Ռուսաստանը շահագրգռված չէ Անդրկովկասում լարվածության էսկալացիայով և նրա գործողություններն ուղղված չեն այդ տարածաշրջանում երրորդ երկրների դեմ: Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն Բաքվում իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը:
«Գիտենք և տագնապով հետևում էինք այն իրադարձություններին, որոնք տեղի ունեցան Հայաստանի հետ սահմանին… Եվ գիտենք այն տագնապների մասին, որոնք առկա էին դեպի մեր ռազմաբազա թռիչքների կապակցությամբ: Ես ուզում եմ միանգամից ասել՝ մեր բոլոր գործողությունները երբևէ ուղղված չեն եղել և այժմ էլ ուղղված չեն Ադրբեջանի՝ մեր հարևանի և մեր գործընկերոջ դեմ: Ռուսաստանը շահագրգռված չէ Անդրկովկասում լարվածության էսկալացիայով»,- ասել է Շոյգուն:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայում իրականացնում է սոցիալական օբյեկտների շինարարություն, որոնցով զինծառայողներն ապահովված չեն: «Սրա հետ է կապված որոշ աննշան ակտիվություն: Եվ երկրորդ մասը զորակոչի նախագիծն է: Ինչ-որ մեկին պետք է տուն վերադարձնել, ինչ-որ մեկին՝ ընդհակառակը»,- նշել է ՌԴ ՊՆ-ի ղեկավարը:
«Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ մեր գործողությունները և քայլերը երբևէ ուղղված չեն եղել Ադրբեջանի դեմ և այսօր ևս ուղղված չեն »,- վստահեցրել է նա:
Կարդացեք նաև
Շոյգուն նաև հայտնել է, որ Ռուսաստանը և Ադրբեջանը այս կամ գալիք տարում կվերականգնեն համագործակցության նախկին տեմպը, որը նվազել է կորոնավիրուսի համավարակի պատճառով:
«Ռազմական համագործակցության մեր հորիզոնները նեղացել են ինչ-որ չափով համավարակի պատճառով, սակայն ես միանգամայն համոզված եմ, որ այսօր մենք կքննարկենք և կձեռնարկենք անհրաժեշտ միջոցները, որպեսզի այս ժամանակահատվածում բաց թողնվածը վերականգնվի, եթե ոչ այս, ապա հաջորդ տարի»,- հավելել է Շոյգուն:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ