Համաշխարհային քաղաքականության մեջ շատ բաներ, եթե չասենք՝ ամբողջը, բնականաբար, կատարվում է հանուն ժողովրդավարության, ժողովրդավարություն հաստատելու նպատակով, եւ ի պաշտպանություն ժողովրդավարության։ Սակայն ժողովրդավարության մասին բոլորից բարձր գոչում եւ այն ջանասիրաբար պաշտպանում են հատկապես այն շրջանակները, որոնք առավելագույն ջանքեր են ներդրել բուն ինքը հասկացությունը վարկաբեկելու ուղղությամբ։ Ժողովրդավարության սահմանումը ձեւակերպվել է բավական վաղուց ու միանգամայն միանշանակ. ժողովրդավարությունը՝ քաղաքական ռեժիմ է, որի ժամանակ ժողովուրդը կամ նրա մեծամասնությունը հանդիսանում է քաղաքական, պետական իշխանության աղբյուրը եւ կրողը։ Մեծամասնությո՜ւնը։
Իսկ ի՞նչ է հասկացվում ժողովրդավարության անվան տակ ժամանակակից մեկնությամբ։ Բացառապես՝ փոքրամասնության իրավունքների պաշտպանություն՝ գունավոր, ոչ ավանդական, միասեռական, աղանդավորական, ազգայնական, ինչպիսին կամենաք, միայն թե կիսեն այն եսասեր էլիտաների հայացքները, որոնց ավելի դյուրին է կառավարել անծագում ու անսկզբունք, ավանդական արժեքներն ու սեփական պատմությունը, կյանքի ինքնատիպ կարգն ու մշակույթը մերժող զանգվածներին։ Առա՜յժմ փոքրամասնության։ Ագրեսիվ, անզիջում, իր կեղծ արժեհամակարգն անբեկանելի պարտադրող, անգամ «հետամնացներին» ֆիզիկապես ոչնչացնելու գնով մեծամասնության ձգտող փոքրամասնության։ Ըստ ժամանակակից ժողովրդավարների՝ ով ավելի բարձր է գոռում, նա էլ մեծամասնություն է, այն դեպքում, երբ իրական մեծամասնությունն ինքնագոհ վստահությամբ անհրաժեշտ չի համարում գոռգոռալ հրապարակներում ու պուրակներում։ Դե իսկ PR տեխնոլոգիաները պատկերը հետագայում կներկայացնեն այնպես, որ «կամրագրվի» աղմկարարների մեծամասնություն ներկայանալու իրավունքը։ Դա տեղի է ունենում արդեն շուրջ քսան տարի, այլեւայլ դրսեւորումներով, տարբեր վերջնարդյունքներով, բայց որպես կանոն՝ ոչ հօգուտ դեմոսի:
Բելառուսն, անկասկած, հերթի մեջ էր։ Հարց՝ կիրառե՞լ, արդյոք, Բելառուսում հայտնի տեխնոլոգիաները, որպես այդպիսին չէր էլ դրված։ Խնդիրը միայն պահի ընտրությունն էր ու բոլոր հանգամանքների ճիշտ գնահատումը։ Միանգամից պետք է ընդգծեմ, որ հիշատակված տեխնոլոգիաներն ինքնին ի զորու չեն արմատապես փոխել ուժերի հարաբերակցությունը եւ շարժման վեկտորն այս կամ այն երկրում, եթե այնտեղ բացակայում է բարենպաստ հողը՝ բնակչության մի մասի դժգոհությունն իշխանությունների առանձին առանցքային որոշումներից, պարկեշտության սահմաններն անցնող կոռուպցիայի, բողոքական ընտրազանգվածի առկայությունը, ինքնագոհ կառավարչի կողմից երկրում իրական վիճակի ոչ ադեկվատ ընկալումը եւ այլն։ Բելառուսում աճող դժգոհությունների նախանշաններ եթե որեւէ մեկը նկատել էլ է, ապա այնպիսի ակնհայտ մերժելի երեւույթների բացակայությունը, ինչպես լուրերը կոռումպացված էլիտայի մասին, հասարակության չափից դուրս բեւեռացումն ըստ եկամուտների, գործազրկության կրիտիկական մակարդակ եւ այլն, ուղղակիորեն չէին մատնանշում մոտալուտ բունտի հավանականությունը։ Այո՜, Ալեքսանդր Գրիգորեւիչը շատ երկար է գտնվում իշխանության ղեկին, ու ոմանց աչքը դա ծակում է, բայց դրա հետ մեկտեղ, նրան ընտրում է Բելառուսի ժողովուրդը՝ ունենալով դրա համար իրեն բավարարող ծանրակշիռ պատճառներ։ Լուկաշենկոն գրեթե միակ ղեկավարն է հետխորհրդային երկրներում, որը թույլ չի տվել իրականացնել թալանչիական սեփականաշնորհում, պահպանել է աշխատանքային վիճակում բոլոր խոշոր արդյունաբերական ձեռնարկությունները, մշտապես իրականացրել ակնհայտ ուղղորդված սոցիալական քաղաքականություն, ինչպես ինքն է դա պատկերացնում։ Անշուշտ, համեմատաբար կայուն տնտեսություն եւ սոցիալական երաշխիքներ հաջողվել է պահպանել ոչ միշտ սեփական միջոցներով (միլիարդավոր վարկեր ու ինվեստիցիաներ, ինչպես նաեւ տարաբնույթ արտոնություններ տրամադրել են ՌԴ-ն ու Չինաստանը), բայց դրանք այն ասպեկտները չեն, որոնք խիստ անհանգստացնում են շարքային քաղաքացուն։ Աշխատասեր բելառուսների համար «բատկան» հերոս է, քանի որ ապահովել է իրենց աշխատանքով, բժշկությամբ, կրթությամբ եւ այլն։ Վերջին օրերի իրադարձությունների սերմերը Լուկաշենկոն սեփական ձեռքերով է ցանել, եւ հիմա քաղում է դրա պտուղները։ Չէի ցանկանա այստեղ շոշափել ներքաղաքական ներկապնակը, շարադրել այն դրվագները, որոնցում թույլ են տրվել բնավ ոչ պարտադիր թերացումներ ու սխալներ։ Դրականն ամեն դեպքում գերակշռում է։ Քչերը կփորձեն վիճարկել պնդումը, թե հետխորհրդային երկրները (բացի բալթյան պետությունները) շարունակում են մնալ ՌԴ-ի աշխարհաքաղաքական ու տնտեսական շահերի տիրույթում, ինչպես նաեւ այն, որ ԱՄՆ-ն եւ նրա եվրոպական դաշնակիցները բոլոր այս տարիներին լուրջ ջանքեր էին գործադրում՝ այդ երկրները Ռուսաստանի ազդեցության գոտուց դուրս բերելու եւ դրանց տարածքում թշնամանքի օջախներ ստեղծելու։ Փորձարկված սխեմայով հավաքական Արեւմուտքն այս ուղղությամբ մշտապես ակտիվանում ու հաջողություն է գրանցում հատկապես այն պահին, երբ հետխորհրդային հանրապետությունների ղեկավարները սկսում են սիրաբանել նրա հետ, իբր հավասարակշռելով ՌԴ-ի ու Արեւմուտքի միջեւ հարաբերութունները, հույսով, թե արտոնություններ կստանան եւ Մոսկվայից, եւ Վաշինգտոնից ու Բրյուսելից։ Հավատալով սեփական մանեւրների հմտությանը, Ալեքսանդր Գրիգորեւիչը, հավանաբար, մոռացել էր Վիկտոր Յանուկովիչի եւ Սերժ Սարգսյանի ճակատագիրը։ Նախաձեռնած երկակի խաղով երկուսն էլ զրկեցին իրենց Մոսկվայի շահագրգիռ աջակցությունից եւ իրենց իսկ արեւմտյան գործընկերների կողմից նետվեցին քաղաքական լուսանցք։ Անհասկանալի պատճառով Լուկաշենկոն ընտրեց նույն սայթաքուն ուղին։ Ճանապարհից հեռացնելով բոլոր հեռանկարային քաղաքական գործիչներին, ում լոյալ հայացքները ՌԴ-ի հանդեպ հավանաբար խանդ առաջացրին Մոսկվայի իբր միակ բարեկամի մոտ, Լուկաշենկոն զուգահեռաբար հաջողացրեց պետական ապարատը համալրել ակնհայտ ռուսաֆոբներով, ինչը չէր կարող աննկատ մնալ Կրեմլում (օրինակ՝ արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը)։ Այդուհանդերձ, ըստ իս, Բելառուսի պարագայում Արեւմուտքը ֆալստարտ տվեց։ Նախ. միանգամայն ակնհայտ է, որ ընտրություններում Լուկաշենկոն ստացել է ձայների մեծամասնությունը, գուցե ոչ 80%, բայց վստահաբար կեսից ավելին։ Անհասկանալի է միայն, եթե զբաղվելու էին նկարչությամբ, ապա ինչո՞ւ էր հարկավոր 10% թողնել Տիխոնովսկայային, տնային տնտեսուհուց նրան դարձնելով ընդդիմության առաջնորդ։ Հավանաբար, կարելի էր մնացած ձայները համապատասխանաբար բաշխել բոլոր թեկնածուների միջեւ մոտավոր հավասարության սկզբունքով, ինչը նրանցից յուրաքանչյուրին կզրկեր իրեն երկրորդը զգալու հնարավորությունից, ցուցաբերելով առաջինը դառնալու հավակնություններ։ Թեպետ գուցեեւ այդպես էր մտածված՝ խաղը կառուցել Տիխանովսկայա թեկնածուի ակնհայտ անմրցողունակության վրա։ Իհարկե, կա նաեւ երրորդ տարբերակը՝ ձայները հաշվվել են ազնվորեն, առանց խախտումների։ Այս տարբերակը չի կարելի ամբողջությամբ բացառել, հատկապես Լուկաշենկոյի ընդդիմությանն արած առաջարկից հետո՝ վերահաշվարկել ձայները բոլոր այն տեղամասերում, որտեղ ընդդիմությունը կցանկանա (նրա այդ պնդումը ցայսօր ոչ ոք չի հերքել)։ Երկրորդ. Բալառուսի ընտրությունները, բնականաբար, այդ երկրի ներքին գործն է, սակայն հորիզոնում ուկրաինացման հեռանկարը ուրվագծվելու պահից դա դադարում է լինել միայն Բելառուսի ներքին գործը։ Անմիջապես առաջին պլան է դուրս գալիս ՌԴ-ի շահը։ Ընդ որում, խոսքը սոսկ տեսական, նույնիսկ աշխարհաքաղաքական շահի մասին չէ, այլ միանգամայն կոնկրետ՝ ազգային անվտանգության ապահովման։ Եվ թող Բրյուսելում, Վաշինգտոնում, Բեռլինում ու Փարիզում որքան ցանկանում են շարունակեն ժողովրդավարության թեմաներով երեսպաշտությունը, Մոսկվան կոշտ կերպով պաշտպանելու է սեփական շահերը, որոնք տվյալ դեպքում չեն տարանջատվում բելառուս ժողովրդի շահերից։ Խոսքն, իհարկե, Վարշավայի կողմից վճարված գոռգոռացողների մասին չէ, ոչ էլ ագրեսիվ փոքրամասնության, այլ ժողովրդի, որը չի ցանկանում երկիրը վերածել լեհերի, լիտվացիների ու նրանց կուրատորների հեռու գնացող պլանների իրականացման հերթական պոլիգոնի։ Մոսկվան ամեն ինչ կանի դա կանխելու համար։ Եվ Մոսկվան անում է՝ հանգիստ, նրբագեղ, վարպետորեն։
Փորձեմ համառոտ ներկայացնել իրերի դասավորությունը, հետընտրական լարվածությանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը։ Ինչպես նշեցի վերեւում, որոշակի պահից Լուկաշենկոն սկսել էր սիրախաղն Արեւմուտքի հետ, եւ ամեն կերպ արգելափակում էր ՌԴ-ի հետ միութենական հարաբերությունների զարգացումը։ Պարզ նշմարվում էր միաժամանակ երկու աթոռի նստելու, շանտաժով ու սպառնալիքներով Մոսկվայից լրացուցիչ զիջումներ կորզելու ցանկությունը։ Դրան զուգահեռ, ընտրությունների նախաշեմին «բատկան» բավական կոպիտ միջոցներով մաքրում էր քաղաքական դաշտը։ Մոսկվան հանգիստ դիտում էր, թե ինչ է կատարվում, չխառնվելով դաշնակցի ներքին գործերին։ Կրեմլի համար տեսանելի էին, թե օտարերկրյա հատուկ ծառայությունների ակտիվացումը Բելառուսում, թե ընտրություններից հետո հերթական գունավոր հեղափոխության նախապատրաստության ողջ ընթացքը։ Մոսկվան շարունակում էր հետեւել, թե ինչպես Բելառուսը բախվեց իր մասշտաբներով աննախադեպ բողոքի ակցիաների իրողությանը, ինչպես Լուկաշենկոյի թիմից մարդիկ աստիճանաբար անցնում էին ընդդիմախոսների ճամբար։ Դիտարկում էր, թե ինչպես է իշխանությունը կորցնում վերահսկողությունն իրավիճակի նկատմամբ, ինչպես է դրան նպաստում Վաշինգտոնի ու Բրյուսելի կողմից կիրառվող պատժամիջոցներն ընդդեմ կառավարության ներկայացուցիչների։ Հաշված օրերի ընթացքում ընդդիմությունը հաջողեց փողոց դուրս բերել երկրի բնակչության գրեթե մեկ տասներորդ մասը, կոչ անելով հանել բանկային խնայողությունները եւ արտարժույթ գնել, ինչի արդյունքում բելառուսական ռուբլին կտրուկ անկում գրանցեց։ Դրան գումարվեց այն հանգամանքը, որ Լուկաշենկոյի ոչ վաղ անցյալի գործընկերները, ում հետ խաղեր էր տալիս Մոսկվայի դեմ, «անսպասելիորեն» չճանաչեցին ընտրությունների արդյունքները։ Իշխանությունն արդեն լավ չէր պատկերացնում ինչպես մարել հրդեհը, հեռու չէր ամբողջական շփոթվածության եւ պետական համակարգի կաթվածահար լինելու պահը։ Նկատելով նախագահի թուլությունը, անգամ ուժայինները սկսել էին կասկածել սեփական իրավացիությանը։ Այդ պահին ՌԴ-ն բավարարվում է սոսկ զուսպ հայտարարությամբ այն մասին, թե առկա են արտաքին միջամտության նշաններ, բայց դա Բելառուսի ներքին գործն է, եւ Մոսկվան չի խառնվի դրան։ Արդեն երկու օր անց Ալեքսանդր Գրիգորեւիչը զանգահարում է Մոսկվա ու այնուհետեւ զարմացած փաստում, թե Պուտինը որքան տեղեկացված է եւ լավ հասկանում է Բելառուսի իրավիճակը։ Միայն Լուկաշենկոյի դիմելուց հետո, իսկ դա ոչ այլ ինչ էր, քան դիմում, թեպետ պաշտոնապես անվանվեց զրույց, ՌԴ-ն սկսեց իր հատուկ օպերացիան՝ ուղղված արեւմտյան օպերացիայի ընթացքն ու հետեւանքները չեզոքացնելուն։ Հեռախոսազրույցից ընդամենը ժամեր անց Մինսկում վայրէջք կատարեց երկու ռուսական ինքնաթիռ, որոնցից, ըստ բաց աղբյուրների տեղեկատվության, օգտվում են ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաները։
Կարդացեք նաև
Հիշենք Վենեսուելայի հետ կապված ոչ վաղ անցյալի պատմությունը, երբ ընտրված նախագահին շատերը խաղից դուրս էին համարում, իսկ ընդդիմության առաջնորդին՝ Խուան Գուայդոյին, հռչակել էին երկրի ղեկավար։ Նրան պաշտոնապես ճանաչեցին Վաշինգտոնը, Եվրոպայի կեսը, եւ, իհարկե, Կանադան ու Ավստրալիան։ Այդ լարված օրերին Կարակասում վայրէջք կատարեց երկու ռուսական օդանավ, ինչպես ընդունված է ասել՝ խորհրդականներով լեցուն։ Նիկոլաս Մադուրոն ցայժմ Վենեսուելայի ղեկին է, իսկ Գուայդոյի մասին կարծես ոչինչ չի լսվում։ Բաշար Ասադն էլ, կարծես, նախկին չէ, ինչին անթաքույց եւ ավելի քան անազնիվ ու արյունալի միջոցներով ձգտում էին սիրիական նավթի ու քաթարյան գազի «որսորդները»։ Դա Արեւմտյան կիսագնդում եւ Մերձավոր Արեւելքում, իսկ այստեղ, սահմանակից Բելառուսո՞ւմ։ Ամբողջ ճակատով սկսվեց բողոքական տրամադրությունները ճնշելու ակտիվ աշխատանքը։ Ազատ են արձակվում կալանվածները, վերականգնվում է ինտերնետ կապը, նախապատրաստվում են ցույցեր հօգուտ Լուկաշենկոյի։ Վերջինս անձամբ ակտիվորեն շրջագայում է խոշոր ձեռնարկություններով։ Ընդդիմությունն աստիճանաբար դուրս է մղվում տեղեկատվական դաշտից, ինքն իրեն վարկաբեկելով սեփական ծրագրով՝ արգելք ռուսաց լեզվի վրա, ձեռնարկությունների սեփականաշնորհում, դեկոմունիզացիա, շրջադարձ դեպի ԵՄ եւ այլն։ Տեղի ԶԼՄ-ներում ակտիվ քննարկվում ու քննադատվում է ընդդիմության ծրագիրը, եւ հիմա նա է ստիպված արդարանալ, հրաժարվել իր իսկ ծրագրից, իբր նման բան չկա, իրենք այդպիսի մտադրություններ չունեն։ Բնականոն հարց է առաջանում, իսկ ի՞նչ հայացքներ ունի ընդդիմությունը, ինչպես Լուկաշե՞նկոն։ Այդ դեպքում ինչո՞ւմ է հակասությունը եւ խռովության պատճառը։ Մոսկվան սպասեց, մինչեւ Լուկաշենկոն ամբողջովին կորցրեց Արեւմուտքի աջակցությունը եւ կանգնեց ՌԴ-ի հետ միութենական պետությունը զարգացնելու անայլընտրանքային անհրաժեշտության առջեւ։ Ընդդիմության բողոքի ակցիաներն արդեն շնչահեղձ են լինում, բայց Մոսկվայի հատուկ օպերացիան, ենթադրում եմ, որ դեռ ավարտված չէ…
Աշոտ ԱՆՏԻՆՅԱՆ
Մոսկվա
«Առավոտ» օրաթերթ
25.08.2020