Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչպես Ֆրեյդի 127 կգ-անոց մուսան նրան միլիոնատեր դարձրեց

Օգոստոս 26,2020 13:00

Կամ՝ ինչպես դասավորվեց «խոշորամարմին Սյուի» ճակատագիրը

Երկու տարի առաջ BBC-ում մի հրապարակում հայտնվեց սկանդալային Ֆրեյդի նույնքան սկանդալային թոռան՝ Լուսիեն Ֆրեյդի եւ նրա թմբլիկ բնորդուհու՝ Սյու Թիլլիի մասին: Վերջինիս նկարների շնորհիվ էր կրտսեր Ֆրեյդը ժամանակին միլիոններ աշխատել:

Օրերս էլ kulturologia-ն է անդրադարձել այն թեմային, թե ինչ ճակատագիր է ունեցել «խոշորամարմին Սյուն», որը կշռել է 127 կգ. ստացվում է՝ Լյուսիեն Ֆրեյդի միլիոնները կարելի է կիլոգրամներով չափել:

Ֆրեյդի ամենահայտնի ու ամենաթանկ վաճառված նկարներից մեկում Սյուն բոլորովին մերկ է պատկերված, ինչպես նկարիչն էր սիրում կրկնել՝ 100% միս ու արյունով: Նա ասես քնած աստվածուհի լինի:

Ու քանի որ Լուսիեն Ֆրեյդը պետք է ամիսներով նկարեր իր բնորդուհուն, իսկ նա այդ դիրքով չէր կարող երկար մնալ, նրա համար բազմոց գնեց: Այդ ժամանակ Սյու Թիլլին աշխատում էր լոնդոնյան զբաղվածության կենտրոններից մեկում, եւ առաջին նկարը նկարելու ժամանակ ընդամենը երեսուն տարեկան էր: Ըստ kulturologia-ի, բնորդուհին հետագայում ինքն էլ է սկսել նկարել:

Թիլլին բոհեմական կյանքով էր ապրում մինչեւ Ֆրեյդին հանդիպելը, երեկոներն անցկացնում էր Լոնդոնի գիշերային ակումբներում, որոնցից մի քանիսը ավանգարդ ոճի էին: Նա էպատաժային նկարիչ Լի Բաուերիի ծանոթուհին էր:

Բաուերին չէր ընդունում հանրային ճաշակի «ամրագրված» սահմանները, մշտապես աչքի էր ընկնում իր խելահեղ ձեռնարկներով, ընդվզում էր ամեն ինչի դեմ, վերջում էլ մահացավ ՁԻԱՀ-ից:

Լուսիեն Ֆրեյդի բոլոր աշխատանքներն այժմ գտնվում են մասնավոր հավաքածուներում, դրանցից մեկն էլ 17 միլիոն ֆունտ ստերլինգով գնել է Ռոման Աբրամովիչը, իսկ Benefits Supervisor Resting աշխատանքը Christie’s աճուրդի տնից 2015-ին վաճառվել է 56 միլիոն դոլարով: Աճուրդի տան ներկայացուցիչ Բրետ Գորվին ասել է, որ աշխատանքը միջազգայնորեն ճանաչվել է որպես Ֆրեյդի գլուխգործոց, եւ այս աշխատանքի շնորհիվ հեղինակը դասվել է այնպիսի նկարիչների շարքում, ինչպիսիք են Ռեբրանդտն ու Ռուբենսը:

Սյուն մի առիթով ասել է, որ իրեն դուր էր գալիս Ֆրեյդի համար բնորդություն անելը, որովհետեւ Ֆրեյդը, նրա գնահատմամբ՝ զվարճալի էր, հաճախ էր տրամադրությունը փոխում, կարող էր լինել անսահման գծուծ, բայց քիչ անց էլ դառնալ անսահման շռայլ: Այսօր Սյուի տանը կախված են Ֆրեյդի նկարների արտանկարումները, Ֆրեյդի նախկին մուսան ապրում է Լոնդոնից հեռու՝ արեւելյան Սասեքսում:

Նրան հաճախ են այցելում նկարիչներ, արվեստաբաններ, հետազոտողներ՝ զրույցներ լսելու իր, Ֆրեյդի ու Բաուերիի մասին:

Ամենազարմանալին այն է, որ Սյուն եւս սկսել է նկարել, անգամ 2015-ին խոշոր անհատական ցուցահանդես է ունեցել Լոնդոնում, ափսոսում է, որ Ֆրեյդը այս աշարհից շուտ հեռացավ՝ այդպես էլ չիմանալով իր նկարչական շնորհի մասին:

Պատրաստեց

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
25.08.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31