Լավրովը հայկական կողմին մատնանշեց որպես հուլիսյան ռազմական գործողությունների բռնկման հիմնական մեղավոր
Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետ մեկտեղ աշխատում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը շուտափույթ վերսկսելու ուղղությամբ, անցյալ շաբաթ հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ «Труд»-ին տված հարցազրույցում:
Լավրովը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ վերջին 26 տարիների ընթացքում առաջին անգամ դաշտային հրետանու, ականանետների եւ հարվածային անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ բարձր ինտենսիվ մարտեր են ընթացել ոչ թե Լեռնային Ղարաբաղի շփման գծում, այլ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի հատվածում:
Ինչպես նշել է Լավրովը, Ռուսաստանի ԱԳՆ-ն ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրել հակամարտության կարգավորման ուղղությամբ:
Կարդացեք նաև
«Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովն այդ ընթացքում ուղիղ կապի մեջ է եղել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարությունների հետ: Արդյունքում ռուսական ակտիվ միջնորդությամբ, թեկուզ ոչ առաջին փորձից, բայց հուլիսի 16-ին վերադարձել ենք կրակի դադարեցման ռեժիմին»,- ասել է Լավրովը:
Լավրովն անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանին հուլիսին գրանցված էսկալացիային, որը նրա բնորոշմամբ՝ 1994թ.-ի հրադադարի մասին համաձայնագրի երկրորդ լուրջ խախտումն է եղել: Սահմանին ռազմական գործողությունների բռնկման պատճառ ներկայացնելիս՝ Լավրովը ուշագրավ «բացահայտումներ» է արել:
Նրա մատուցմամբ՝ «Ելակետային դրդապատճառ է նաեւ աշխարհագրական գործոնը. հայկական կողմի որոշումը՝ վերականգնելու սահմանային հին անցակետերից մեկը, որը 15 կմ հեռավորության վրա է Ադրբեջանի էներգակիրներ արտահանող խողովակաշարերից, մեկի մոտ զգալի անհանգստություն է առաջացրել, մյուսների մոտ՝ չհիմնավորված պատասխան արձագանք եւ, արդյունքում, հակամարտության թեժացման «կայծը» բռնկվեց՝ հնարավոր բոլոր անկանխատեսելի հետեւանքներով»,- ասել է Լավրովը:
Այսպես, Մոսկվան արձանագրել է, որ ակնկալում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շուտափույթ վերսկսում: Սա դրական փաստ է, ինչը նշանակում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Ռուսաստանը որոշակի աշխատանքներ տանում է՝ բանակցային գործընթացի շարունակականությունն ապահովելու համար:
Սակայն Լավրովի որոշ դիտարկումներ, մեղմ ասած, անհասկանալի են:
Նախ, Լավրովի գնահատականը, թե՝ «հայկական կողմը որոշել է վերականգնել սահմանային հին անցակետերից մեկը, որը 15 կմ հեռավորության վրա է Ադրբեջանի էներգակիրներ արտահանող խողովակաշարերից»: Առաջինը՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին գոյություն չունեին սահմանային անցակետեր, Լավրովն ակնհայտորեն վրիպել է, նա, ըստ ամենայնի, պետք է նշեր ոչ թե «սահմանային անցակետեր», այլ՝ դիրքեր:
Հաջորդը, որն ավելի մտահոգիչ փաստ է, դա այն է, որ Լավրովն, ըստ էության, հայկական կողմին է մատնանշում որպես հուլիսյան ռազմական գործողությունների բռնկման հիմնական մեղավոր: Մինչդեռ 2016թ. ապրիլյան պատերազմը բռնկելու համար Մոսկվան համառորեն խուսափեց Ադրբեջանին որպես մեղավոր մատնանշել: Իհարկե, Մոսկվայի պահվածքն այն ժամանակ ուներ պատճառներ. Մոսկվան ակնկալում էր Լավրովի պլանի ընդունում՝ նաեւ 2016թ. ապրիլյան պատերազմից հետո եւ հանդես էր գալիս ակտիվ միջնորդական ջանքերով, եւ, հավանաբար, պարտավորված էր զգում կրքեր չբորբոքել:
Ստացվում է, ըստ Լավրովի, եթե հայկական կողմը չորոշեր «վերականգնել սահմանային հին անցակետերից մեկը», ապա՝ հակամարտության թեժացման «կայծը» չէր բռնկվի: Մոսկվան, այսպիսով, հանդես է գալիս որպես փրկօղակ՝ Ալիեւի վարած քաղաքականության համար:
Ինչեւէ, հուլիսյան մարտական գործողություններն անցյալ շաբաթ քննարկվել են նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարների մակարդակով:
Օգոստոսի 23-ին Մոսկվայում Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել էր Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ Նրանք քննարկել էին տարածաշրջանային անվտանգային իրավիճակին եւ երկկողմ ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր։
Ըստ ՊՆ-ի հաղորդագրության՝ Տոնոյանն իր գործընկերոջը տեղեկացրել է «հուլիսյան մարտական գործողություններից հետո տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական պետական սահմանին եւ արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող օպերատիվ իրավիճակի մասին»։ Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ որոշ պետությունների ագրեսիվ հռետորաբանությունը եւ իրականացվող ռազմական բնույթի քայլերը միտված են տարածաշրջանային իրավիճակի ապակայունացմանն ու ռազմականացմանը։ Սերգեյ Շոյգուն կարեւորել է կայունության ամրապնդմանն ուղղված քայլերի իրականացումը բոլոր պետությունների կողմից։
Հաղորդագրությունում նաեւ ասվում էր. «Ընդգծելով հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական դաշնակցային բնույթը` նախարարները քննարկել եւ պայմանավորվածություններ են ձեռք բերել ռազմական համագործակցության ուղղությամբ առաջիկա անելիքների շուրջ»:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 25.08.2020