Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էջմիածնում կասեցվել է մի քանի ընկերության գործունեություն. ինչ են փաստում տեսչական մարմինների մշտադիտարկումները

Օգոստոս 25,2020 18:00

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր ևս մայրաքաղաքում և մարզերում շարունակել է մշտադիտարկման լայնածավալ աշխատանքները։ ԱԱՏՄ աշխատանքային խմբերի դիտարկման տիրույթում են եղել խոշոր բժշկական կազմակերպություններ, կարի և պահածոների արտադրամասեր, ատամնաբուժական կաբինետներ, դեղատներ, գեղեցկության սրահներ, խոշոր սուպերմարկետների մասնաճյուղեր, մանրամեծածախ առևտրի կետեր։

Արձանագրվել են մի շարք խախտումներ, որոնց վերաբերյալ կազմված արձանագրությունները կուղարկվեն պարետատուն։
Տեսչական մարմնի կողմից այսօր նաև Էջմիածին քաղաքում կասեցվել է մի քանի ընկերության գործունեություն: Կասեցման հիմք են հանդիսացել ավելի վաղ իրականացված մշտադիտարկման արդյունքում արձանագրված խախտումները։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ամենօրյա ռեժիմով անակնկալ ստուգայցերն ու ուժեղացված վերահսկողական աշխատանքները շարունակվում են ողջ հանրապետությունում։

ՔՏՀԱՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել Երևանի Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններում

Երևանի Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններում օգոստոսի 25-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ շարունակել են իրականացնել ուժեղացված վերահսկողություն հանրային տրանսպորտի անվտանգ գործունեության նկատմամբ։

Մասնավորապես՝ Արցախի փողոցի և Աբովյանի պուրակի հարակից տարածքներում իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգում հայտնաբերվել են առջևի նստատեղին ուղևորի առկայությամբ փոխադրման դեպքեր։

Կանոնավոր երթուղիներում ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում կրկին հայտնաբերվել են սահմանված քանակից ավել ուղևորներով փոխադրումներ իրականացնելու դեպքեր։

Արձանագրված խախտումների դեպքերով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
Տեսչական մարմնի մասնագետները մշտադիտարկումների և վերահսկողության հետ համատեղ իրականացրել են նաև լայնածավալ բացատրական և իրազեկման աշխատանքներ, տվել պարտադիր կատարման ցուցումներ։

ՀՀ պարետի որոշման պահանջներին խստագույնս հետևելու նպատակով՝ Տեսչական մարմնի կողմից իրականացվող դիտարկումները և վերահսկողական գործառույթները շարունակվելու են ողջ օրվա ընթացքում:

ՍԱՏՄ ստուգայցերը շարունակվում են ամբողջ հանրապետությունում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, իր լիազորությունների շրջանակում, շարունակում է կորոնավարակով պայմանավորված վերահսկողական աշխատանքները սննդի շղթայի օպերատորների մոտ: Հանրապետության ամբողջ տարածքի հանրային սննդի կետերում, իրացման ցանցում ու սննդի արտադրություններում ՍԱՏՄ տեսուչների կողմից իրականացվող ստուգումներն ու կրկնայցերը տնտեսավարողներին պահում են սթափ, զգոն վիճակում. վերջիններս պատասխանատվությամբ են վերաբերվում պարետի որոշումներին՝ կատարելով դրանցում ամրագրված ցուցումները:

Այսօր մարզերից երկուսի հանրային սննդի մի քանի կազմակերպություններում թերացումներ են եղել, ինչի կապակցությամբ կազմվել են արձանագրություններ. թերի են լրացվել ջերմաչափման և ախտահանման մատյանները, խախտվել է դիմակ կրելու պահանջը, փակ աղբամաններ դրված չեն եղել նախատեսված վայրերում:

ՍԱՏՄ-ն շարունակելու է մանրակրկիտ մշտադիտարկումները՝ ուղղված պարետի սահմանած կանոնների պահպանմանն ու կորոնավարակի հաղթահարմանը։

ՇՎՏՄ-ն շարունակում է ստուգայցերը. խախտումներ չեն արձանագրել

Այսօր՝ օգոստոսի 25-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կրկնայցեր է իրականացրել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: ՇՎՏՄ-ի աշխատակիցները, որոնք հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ մշտադիտարկումներ են իրականացնում պարետի՝ օգոստոսի 18-ի N 253 որոշման համաձայն, այցելել են մի շարք բենզալցակայաններ, գազալցակայաններ, խոշոր առևտրի կենտրոններ ու շինանյութի խանութներ:

Խախտումներ չեն հայտնաբերվել: Բոլոր տնտեսավարողների մոտ փակցված են եղել դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները, առկա են եղել փակ աղբամանները, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները:

Տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկում իրականացնել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

ԲԸՏՄ-ն Երևանի Կենտրոն վարչական շրջանի կանաչ գոտիներում էական խախտումներ չի արձանագրել

Նոր կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ ուղղված պայքարի հերթական կանխարգելիչ միջոցառումը ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցներն այսօր իրականացրել են մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում:
Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի ու Կարապի լճի հարակից զբոսավայրերում, կանաչ գոտիներում անցկացված մշտադիտարկումների արդյունքում էական խախտումներ չեն արձանագրվել։ Գրանցվել են սոցիալական հեռավորություն չպահպանելու եզակի դեպքեր։

Դիմակ չկրող երկու քաղաքացի ներկայացրել է քրոնիկ հիվանդության փաստը հաստատող բժշկական համապատասխան փաստաթուղթ (ՀՀ պարետի որոշման համաձայն վերջինիս առկայության դեպքում անձը հանրային բաց տարածքներում կարող է դիմակ չկրել)։

Տեսչական մարմնի մասնագետները մշտապես կատարվող լայնածավալ իրազեկման և բացատրական անհատական աշխատանքների ընթացքում քաղաքացիներին տրամադրել են գործարանային արտադրության բժշկական դիմակներ, հորդորել փոխել առնվազն 3 ժամը մեկ։

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31