Լրահոս
Օրվա լրահոսը

«Սևան» ֆուտբոլային ակումբը պահանջել է ՀՖՖ գործկոմի իր անդամի հրաժարականը

Օգոստոս 25,2020 23:40

Հարգելի ֆուտբոլասերներ,

մեր նախորդ հայտարարությունում արդեն հայտնել էինք, «Սևան» ֆուտբոլային ակումբի ծրագրերը, որոնք կապված էին Սևան քաղաքում կառուցվող մարզադաշտում թիմը տեղակայելու և այնտեղ մանկապատանեկան դպրոց հիմնելու հետ որոնք ցավոք չիրականացան:

Այդ պատճառով ակումբը պլանավորում է իրականացնել անվանափոխում և ընտրել զարգացման նոր ուղի: Մեր նպատակն է լինելու ունենալ սեփական մարզադաշտ, հիմնադրել մանկապատանեկան դպրոց: Առաջիկայում կտեղեկացնենք մեր ծրագրերի մասին:

Միաժամանակ ուզում ենք անդրադառնալ հայկական ֆուտբոլում կատարվող վերջին մի քանի իրադարձություններին և հայտնել մեր ակումբի դիրքորոշումը:

1.Ողջունում ենք Տիգրան Հակոբյանի և Արմեն Շահգելդյանի ՀՖՖ գործկոմի անդամի գործունեությունից հրաժարվելու քայլը և լիովին ընդունում ենք այդ քայլի դրդապատճառները:

2.ՀՖՖ գործկոմի մեկ այլ անդամ՝ Կարեն Շաբոյանը, որի թեկնածությունը ՀՖՖ վերջին ընտրություններին մեր ակումբն էր առաջադրել, իր վերջին հարցազրույցում հայտարարել է, մեջբերում ենք.

«Հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ հավաքվել է բացառապես ֆուտբոլային գործկոմ: Այսինքն՝ գործկոմի անդամները ֆուտբոլային շահառուներ են՝ ակումբների ներկայացուցիչներ և հիմնադիրներ, մարդիկ, որոնք անմիջական առնչություն ունեն ֆուտբոլի հետ և ներկայացնում են հայկական ֆուտբոլի, ինչպես նաև սեփական շահերը»:

Խնդրում ենք Կարեն Շաբոյանին իր հաջորդ հարցազրույցում նշել, թե քանի անգամ է այս ընթացքում հետաքրքրվել այն ակումբով, որի կողմից նա առաջադրվեց որպես ՀՖՖ գործկոմի անդամ: Թե քանի անգամ է հետաքրքրվել ակումբի առօրյայով, խնդիրներով կամ ծրագրերով:

Ի՞նչ է արել Կարեն Շաբոյանը ակումբի համար՝ ներկայացնելով ակումբը գործկոմում: Փորձե՞լ է արդյոք որևէ կերպ գործկոմի նիստերում անդրադառնալ ակումբի ամենացավոտ հարցին՝ «Սևան»-ի մարզադաշտին, որի շուրջ կառուցված էին ակումբի ծրագրերը և նպատակները: Կամ փորձե՞լ է Կարեն Շաբոյանը գործկոմի նիստերի ժամանակ բարձրաձայնել այն հարցը, թե ինչու ՀՖՖ-ն, չնայած խոստումներին, ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի կողմից համավարակից առաջացած տնտեսական և ֆինանսական խնդիրները հաղթահարելու համար ստացված բազմամիլիոնանոց օգնությունից այդպես էլ ոչ մի գումար չտրամադրեց մեր և մյուս ակումբներին, թե ինչու այս տարվա բարձրագույն խմբի թիմերին ՀՖՖ-ն պատրաստվում է տրամադրել 50-ական գնդակներ, իսկ առաջին խմբի թիմերին` ոչինչ:

Ուզում ենք նաև հիշեցնել Կարեն Շաբոյանին, որ ի սկզբանե ակումբի կողմից, որպես ՀՖՖ գործկոմի անդամի թեկնածու պատրաստվում էր առաջադրվել ակումբի հիմնադիր և նախագահ Հայկ Գրիգորյանը, սակայն ՀՖՖ ներկայիս ղեկավարության հորդորով և տրված որոշ խոստումներից հետո այդ տեղը զիջվեց Կարեն Շաբոյանին՝ պայմանով, որ վերջինս ամեն կերպ կներկայացնի և կպաշտպանի ակումբի շահերը գործադիր կոմիտեում: Թե ինչ կերպ է կատարել Կարեն Շաբոյանը իր առաքելությունը գործադիր կոմիտեում` մեծ անհամբերությամբ կուզենանք լսել հենց Կարեն Շաբոյանից:

Ամփոփելով հայտնում ենք մեր դիրքորոշումը, որ սխալվել ենք` առաջադրելով Կարեն Շաբոյանին ՀՖՖ գործկոմի անդամ:

Քաջ գիտակցում ենք և ցավում, որ չկա ՀՖՖ բարձրագույն գործադիր մարմնում ակումբի սեփական ներկայացուցչի անգործության համար հետկանչի իրավական ինստիտուտ, բայց միևնույն ժամանակ նշում, որ հարցի լուծման բարոյական կողմը դեռևս ոչ ոք չի չեղարկել: Հետևաբար հորդորում ենք Կարեն Շաբոյանին դադարեցնել ՀՖՖ գործկոմի անդամի իր գործունեությունը, քանի որ նույնիսկ իր թեկնածությունն առաջադրած սեփական ակումբի ճակատագրին և խնդիրներին անտարբերությամբ վերաբերվող անձը` չի կարող որևէ կերպ ներկայացնել ողջ հայկական ֆուտբոլի շահերը:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31