Լրահոս
Օրվա լրահոսը

«Փիլոնահանդես». ինչու են հրաժարվում դատական նախադեպի ձեւավորողից

Օգոստոս 26,2020 14:00

Հուլիսի 8-ին ՀՀ վճռաբեկ դատարանի  հիմնադրման 22-ամյակի կապակցությամբ  ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը շնորհավորական ուղերձում  ասաց. «Մենք ստեղծել ենք եւ այսօր արդեն ունենք արհեստավարժ համակարգ, որ կոչված է Հայաստանի քաղաքացիներին վերադարձնելու իրական արդարադատությունը: Արդարադատություն` հիմնված օրենքի տառի, ազգային բարոյական արժեքների, համամարդկային չափանիշների եւ եվրոպական փորձառության վրա: Առանց չափազանցության կարելի է ասել, որ ձեր վրա է դրված դատական նոր ավանդույթի ձեւավորման կարեւորագույն առաքելությունը: Որպես Հայաստանի Հանրապետության դատական եռաստիճան համակարգի բարձրագույն ատյան՝ Վճռաբեկ դատարանը կոչված է հանդիսանալու օրենքի միասնական կիրառման երաշխավորը, ինչպես նաեւ դատական նախադեպի ձեւավորողը։ Դա, իսկապես, ահռելի պատասխանատվություն է, որ կրում եք պատվով»:

Օգոստոսի 22-ին Վճռաբեկ դատարանից հրաժարվելու հարց դրվեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը, նախագահ Եղիշե Կիրակոսյանի գլխավորությամբ, օգոստոսի 22-ին  անցկացրեց նիստ, ուր քննարկվեց բարձրագույն դատական ատյանների միավորման հարցը՝ Գերագույն դատարանի ստեղծման երկու հայեցակարգերը՝ մշակված արդարադատության նախարարության եւ հանձնաժողովի իրավաբան գիտնականների` Արմեն Մազմանյանի ու Լեւոն Գեւորգյանի կողմից: Հայեցակարգի նախնական տարբերակին կողմ է քվեարկել նիստին մասնակցող 15 անդամներից յոթը: Ըստ ԱՆ պաշտոնական տեղեկատվության՝ այն վերաբերել է «սահմանադրական արդարադատության համակարգը գործող մոդելի շրջանակում զարգացնելուն, իսկ երկրորդ հարցը վերաբերել է սահմանադրական վերահսկողությունը ապակենտրոնացնելուն եւ բարձրագույն դատական ատյանները միավորելուն»: Նախարարության եւ իրավաբան գիտնականների այս մոտեցմանը կողմ է քվեարկել հանձնաժողովի անդամներից ութը։ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը (ձայների չնչին տարբերությամբ) հավանություն է տվել ՀՀ սահմանադրական եւ ՀՀ վճռաբեկ դատարանները միավորելու եւ Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգին:

Նիստից հետո իր ՖԲ էջում գրառում կատարեց հանձնաժողովի անդամ Արթուր Ղամբարյանը: Ըստ հանձնաժողովի անդամ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանի այդ գրառման, Սահմանադրական կարեւոր ինստիտուտները լուծարելու եւ դրա տեղը նորը ձեւավորելու համար պետք է ներկայացվեր լուրջ փաստարկներ եւ հիմնավորումներ, հնարավորինս հստակ պետք է ներկայացվեին այն խնդիրները, որոնք կարելի է լուծել բացառապես գործող ինստիտուտները լուծարելու եւ ոչ թե շուրջ 25 տարի գործող ինստիտուտները բարեփոխելու եղանակով. «Նկատի ունենալով, որ ներկայացված հիմնավորումների իրավական բաղադրիչը նման համակարգային փոփոխություն կատարելու համար համոզիչ չէ (բովանդակային հարցերին կանդրադառնամ հետագայում), ուստի դեմ եմ քվեարկել ՀՀ սահմանադրական եւ ՀՀ վճռաբեկ դատարանները միավորելու եւ Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգին»:

Դրան հետեւեց ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի ՖԲ գրառումը. «Երբ դու չկայացած ես, քանդելուց բացի, այլ միտք չի էլ կարող գլխումդ հղանալ: Միանգամայն հասկանալի դարձավ սահմանադրական «մասնագիտական» հանձնաժողովի կազմում ինձ չընդգրկելու «քաղաքական» որոշման հիմնավորումներից մեկը։ Ձայների ՉՆՉԻՆ տարբերությամբ այս՝ մեր կողքին ապրող կերպարները, որոշում են կայացրել քանդել (բացի դրանից, այլ բանի համար իրենք պետք չեն) տասնամյակներ գործող ու ձեւավորված կառույցները՝ ՀՀ վճռաբեկ ու սահմանադրական դատարանները։

Բացի Արթուր Ղամբարյանից, ով մասնագիտորեն հիմնավորել է՝ ինչու է դեմ քվեարկել այս մառազմին, կա՞ ինչ-որ մեկը, ով մասնագիտորեն բացատրել է՝ ինչու է կողմ քվեարկել եւ բացի արդեն սովորական դարձած զառանցանքից (վստահություն, կոռուպցիա, ռեժիմ, զավթել եւ այլ տհասություններ), բացատրել է հիմքերը»:

Առանց այն էլ իրավաբանների համայնքը բաժանված էր մինչ այդ երկու մասի` Սահմանադրական դատարանում կատարվող զարգացումների հետ կապված, հիմա նորից «բացվեց» երկրորդ ճակատ` միավորման խնդրի պատճառով:

Իրավաբաններից շատերը հրաժարվում են հրապարակային դեմ կամ կողմ կարծիքներ հայտնել հնարավոր Գերագույն մարմնի ստեղծման մասին, իսկ «ընդհատակյա» կարծիքները հետեւյալն են. քանդում են, փիլոնահանդես է, սովետական դատական համակարգի մերժվածը վերադառնում է, իշխանությունները զբաղեցնում են կրկին դատական համակարգի վրա հեռավար ազդեցություններ գործադրելով:

Կա կարծիք, որ «ամուսնալուծությունների» գործեր քննող դատավորը սահմանադրականության հետ կապված որոշում կայացնելու իրավասությամբ չպիտի օժտվի, մինչ այդ դատավորները զրկված չեն եղել միջնորդություններ անել, ՍԴ դիմել որեւէ օրենքի սահմանադրականության համապատասխանության հարցով:

ՍԴ պաշտոնական կայքից տեղեկանում եմ, որ մայիսի 12-ին վերաքննիչ վարչական դատարանի դիմումի հիման վրա լսվել է՝ 2017 թ. հունվարի 27-ի խմբագրությամբ՝ ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին ՀՀ օրենքի

1-ին հոդվածի 4-րդ մասի, 2017 թ. հունվարի 27-ի խմբագրությամբ բանապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին ՀՀ օրենքի սահմանադրականությանը համապատասխանության հարցը: Նույն օրը լսվել էր ՀՀ վարչական դատարանի դիմումը` ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 66-րդ կետի` Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով: Այսինքն, դատարանները երբեք կաշկանդված չեն եղել ՍԴ դիմելու, նրանք ՍԴ  դիմող սուբյեկտ էին մինչ այս: Այս տարի ութ դիմում է եղել ՍԴ՝  դատարանների կողմից: Սպասենք զարգացումներին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.08.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31