Մաննեի «Ճայը» վավերագրական-էքսպերիմենտալ ֆիլմը «ԵվրազիաԴոկ» միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում է:
Երիտասարդ ռեժիսոր Մաննեի (Մանե Բաղդասարյան) «Ճայը» վավերագրական-էքսպերիմենտալ ֆիլմը կցուցադրվի Բելառուսի մայրաքաղաք Մինսկում՝ «ԵվրազիաԴոկ» միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում:
«Ես եւ ֆիլմի պրոդյուսերը հրավիրված ենք Մինսկ՝ մասնակցելու կինոփառատոնին: Ֆիլմի պրոդյուսերը՝ Արարատ Գրիգորյանը, շատ կարեւորում է այն փաստը, որ ֆիլմը այսօր չափազանց արդիական թեմա ունի եւ ճիշտ ժամանակն է այն ցուցադրելու: «Ճայը» այսօրվա հետ առնչվում է իր թեմայով եւ բովանդակությամբ՝ այն կոչ է խաղաղության եւ մարդկությանը պատերազմներից եւ ատոմային ռումբի կիրառումից զերծ պահելու»,-«Առավոտի» հետ զրույցում նշեց Մաննեն:
«Նախորդ տարի կինոփառատոնում մեր «Ադապտացիան» ստացավ մրցանակ եւ շատ ջերմ ընդունվեց հանդիսատեսի կողմից, որի շարքերում ներկա էին Մինսկի հայ համայնքի ներկայացուցիչներ: Մեզ համար շատ հաճելի էր զգալ նրանց աջակցությունը: Ինչ վերաբերում է «ԵվրազիաԴոկ» փառատոնին, այն պատերազմական թեմաների վրա է դնում շեշտը: Մեզ համար կարեւոր է այս փառատոնին մասնակցությունը, քանի որ հակապատերազմական կոչը այսպես առավել ցայտուն է տեղ հասնում»,-հավելեց մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Նրանից տեղեկացանք, որ նոր ֆիլմի վրա են աշխատում: «Այն կլինի ապրելու եւ կյանքի ամեն պահը զգալու մասին: Չափազանց դժվար է ձեւակերպել իմպրեսիոնիստական ժանրի ֆիլմի մասին ասելիքը, որը դեռեւս մեծ աշխատանք ունի իր առաջ:
Ֆիլմը բժշկական թեմայով է՝ անվերջ վիրահատություններ, հիվանդություններ, որոնցից այսօրվա մարդն ապահովագրված չէ: Որքան դաժան, այնքան էլ հետաքրքիր է այս իրականությունը, լի՝ սպասումներով, վախերով, հաղթանակով կամ հիասթափություններով: Իսկ վիրահատարանից այն կողմ բոլորովին այլ աշխարհ է՝ անչափ ֆիլմային: Եթե ապագայում կորոնավիրուսի տարածումը չխոչընդոտի ցուցադրություններին, ապա մենք ավելի հաճախ կցուցադրենք մեր ֆիլմերը: Նախատեսել ենք նաեւ հեռուստատեսային ցուցադրություններ»,-ասաց Մաննեն:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հ.Գ. Երբ նյութը պատրաստ էր տպագրության, Մաննեն հայտնեց նաեւ, որ «Ճայն» ընտրվել է կարճ ցանկում Յ. Գագարինի անվան Սարատովի կինոփառատոնի ծրագրում եւ սեպտեմբերի վերջին կցուցադրվի Սարատովում:
«Առավոտ» օրաթերթ
25.08.2020