Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ առաքելությամբ էր Արթուր Վանեցյանը Արցախում, ինչի՞ց պետք է զգուշանա Հայաստանի իշխանությունը

Օգոստոս 25,2020 18:30

Aravot.am-ի զրուցակիցն է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը

«Հայրենիք» կուսակցության անդամներն՝ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ, անցած շաբաթ Արցախում էին, տարբեր հանդիպումներ եղան, տարբեր պաշտոնական եւ ոչ պաշտոնական տեղեկություններ շրջանառվեցին այդ հանդիպումների հետ կապված: Ի վերջո, Արցախի նախագահի հետ ի՞նչ պայմանավորվածություն էր եղել ի սկզբանե, գաղտնի հանդիպում եղե՞լ է, ինչպես մամուլը գրեց: Ինչո՞ւ Արայիկ Հարությունյանը հրապարակային բացատրություններ հնչեցրեց, թե ինչու չի ընդունել Արթուր Վանեցյանին:

– Մեր այցն աշխատանքային էր, նախատեսել էինք հանդիպումներ Արցախի քաղաքական ուժերի մեր գործընկերների, հոգևոր առաջնորդների և ազատամարտիկների միության ներկայացուցիչների հետ։ Մեր պլանավորած բոլոր հանդիպումները, առանց բացառությունների, կայացել են։ Իմ ունեցած տեղեկություններով՝ պաշտոնական, արարողակարգային հանդիպում Արայիկ Հարությունյանի հետ՝ որպես Արցախի նախագահի, նախատեսված չի եղել։ Մեր կուսակցությունում գաղտնի հանդիպումներ չեն լինում։ Կարող են լինել հանդիպումներ, որոնց մանրամասներից տեղեկություն տրամադրելը համարենք ոչ նպատակահարմար։ Կարող են լինել նաև ոչ պաշտոնական հանդիպումներ, ոչ աշխատանքային հանդիպումներ։ Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանի կողմից հնչած հրապարակային բացատրություններին, ապա այդպիսի բացատրություններ ինձ հայտնի չեն։ Թեմայի առնչությամբ նախագահ Հարությունյանի մամուլի քարտուղարն էր փորձել մտքեր հնչեցնել, սակայն հետագայում այդ անհաջող մտքերի հետ կապված խոսնակը պարզաբանեց, որ դրանք իր անձնական տեսակետներն են։ Չեմ կարևորում խոսնակի անձնական տեսակետները, ուստի դրանց անդրադառնալու կարիք չեմ տեսնում։

– Ի դեպ, իշխող «Իմ քայլը»  խմբակցության պատգամավորներն են հետո շտապել Արցախ, եւ ինչպես Անդրանիկ Քոչարյանը երեկ՝ Հ1-ին տված հարցազրույցում բացատրեց, ինքն Արցախի ԱԱԽ քարտուղար Սամվել Բաբայանին հարցրել է՝ Վանեցյանն ի՞նչ էր անում Արցախում: Առհասարակ, Արցախ իր այցի ժամանակ, Անդրանիկ Քոչարյանը փորձել է հասկանալ՝ ի՞նչ էր անում Արցախում Արթուր Վանեցյանն, ով, իր բնութագրմամբ, քաղաքական օրակարգ չունեցող քաղաքական կուսակցության ղեկավար է:

– Անկեղծ ասած՝ ինձ բոլորովին չի հետաքրքրում, թե իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները, առավել ևս տխրահռչակ Անդրանիկ Քոչարյանն ո՞ւր և ինչո՞ւ են շտապել։ Ինչ վերաբերում է մեր այցի մասին տեղեկություններ ստանալուն, ապա դրա համար որևէ տեղ հասնել պետք չէր, այդ պատրվակով բյուջեի հաշվին Արցախում լրացուցիչ խնջույքներ կազմակերպելու կարիք չկար, կարելի էր պարզապես բացել մամուլն ու կարդալ։ Մեր այցի նպատակը, ընթացքն ու արդյունքներն ամբողջությամբ ու սպառիչ լուսաբանվել են մամուլում։

-Պարոն Քոչարյանն ակնարկում էր, որ ընտրությունների ավարտից հետո, երբ Արցախում քաղաքական կոնսենսուս կա, անհասկանալի է Արթուր Վանեցյանի Արցախում գտնվելը, «Ռեմբոյի» կեցվածքով նկար հրապարակելը Արշավիր Ղարամյանի, Լեւոն Մնացականյանի, Սամվել Կարապետյանի եւ այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ովքեր ժամանակին եղել են Արթուր Վանեցյանի ղեկավարած գերատեսչության ուշադրության ներքո՝ քաղաքական եւ տարբեր քրեական գործերի շրջանակներում: Ի՞նչ առաքելությամբ էր Արթուր Վանեցյանը գտնվում Արցախում, ինչի՞ց պետք է զգուշանա Հայաստանի իշխանությունը:

– Հետաքրքիր զուգադիպությամբ Ձեզ հետ զրուցում եմ Գյումրիից։ Երբ շփվում ես Գյումրու բնակիչների հետ, ծանոթանում ես նրանց՝ Անդրանիկ Քոչարյանի մասին ունեցած կարծիքներին, խորապես թքած ես ունենում, թե ինչ է ակնարկում Անդրանիկ Քոչարյանը։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31