւ ուղղակի աշխատանքի չներկայանալը, որի դեպքում աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով հաջորդ գործընթացը կկազմակերպվի եւ կներգրավեն փոխարինող ուսուցիչներ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31