Հայաստանի մտավոր սեփականության պաշտպանության խորհուրդը և Ազգային հոգևոր արժեքների պաշտպանության ազգային ճակատ հասարակական կազմակերպությունները և սոցիալական շարժման ներկայացուցիչները առաջիկայում մտադիր են հանդես գալ սոցիալական արդարադատությանը միտված նախաձեռնությամբ։ «Փաստարկ» մամուլի ակումբում օգոստոսի 25-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Ազգային և հոգևոր արժեքների պաշտպանության ազգային ճակատի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը։
«Փաստաբաններից կազմված խումբը առկա իրավիճակին ավելի հանգամանալից ծանոթանալու նպատակով նպատակադրվել է սկզբնական շրջաններում գրասենյակներ բացել Հայաստանի մարզային մի շարք համայնքներում։ Նախաձեռնության նպատակը բանկային համակարգի հանդեպ բանկային պարտավորվածություններ ունեցող անելանելի իրավիճակում հայտնված քաղաքացիների, գյուղացիների խնդիրներին ծանոթանալն է և իրավիճակից դուրս գալու ելքեր փնտրելն է»,- հայտնեց նա։
Ըստ Ալեքսանդր Ամարյանի` վերջին 25-30 տարիներիn Հայաստանի բնակիչների նկատմամբ իրականացվել է դավադրություն, որի լուռ վկան է դարձել պետությունը՝ ի դեմս Կենտրոնական բանկի․ «Բանկային մասնավոր հատվածին տրամադրված գումարները հենց նրա երաշխավորությամբ են ստացվել միջազգային ֆինանսական կենտրոններից։ Վերջիններս սահմանած մինչև 2 տոկոս վարկը հայաստաբնակ վարկառուների համար, չգիտես ինչ տրամաբանությամբ, հասել է մինչև 50, երբեմն էլ ավելի տոկոսների»։
Նրա խոսքով, օրինակ, Դրոյի 2 հասցեում գտնվող տունը, որի արժեքը եղել է 1 միլիոն 2 հարյուր հազար դոլար, բանկը գնել է պարտքի դիմաց աճուրդային վաճառքով՝ 65 միլիոն դրամով և մի քանի օրվա ընթացքում վաճառել է ավելի թանկ. «Ստեղծվել է այն իրավիճակը, որ բանկերը իսկապես ժողովրդին թալանում են»։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ