Լրահոս
Օրվա լրահոսը

«Բաքուն ԵԱՀԿ ՄԽ-ից, ՌԴ-ից ակնկալում է հետևողական քայլեր». Ադրբեջանի ԱԳ նախարար

Օգոստոս 25,2020 21:55

Ադրբեջանի ԱԳ նախարարը անդրադարձել է Արցախի հակամարտության կարգավորմանը Մոսկվա այցի նախաշեմին

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Ռուսաստան այցի նախաշեմին հարցազրույց է տվել ՏԱՍՍ գործակալությանը, որում անդրադարձել է նաև Արցախի հակամարտության կարգավորմանը, հայ-ադրբեջանական սահմանային վերջին լարվածությանը:

Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսքով՝ ռուս-ադրբեջանական հարաբերություններում կարևոր տեղ է զբաղեցնում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող քննարկումները: Ըստ տեղեկատվության Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցը առանցքային է լինելու Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը: Բայրամովը նշել է, որ պաշտոնական Բաքուն ԵԱՀԿ Մինսկի խմբից, այդ թվում՝ Ռուսաստանից ակնկալում է հետևողական քայլեր կառուցողական և սուբստանտիվ բանակցությունների շրջանակներում՝ խաղաղ գործընթացն առաջ տանելու համար:

Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարարը Հայաստանին հերթական անգամ մեղադրել է հուլիսին Տավուշի ուղղությամբ այսպես կոչած սադրանքների մեջ և թվարկել է ադրբեջանական կողմի կրած վնասները, անդրադարձել հակամարտության «սկզբնական» պատճառներին՝ հղում անելով Բուդապեշտի գագաթաժողովի փաստաթղթին, ՄԱԿ-ի բանաձևերին:

«Հույս ունենք, որ միջազգային հանրությունը, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խումբը, կհարկադրեն Հայաստանին հրաժարվել ստատուս-քվոյի պահպանման քաղաքականությունից և սկսել սուբստանտիվ բանակցություններ, որոնց շրջանակները հաստատվել են ՄԱԿ Անվտանգության խորհրդի վերոնշյալ բանաձևերով և ԵԱՀԿ որոշումներով, առաջին հերթին 1994թ. Բուդապեշտի փաստաթղթով, որը համանախագահների առաջ դնում է հստակ խնդիր, այն է անհապաղ կնքել զինված հակամարտությունը դադարեցնելու համաձայնագիր, որի իրականացումը կվերացնի զինված հակամարտության հետևանքները և պայմաններ կստեղծի՝ քաղաքական հարցեր լուծելու համար»,-ասել է Բայրամովը:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք անհրաժեշտ է միջազգային տարբեր մեխանիզմների ներգրավում՝ հայ-ադրբեջանական սահմանին հրադադարը վերահսկելու համար, նախարարը պատասխանել է, որ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի մոնիթորինգի մեխանիզմ արդեն գոյություն ունի՝ ի դեմս ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գլխավորած առաքելության: «Մենք մոնիթորինգի հարցը դիտարկում ենք զորքերի դուրսբերման և վտարված բնակչության վերադարձի համատեքստում»,-հավելել է ադրբեջանցի նախարարը:

Նա նաև ասել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ցանկանում են աշնանը կազմակերպել հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև: «Բայց Հայաստանի գործողությունները փաստացի առ ոչինչ են դարձնում միջնորդների ջանքերը»,- ասել է Բայրամովը՝ հավելելով, որ Հայաստանն իբրև թե խափանում է խաղաղ բանակցությունները վերսկսելու հնարավորությունը:

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Հայաստանին զենքի մատակարարումներին՝ Բայրամովն ասել է, որ Ադրբեջանի հանրությունը լուրջ անհանգստություններ ունի այս առումով: Արտգործնախարարը նաև տեղեկացրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բարձրացրել է այս հարցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ: Բայրամովի խոսքով՝ այդ մատակարարումները սպառնալիք են Ադրբեջանի անվտանգության համար:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31