Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է զբոսաշրջության ոլորտի մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ:
Նշելով, որ սա իր երկրորդ ընդլայնված հանդիպումն է զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ՝ նախագահ Սարգսյանն առաջարկել է այն անցկացնել ավելի գործնական մթնոլորտում՝ քննարկելով Հանրապետության նախագահի և նախագահական ինստիտուտի կողմից հստակ աջակցության հնարավորությունները։
Զբոսաշրջության ոլորտի ընկերությունների ղեկավարները ներկայացրել են մի շարք խնդիրներ, մասնավորապես անդրադարձել մեր երկրի համար հեռանկարային և մեծ ներուժ ունեցող այս բնագավառի վերականգնմանն ուղղված հնարավոր քայլերին, այդ թվում՝ պետական աջակցության անհրաժեշտությանը, նշել, որ նախագահի հետ նախորդ հանդիպումից հետո այդ ուղղությամբ որոշակի քայլեր ձեռնարկվել են: Կարևորվել է նաև ներկա իրավիճակով պայմանավորված կարգավորումների վերաբերյալ հստակ տեղեկատվության հասանելիությունը:
Նախագահ Սարգսյանն ասել է, որ շատ կարևոր նշանակություն ունի տեղեկությունն ինչպես իրավիճակի, այնպես էլ երկրի ու կոնկրետ ոլորտների մասին։ Այդ տեսանկյունից իրավիճակն ավելի հստակ կլիներ, եթե զբոսաշրջային ընկերություններն իրենք արտերկրում ներկայացուցչություններ ունենային և առաջին ձեռքից տեղեկություններ ստանային ու փոխանցեին գործընկերներին։
Կարդացեք նաև
Արտերկրի զբոսաշրջային շուկան անհրաժեշտություն դիտարկելով հանդերձ՝ նախագահ Սարգսյանը կարևոր է համարել նաև տեղական շուկայի վրա կենտրոնանալը. «Ձեր ուղղություններից մեկը պետք է ներքին շուկան դառնա, և դուք պետք է աջակցեք, որ ներքին տուրիզմը զարգանա,-ասել է նախագահը։- Ձեր կողմից զարգացման հիմնական աջակցությունը ես տեսնում եմ, որ կարողանաք աշխատանքի ճիշտ կազմակերպման, ծառայությունների որակի, անհրաժեշտ հիգիենայի ապահովման որոշակի պայմաններ ու պահանջներ թելադրել: Վերջին երկու շաբաթվա ընթացքում ես բավականին հաճախակի եղա տարբեր մարզերում, մարդկանց հետ շփվեցի։ Նկատեցի, որ մարդիկ սկսել են մտածել, որ իրենց ունեցած անգամ փոքր տնակի մեկ կամ երկու սենյակը կարող են վարձով տալ, որը կարող է դառնալ եկամտի լրացուցիչ աղբյուր։ Մանավանդ որ այդ ենթակառուցվածքները չկան, ամեն գյուղում փոքր հյուրանոց չկա»:
Խոսելով նախագահական ինստիտուտի կողմից աջակցության մասին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես առաջարկել է աշխատանքային խումբ ստեղծել և հստակ ձևակերպել հիմնական ուղղությունները: «Կարող ենք փորձել ձեզ օգնել միջազգային ներկայության և միջազգային կառույցներում կամ համաժողովներում ցուցահանդեսների մասնակցությամբ,- նշել է Հանրապետության նախագահը։-Մարդիկ պետք է ճանաչեն երկիրը, իմանան՝ ինչ է Հայաստանը և Հայաստանից ինչ կարելի է սպասել»:
Արմեն Սարգսյանն անդրադարձել է նաև նախագահական ինստիտուտի նախաձեռնությամբ Հայաստանում մի շարք ծրագրերի և միջազգային միջոցառումների անցկացմանը, որոնք նույնպես նպաստելու են զբոսաշրջության զարգացմանն ու մեր երկրի ճանաչելիությանը: «Մենք պատրաստ ենք յուրաքանչյուր ծրագրի շրջանակում համագործակցել ձեզ հետ – ասել է նախագահը։- Դրանցից յուրաքանչյուրը ինչ-որ իմաստով տուրիզմի հետ կապ ունի։ Առաջին ծրագիրը ATOM-ն է։ Այն Հայաստանում արհեստական բանականության զարգացման ծրագիր է և, բացի արհեստական բանականության քաղաքից և մեծ ընկերությունների հետ համագործակցությունից և համատեղ ձեռնարկությունններ ստեղծելուց, ինչն ինքնին արդեն երկրի իմիջի հետ է կապված, ներառում է նաև մի շարք ծրագրեր։ Դրանցից մեկը Մտքերի հայկական գագաթնաժողովն է։ Այստեղ մենք նորից պատրաստ ենք ձեզ ներգրավել որպես գործընկեր։ Աշխատանքային խումբը կարող է ուղիղ մեզ հետ աշխատել։ Հրավեր ուղարկվում է մոտ 3000 անհատի, որոնցից ընտրում ենք 300-ի։ Այսինքն՝ 3000 մարդու տեղեկություն է գնում։
Մյուսը STARMUS-ն է։ Կարծում եմ, որ այսօրվանից սկսած կարող ենք համագործակցել։ Սրանք միջոցառումներ են, որոնք կարող են աջակցել զբոսաշրջությանը: Հյուրերից շատերը գալիս են նաև ընտանիքներով, բացահայտում են Հայաստանը, կապեր են հաստատում:
Հաջորդ ծրագիրը Հայ պարկն է։ Այն զուտ հայկական ծրագիր է, որի շուրջ ակնկալում ենք, որ կհամախմբվի ողջ հայ ժողովուրդը՝ Սփյուռքից մինչև Արցախ և Հայաստան։ Ծրագրի շրջանակում նորից ձեզ հետ համագործակցելու նպատակ ունենք։
Մյուս ծրագիրը Գյուրջիևի այգին է, այսինքն՝ արվեստի տուրիզմը:
Բոլոր առանձին նախաձեռնություններում պատրաստ ենք ձեզ հետ համագործակցել ու աջակցել: Պատրաստ ենք ձեր գործընկերը լինել, որպեսզի վերջապես մեր երկիրն ընդհանուր ներկայացման մարկետինգային ծրագիր ունենա, քայլեր արվեն:
Շատ էական է, որ նաև ձեր օգնությամբ մտածենք, թե որոնք են այն պարզ մտքերը, գաղափարները, լոզունգները, որոնք նկարագրում են Հայաստանը։ Դուք ամենից լավ գիտեք, որովհետև շփվում եք օտարների հետ, գիտեք, թե ինչով են տպավորված, ինչն է իրենց հիշողության մեջ մնում Հայաստանից մեկնելուց հետո։
Ուզում եմ վստահեցել, որ միշտ պատրաստ ենք ձեզ աջակցել ոչ միայն այն բանի համար, որ այսօր դժվար է, այլ՝ որովհետև ինչ-որ իմաստով դուք մեր երկրի ավանգարդն եք, այսինքն՝ նաև ձեր միջոցով են երկիրը ճանաչում»:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ