News.am. Եթե գույքահարկը բարձրացնում են 10 անգամ, աշխատավարձն էլ 5 անգամ պետք է բարձրացնեն: Այս մասին այսօր` օգոստոսի 25-ին, ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Աշխարհում նայեք, որտե՞ղ է գույքահարկը ավելանում, ոչ մի տեղ: Եթե մարդը նույն թոշակն է ստանում, դու գույքահարկը բարձրացրիր 10 անգամ, հա հիմա չէ, 2021 թվականի հունվարին, բայց որտեղից վճարի: Պետք է աշխատավարձը բարձրանա 5 անգամ, նոր գույքահարկը 10 անգամ ավելանա, դա հասարակ տրամաբանություն է: Այսօր մենք ունենք 1 700 000 վարկառու, ընտանիքից 2-3 հոգի վարկի տակ են, ու նրանք գոյատեւում են, պայքարում են, որ դուրսը չմնան, անտուն, անգործ չմնան»,-ասաց նա:
Ուսանողներից մեկի հնչեցրած այն մտահոգությանը, որ այս տարի ուսման վարձավճարը բարձրացրել են, Գագիկ Ծառուկյանը վրդովվեց եւ ասաց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը սեպտեմբերին այդ հարցը կբարձրացնի ԱԺ-ում. «Մարդիկ 6 ամիս չեն աշխատել, ո՞նց կարելիա նման բան անել, ո՞վա էդ որոշումը կայացրել, ինքը էդ իրավիճակին տիրապետո՞ւմ է, որ մարդիկ չեն կարողանում գոյատեւեն, մի բան էլ բարձրացնում են վարձը»: