Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Գորգիսյանը չհամոզեց Հերիքնազ Տիգրանյանին

Օգոստոս 25,2020 17:30

«Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցությունն առաջարկում է  խորհրդարանական ընտրություններում կիրառել բաց համամասնական ցուցակների ընտրակարգ: Այսօր, Ընտրական օրենսգրքի հանրային առցանց քննարկման ժամանակ, այդ առաջարկը ներկայացրեց խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը: «Լուսավոր Հայաստանի» առաջարկով, կուսակցությունը կարող է ներկայացնել ասենք 30 հոգանոց ցուցակ եւ քաղաքացին ընտրի, թե այդ կուսակցության ո՞ր անդամին է ցանկանում տեսնել խորհրդարանում: Սրան, իրենց կարծիքով, կարելի է համադրել նաեւ կուսակցական համամասնական ցուցակները. այսինքն, կուսակցությունում կկազմվի համամասնական ցուցակը եւ, ըստ քաղաքացիների տված քվեի, կուսակցական ցուցակում տեղաշարժեր կլինեն:

Գեւորգ Գորգիսյանն իրենց առաջարկն այսպես է հիմնավորում՝ այսպիսով ներկուսակցական ժողովրդավարությունը կխթանենք, տարբեր մարզերից մարդկանց համամասնական ցուցակներում ընդգրկելու, ապա նաեւ խորհրդարանում ներկայացված լինելու հնարավորություն կտանք, նաեւ՝ կուսակցության ներսում կերեւա, թե քաղաքացիներն ում են ավելի շատ վստահում:

Բաց համամասնական ցուցակների մոդելները բազմաթիվ են, Եվրոպայի մոտ երեք տասնյակ երկրներ նման տարբերակ կիրառում են: Եթե գաղափարն ընդունելի է, «Լուսավոր Հայաստանում» պատրաստ են քննարկել տարբեր մոդելների կիրառության հարցը:

Նման համակարգը, ըստ «Լուսավոր Հայաստանի», կփրկի կուսակցությունները մի քանի մարդկանց շահերին ծառայելուց եւ լճանալուց:

Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը գտնում է, որ փակ համամասնական տարբերակի պետք է անցնել, բայց, եթե լուրջ հակափաստարկներ լինեն, պատրաստ է վերանայել մոտեցումները:

Գեւորգ Գորգիսյանը վստահեցնում է, որ բաց ցուցակի դեպքում պայքարը գաղափարական է դառնում, քանի որ ընտրողը տեսնում է թիմ եւ նրա ներկայացրած ծրագիրը, ու շատ հնարավոր է՝ այդ համադրությունից ելնելով որոշում կայացնի՝ ընտրե՞լ այդ կուսակցությանը, թե՝ ոչ: Նրա դիտարկմամբ՝ փակ ցուցակի դեպքում պատասխանատվությունն առաջին համարի վրա է ընկնում՝ ընտրողը ճանաչում, ընտրում եւ պահանջում է այդ մեկ մարդուց, իսկ հակառակ պարագայում, լուծում ենք նաեւ մարդ-կուսակցությունների խնդիրը:

Գեւորգ Գորգիսյանի փաստարկները Հերիքնազ Տիգրանյանին չհամոզեցին: Փաստարկները համոզիչ չէին նաեւ քննարկման մյուս մասնակիցների համար, քանի որ չկա երաշխիք, որ, ասենք, 40 թեկնածուներից նորից այդ մեկը՝ օլիգարխը չի ընտրվի: Գեւորգ Գորգիսյանը, մինչդեռ վստահ է, որ իրենց առաջարկած մեխանիզմը կուսակցության ներսում քաղաքական գործիչների մրցակցության հնարավորություն է ստեղծում, նաեւ պատասխանատվություն է ձեւավորում ընտրողների առջեւ, ու ոչինչ չանելով, քաղաքական ակտիվություն չդրսեւորելով, մարդն այլեւս չի կարող խորհրդարանում հայտնվել, առավել եւս կուսակցական ցուցակների տասնյակներում ընդգրկվել՝ կուսակցության ղեկավարի սանիկ լինելու կամ նրան ինչ-որ կերպ շահագրգռելու պատճառով:

Քննարկմանը մասնակից ՀԿ-ների, որոնք տարբեր ընտրություններում դիտորդական առաքելություն են իրականացրել, ներկայացուցիչների կարծիքով,  երկար ցուցակները խնդիր են լինելու ընտրողների համար, եւ օգնողներ են պետք լինելու: Իսկ էլեկտրոնային համակարգով այդ ամենն անելն է’լ ավելի է բարդացնում հարցը: Գեւորգ Գորգիսյանը հակադարձում է՝ «օգնողների ինստիտուտը» ներդրվել է ընտրակաշառքը վերահսկելու համար: Մնացածի մասով էլ հավելում է՝ ուղղակի թերագնահատում եք մեր քաղաքացիներին եւ բերում է Ուկրաինայի նախագահական ընտրությունների փորձը, որտեղ 39 թեկնածու է եղել եւ ուկրաինացի ընտրողները չեն խճճվել: Գեւորգ Գորգիսյանը չի կարծում, որ մեր ընտրողները կխճճվեն:

Քննարկմանը մասնակից ՀԿ-ներից մեկի ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանը, միեւնույն է, մնաց անդրդվելի: Ըստ նրա` այս տարբերակներով փաստացի մեծամասնական համակարգից առաջ չենք անցնում, իսկ այդ համակարգը, իր գնահատմամբ, 30 տարի ապացուցել է, որ լավը չէ:

Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանն էլ մի քանի դիտարկումներ ներկայացրեց: Մասնավորաբար, եթե տարանջատված ցուցակներ են լինելու, ապա չկա երաշխիք, որ ցուցակների ձեւավորման գործընթացը կուսակցական պառակտումների չի բերի, քանի որ պարզ չէ, թե ինչ մեխանիզմով եւ ովքեր են որոշելու ասենք, ցուցակի առաջին 30 անդամներին, ովքե՞ր են զբաղեցնելու առաջին երեք հորիզոնականները, անհատի հետ կապված արգելապատնեշներ լինելո՞ւ են, թե՝ ոչ եւ այլն: Համազասպ Դանիելյանը նաեւ կարծում է, որ կարող է լինել մարդ, ով հանրային լայն ճանաչում կարող է չունենալ, տվյալ տարածքի խնդիրներով չկարողանա զբաղվել, բայց պետության համար առանցքային տեղում առանցքային դերակատարում կարող է զբաղեցնել:

Համազասպ Դանիելյանի մտավախությունների մասով Գեւորգ Գորգիսյանն ասում է, որ կարելի է արգելապատնեշ սահմանել 25 հազար ձայնը կամ քննարկել եւ գտնել մեր երկրի համար կիրառելի սահմանը: Եթե կա անձ, ով քիչ ձայն է ստացել, բայց նրա ներկայությունը խորհրդարանում կարեւոր է պետության համար, ապա իրենց առաջարկած կոմբինացված ցուցակներով այդ խնդիրը լուծվում է:

Մանրամասները՝ տեսանյութում

https://www.facebook.com/parliament.am/videos/635280500428486/

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31