Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցակցությունն ավելի դաժան է լինելու

Օգոստոս 26,2020 10:21

Ընդունված է համարել, որ մրցակցությունը տնտեսության եւ ընդհանրապես առաջընթացի զարգացման շարժիչ ուժն է, եւ դա իրոք այդպես էր նախորդ 3-4 դարերի ընթացքում: Ասենք, մի կոշկակարը ջանում էր իր հարեւան կոշկակարից ավելի հաջողակ լինել՝ դրա համար կիրառելով ավելի «առաջադեմ տեխնոլոգիաներ»: Այդպիսով նրա կոշիկներն ավելի ամուր եւ էժան էին դառնում, այդ արհեստավորը հաղթում էր մրցակցությունում, իսկ նրա հարեւանը՝ սնանկանում:

Բայց նախորդ դարի կեսերից պարզ դարձավ, որ մրցակցության սկզբունքը կարող է նաեւ վնասակար լինել ու սպառնալ ողջ մարդկության գոյությանը: Որովհետեւ մի բան է, երբ մրցում են երկու կոշկակարներ, մեկ այլ բան՝ երբ երկու կամ մի քանի տերությունների ուշքն ու միտքն առավել մահաբեր զենքեր ստեղծելն է: Սպառազինությունների մրցավազքը, երբ այն պարունակում է, այսպես ասած, «ատոմային բաղադրիչ», ամենեւին չէր նպաստում ու հիմա էլ չի նպաստում առաջընթացին: Իսկ վերջերս դրան գումարվել է նաեւ տեխնոլոգիական մրցակցությունը, որը կարող է նույնքան վտանգավոր հետեւանքներ ունենալ. առաջիկա տասնամյակներում այնպիսի  տեխնոլոգիական թռիչք է կատարվելու, որ «ուժեղներին» հզորացնելու եւ «թույլերին» ստրկացնելու համար գուցեեւ ֆիզիկական պայթյուններ ու «ատոմային սնկեր» պետք չլինեն:

Սթափ մարդիկ կոչ են անում այդ՝ էթիկայի տեսանկյունից ակնհայտորեն մերժելի տեխնոլոգիաները չզարգացնել: Տերությունները պատախանում են. «OK, խնդիր չկա, մենք պատրաստ են այդ տեխնոլոգիաները սառեցնել՝ մենք հո սադիստ ու մարդակեր չենք: Բայց եթե մենք սառեցնենք, իսկ X եւ Y տերությունները չսառեցնեն, մենք հետ կընկնենք եւ անպաշտպան կմնանք»: X-ն եւ Y-ը, բնականաբար, նույնն են ասում: Արդյունքում մրցավազքը շարունակվում է՝ մրցավազք, որը պատերազմի լատենտ տեսակն է:

Սա դաժան իրականություն է, որը Հայաստանում եւ այլ փոքր երկրներում որոշում ընդունողները պետք է ոչ միայն հասկանան, այլեւ հստակ ու մանրամասն պատկերացում ունենան, թե ինչպես է մոտ ապագայում զարգանալու աշխարհը: Որքան հասկանում եմ, այսօր մեզ համար վտանգը ոչ թե հարստահարված, շահագործվող լինելն է (ինչպես որ դա գաղութատիրության շրջանում էր), այլ անտեսված, չպահանջված, ավելորդ դառնալը:

Կա նաեւ լավ նորություն. այս մրցակցության մեջ մեծ կամ փոքր պետություն լինելն այլեւս վճռական նշանակություն չունի: Բանն այն է, որ 21-րդ դարում  վերաիմաստավորվում են «սեփականություն», «դրամ», «տարածք» հասկացությունները: Դրանց պահպանության, փոփոխության, վերաձեւման համար ֆիզիկական գործիքներն այլեւս անիմաստ են դառնալու: Օրինակ, նվազելու է այս կամ այն պետության Կենտրոնական բանկերի կողմից թողարկած պայմանական թղթի կտորների նշանակությունը: Այս տեկտոնիկ փոփոխությունների պայմաններում ցանկացած պետություն կարող է առաջ ընկնել, բայց կարող է նաեւ ընդհանրապես կորցնել իր նշանակությունը, իր դիրքը գլոբալ մրցակցության մեջ: Իսկ կորցրածը հետ բերելը շատ ավելի դժվար կլինի, քան նախկին «երրորդ աշխարհի երկրների» դեպքում:

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31