Արտակարգ դրության ռեժիմի պատճառով ոչ մի երկիր չի ցանկանում վերականգնել ՀՀ հետ հաղորդակցությունը, ինչը մեծ վնասներ է հասցնում, ինչպես երկրի տնտեսությանը, այնպես էլ հավելյալ բարդություններ է ստեղծում ՀՀ վերադառնալ ցանկացող մեր հայրենակիցների համար: Այս մասին #bRightTalk ձևաչափի տասներեքերորդ մասի շրջանակում հայտարարել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Մարուքյանն անդրադառնալով համավարակի տնտեսական հետևանքներին նշեց, որ վատ կառավարման հետևանքով համավարակն աննախադեպ տարածում ունեցավ Հայաստանում, և դրան զուգահեռ երկրի տնտեսությունն էլ աննախադեպ անկում ապրեց։
«Իշխանության խայտառակ կառավարման հետևանքով, պանդեմիան Հայաստանում «թռավ» օդը, իսկ տնտեսությունն էլ «իջավ» ներքև, և մենք երկու դաշտում էլ պարտվեցինք։ Պանդեմիան Հայաստանում կառավարվել է ամենախայտառակ ձևով»,-նշեց Մարուքյանը:
Մարուքյանն անդրադարձավ նաև երկրի փակ սահմաններին և շուրջ 5 ամիս հայտարարված Արտակարգ դրությանը։
Կարդացեք նաև
«Հայաստանն այն երկրներից է, որ շուրջ 5 ամիս Արտակարգ դրություն է հայտարարել, և անընդհատ ասվում է սահմանները բացեք խայտառակ իրավիճակ է, բայց, երբ ես խոսում եմ դեսպանների հետ, նրանք ասում են, որ սահմանները բացելու համար գոնե Արտակարգ դրություն չպետք է գրված լինի Հայաստանի Հանրապետության անվանման առջևում։ Արտակարգ դրությունը նշանակում է, որ այդ երկրի հետ դեռ պետք չի գործ ունենալ։ Շատ երկրներ, որտեղ պանդեմիան շատ ավելի վատ վիճակում է, չկա հայտարարված Արտակարգ դրություն։ Մեր կարծիքով առաջին ամսի Արտակարգ դրությունը ծայրահեղ անհրաժեշտ էր, որից հետո պետք է այն հանվեր, և հակահամաճարակային այլ կանոններով իրավիճակը պահվեր։ Այդ դեպքում մեր տնտեսությունն էլ, դրսի շփումներն է պետք էր հնարավորինս նվազ մակարդակով պահել, որովհետև մենք գիտենք, թե որքան ենք կախված ԱՊՀ երկրներից, և եթե այս ընթացքում 5000 մարդ էլ երկիր եկած լիներ, որը որ չի եկել ինքնաթիռով, մեր տնտեսության վրա դրական ազդեցություն էր ունենալու։ Այն պատճառները, որ բերվում են Վրաստանի մասով, կարող եմ ասել, որ հնարավոր էր Վրաստանի հետ խոսել այդ ամենը»,-հավելեց Մարուքյանը
Մարուքյանն անդրադառնալով տնտեսական ճգնաժամի սպասվող խորացմանը նշեց, որ գործող իշխանությունը չի կարողանալու կառավարել նաև ճգնաժամը։
Մարուքյաննը նշեց նաև, որ սպասվող տնտեսական ճգնաժամին ընդառաջ պետք է փոխել կառավարության ողջ տնտեսական բլոկը։
«Մեր լուծումն այն է, որ պետք է փոխվի կառավարության ամբողջ տնտեսական բլոկը, ինչի մասին ասել ենք դեռևս երկու տարի առաջ։ Ես ելույթ ունեմ որտեղ ասում եմ, որ պարոն Վարչապետ պետք է ազատվեք Սերժ Սարգսյանի երկրորդ էշելոնի կադրերից։ Պատկերացնում եք կադրեր, որ եղել են երկրորդ շարքում էսօր առաջին դեմքեր են կառավարությունում և վարչապետ Փաշինյանի տնտեսական բլոկում են։ Բնականաբար նրանք տապալելու են այդ ամեն ինչը։ Այսինքն` նրանք տապալողներ են, իսկ վարչապետն էլ տնտեսություն չգիտի, և տապալվելու է ամեն ինչ։ Վարչապետը գոնե պետք է մնա քաղաքական որոշումների մասով, ասի ես չեմ խառնվում, բերի տնտեսությունից հասկացող մարդկանց, այդ առաջին էշելոնը ազատի և դասավորի այդ մարդկանց էդտեղ, որ նրանք զբաղվեն տնտեսությամբ»,- ասաց Մարուքյանը։
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն