Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում քննարկելու են արցախյան հակամարտության կարգավորման խնդիրը: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում:
Ըստ տեղեկատվության՝ օգոստոսի 26-ին Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով լինելու է Մոսկվայում և Լավրովի հետ քննարկելու է երկկողմանի հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի առանցքային ասպեկտներ, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտությունը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ռուսաստանն ավելի քան երկու տասնամյակ կարևոր միջնորդ է հանդիսանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: «Հաշվի առնելով մեր ժողովուրդների աշխարհագրական հարևանությունը և ընդհանուր պատմությունը՝ այս հակամարտության լուծումն առաջնային նշանակություն ունի մեզ համար: ՌԴ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների թվին է պատկանում աջակցել կողմերին՝ հակամարտությունը լուծելու հարցում»,-ասվում է գերատեսչության հաղորդագրությունում:
Ըստ Ռուսաստանի արտգործնախարարության՝ երկու երկրների փոխհարաբերություններում կարևոր բաղադրիչը միջտարածաշրջանային համագործակցությունն է:
Կարդացեք նաև
Նշենք, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն աշխատանքային այցով գտնվում է Ադրբեջանում, նրան ընդունել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ