Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը պատասխանում է Neatkarīgās-ի հարցերին
Լրագրող․ Օգոստոսի 22-ին մենք նշում ենք Լատվիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 28-ամյակը: Լատվիան ճանաչեց Հայաստանի անկախությունը 1992թ․ հունվարի 8-ին, սակայն Լատվիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվեցին 1992թ․ օգոստոսի 22-ին: Ինչպե՞ս ստացվեց, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ավարտվեց Խորհրդային փլուզումից մեկ տարի անց։
Տիգրան Մկրտչյան․ Մեծամասամբ, դա կախված չէր միայն Լատվիայի և Հայաստանի կառավարություններից: Հայաստանն իր Անկախության հռչակագիրն ընդունեց արդեն 1990թ․ (օգոստոսի 23-ին), բայց Հայաստանի անկախության հանրաքվեն անցկացվեց 1991թ․ սեպտեմբերի 21-ին: Ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանի Առաջին հանրապետությունը հռչակվեց 1918թ. և որպես անկախ պետություն գոյատևեց մինչև 1920 թվականը: Հետևաբար, կարող ենք ասել, որ 1991 թվականին Հայաստանի պետականությունը վերականգնվեց:
Ինչ վերաբերում է երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, ապա գոյություն ունի արարողակարգ, որը պետք է պահպանել: Արտաքին գործերի նախարարների հանդիպումները պետք է կազմակերպվեն և այլն: Շատ պետությունների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը շարունակվեց մինչև 90-ականների առաջին կեսը: Պետք է նաև հաշվի առնել այն փաստը, որ Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո ընկած ժամանակահատվածը Հայաստանի համար հեշտ չէր:
Կարդացեք նաև
Լրագրող․ Ես հիշում եմ այն ժամանակները. 1991-1992 ձմեռն էր և Հայաստանն ապրում էր էներգետիկ շրջափակման պայմաններում։
Տիգրան Մկրտչյան․ Այո՛: Շատ դժվար և բարդ ժամանակներ էին, որոնք տևեցին մինչև 1994 թվականը: Լեռնային Ղարաբաղում պատերազմ էր: Թուրքիայի հետ սահմանը փակ էր: Ամբողջ իրավիճակը շատ խնդրահարույց էր: Պատերազմական գործողություններն ընթանում էին ոչ միայն Ղարաբաղում, այլև Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին: Այդ ժամանակ շատ վայրերում, որտեղով անցնում էր Վրաստանից Հայաստան էներգակիրներ տեղափոխող խողովակաշարը, դիվերսիոն գործողություններ էին տեղի ունենում։ Դրանք շատ բարդ ժամանակներ էին: Ես դեռ դպրոց էի հաճախում: Մեր տանն ամեն օր ընդամենը հաշված ժամեր էր էլեկտրականություն լինում, և դա էր միակ ժամանակը կերակուր պատրաստելու, քանի որ գազ ընդհանրապես չկար: Ես իմ տնային աշխատանքները կատարում էի նավթի լամպի լույսի ներքո:
Լրագրող․ Այդ ժամանակների լուսանկարները պատկերում են մի բնութագրական առանձնահատկություն՝ խճճված էլեկտրական մալուխներ Երևանի յուրաքանչյուր նրբանցքի վրա: Քանի որ մարդիկ փորձում էին միմյանց օգնել, երբ էլեկտրաէներգիան անջատվում էր մեկ թաղամասում, բայց դեռ հասանելի էր մի քանի թաղամաս այնկողմ:
Տիգրան Մկրտչյան․ Այո, մարդիկ միշտ փորձում էին օգնել միմյանց: Մեր հարևանն էլեկտրական գեներատոր էր գնել: Երբ նրա կինը տեսավ, որ ես և իմ եղբայրը նավթային լամպի լույսով ընթերցում ենք, նա մեր ընտանիքին առաջարկեց էլեկտրական մալուխը միացնել իրենց գեներատորին, որպեսզի երեկոները կարողանանք մեկ էլեկտրական լամպ ունենալ: Եվ մենք կարող էինք կատարել մեր տնային աշխատանքը կամ կարդալ հարմարավետ լուսավորությամբ: Իրավիճակը կարգավորվեց միայն 1994/1995 թվականներին, երբ պատերազմը վերջապես ավարտվեց: Ես դա լավ եմ հիշում:
Սկսել էի ուսումս համալսարանում, և մեր առօրյա կյանքի ամենամեծ փոփոխությունը շուրջօրյա էլեկտրականության առկայությունն էր: 90-ականների կեսին վերսկսվեցին շինարարական աշխատանքները, բայց 90-ականների վերջին և 21-րդ դարի սկզբին առօրյա կյանքն արդեն բավականին բարելավվեց: Վստահ եմ, որ Հայաստանի և Լատվիայի միջև դիվանագիտական հարաբերությունները շատ ավելի վաղ կհաստատվեին, եթե մենք նման դժվարություններ չունենայինք:
Լրագրող․ Այդ ժամանակների բնորոշ առանձնահատկություն էր նաև Հայաստանից զանգվածային արտագաղթն արտերկիր, և ոչ միայն Ռուսաստան, այլև՝ ԱՄՆ, Արևմտյան Եվրոպա և հայկական մեծ սփյուռք ունեցող այլ երկրներ:
Տիգրան Մկրտչյան․ Պետք է նկատի առնենք, որ արտերկրում հայկական սփյուռքը շատ ազդեցիկ է: Այն ստեղծվել է միգրացիայի մի քանի ալիքների արդյունքում: Արդեն XIX դարում տեղի ունեցավ հայերի զգալի գաղթ: Շատ հայեր ստիպված եղան մեկնել այլ երկրներ 1915 թվականի Հայոց ցեղասպանության ընթացքում և դրանից անմիջապես հետո: Սկզբում նրանք անցան Մերձավոր Արևելք, իսկ հետո՝ ԱՄՆ, Հարավային Ամերիկա, Կանադա և Արևմտյան Եվրոպա: Դժբախտաբար, շատ հայեր հեռացան նաև հայկական պետականության վերականգնման ժամանակ: Մյուս կողմից, Հայաստանում 2018 թվականի հեղափոխությունը մեզ հույս է տալիս, որ շատ հայեր կվերադառնան իրենց հայրենիք, քանի որ ժողովրդավարության հիմքերը դրված են:
Լրագրող․ Ինչպե՞ս է կառուցված հայկական սփյուռքի և Հայաստանի Հանրապետության միջև կապը:
Տիգրան Մկրտչյան․ Տարիներ առաջ ստեղծվեց Սփյուռքի նախարարությունը՝ իր առջև հստակ նպատակ ունենալով կառուցել և պահպանել հարաբերությունները հայկական սփյուռքի հետ: Իրականացվել են բազմաթիվ ծրագրեր: Սփյուռքահայերը հրավիրվում են այցելելու հայրենիք, մասնակցելու տարբեր մշակութային և մարզական միջոցառումների: Ներկայումս Վարչապետի ենթակայության ներքո գործում է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն իր աշխատակազմով, և նրանց խնդիրն է համակարգել Հայաստանի և Սփյուռքի միջև հարաբերությունները:
Սա կառավարական մակարդակով համագործակցության մասին, բայց կան նաև այլ ձևեր և համագործակցության մակարդակներ: Այս համագործակցության կարևոր մասը վերաբերում է քաղաքական կուսակցությունների մակարդակով հարաբերություններին: Հայկական քաղաքական կուսակցությունները երկար պատմություն ունեն: Դրանցից ամենահինը ձևավորվել է արդեն 19-րդ դարի վերջին, և դա է պատճառը, որ շատ երկրներում կան հայկական քաղաքական կուսակցությունների կենտրոններ:
Այնուամենայնիվ, սփյուռքի հետ հարաբերությունների պահպանման ամենակարևոր ներդրումը պատկանում է Հայ Առաքելական եկեղեցուն, որն ունի հոգևորականներ և եկեղեցիներ ամբողջ աշխարհում: Օրինակ՝ վերջերս Բալթյան տարածաշրջանում հիմնադրվեց Հայ Առաքելական եկեղեցու նոր թեմ (որի կենտրոնը գտնվում է Ռիգայում): Եկեղեցին կարևոր դեր ունի Սփյուռքում, քանի որ տարբեր երկրներում կան եկեղեցուն կից և եկեղեցու կողմից պահպանվող դպրոցներ, մշակութային և կրթական կենտրոններ:
Լրագրող․ Յուրաքանչյուր էթնիկ հայ ՀՀ քաղաքացիության իրավունք ունի՞:
Տիգրան Մկրտչյան․ Այո: Նրանք, ովքեր գալիս են ապրելու Հայաստանում, այս առումով խնդիր չունեն: Երբ սկսվեց պատերազմը Սիրիայում և Իրաքում, հայերը, ովքեր ապրում էին այդ երկրներում, հնարավորություն ստացան հեշտությամբ դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, ստանալ անձնագիր և մեկնել Հայաստան: Այս երկրներում շատ հայեր օգտվեցին այդ հնարավորությունից: Իհարկե, կան նաև որոշակի սահմանափակումներ այն հայերի համար, ովքեր ապրում երկքաղաքացիություն չճանաչող երկրներում:
Լրագրող․ Ինչպե՞ս է ազդել Covid-19 ճգնաժամը Հայաստանի վրա:
Տիգրան Մկրտչյան․ Ինչ վերաբերում է ամբողջ աշխարհում COVID-19-ի արագ տարածմանը, ապա նշեմ, որ Հայաստանի իշխանություններն իրականացրին մի շարք միջոցառումներ, որոնք նպատակաուղղված էին վիրուսի տարածումը զսպմանը: 2020 թվականի մարտի 16-ին Հայաստանի կառավարությունը հայտարարեց արտակարգ դրություն: Այն դեռ ուժի մեջ է, քանի որ ամեն օր վարակի նոր դեպքեր են գրանցվում, և այս վիրուսից մինչ օրս շուրջ հազար մարդ է մահացել: Ճգնաժամը սկսվելուց հետո մենք Լիտվայից շատ լուրջ օգնություն ստացանք, որը տեղափոխեց Հայաստան՝ բժշկական դիմակներ, դեղամիջոցներ, ինչպես նաև մի խումբ բուժանձնակազմ՝ օգնելու վիրուսի դեմ պայքարին: Էստոնիան նույնպես օգնեց կորոնավիրուսով վարակված հայ երեխաներին:
Հուսով ենք, որ վաղ թե ուշ տարատեսակ սահմանափակումներն արդյունավետ կլինեն, և մենք կհաղթահարենք այս ճգնաժամը: Դժբախտաբար, «Կովիդ-19» ճգնաժամը խանգարեց Լատվիայի և Հայաստանի հարաբերությունների հետագա զարգացմանը: Ռիգա-Երևան-Ռիգա կանոնավոր ուղիղ չվերթները մայիսին պետք է վերսկսվեին նախապատրաստման երկար ժամանակահատվածից հետո, բայց արդեն փետրվարին պարզ էր, որ դա հնարավոր չի լինի: Հուսով ենք, որ թռիչքները կվերսկսվեն գալիք տարում: Մարտ ամսին պետք է բացվեր Վիլնյուս-Երևան ուղիղ չվերթը, բայց նորից պլանները հետաձգվեցին: Մի քանի օր առաջ ես զրուցել եմ «Էյր Բալթիկ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վոլֆգանգ Ռոյսի հետ և նա ինձ ասաց, որ Air Baltic-ը նախատեսում է վերսկսել թռիչքները դեպի Երևան շաբաթական երկու անգամ հաճախականությամբ` սկսած 2021 թվականի մայիսի 2-ից:
Լրագրող․ Արդյո՞ք դա նշանակում է, որ մշակութային իրադարձությունները ևս պետք է հետաձգվեն։
Տիգրան Մկրտչյան․ Ո՛չ: Սեպտեմբերի 21-ին մենք նախատեսում ենք նշել Հայաստանի Անկախության օրը և Հայաստանի անկախության հռչակագրի 30-ամյակը: Մենք Լատվիա ենք հրավիրել «Ախթամար քառյակ» համույթին, որը հիմնվել է Բրյուսելում և շատ հայտնի է ողջ Եվրոպայում։ Հույս ունենք, որ կկարողանանք կազմակերպել համերգը: 2021 թվականի գարնանը ցանկանում ենք կազմակերպել աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի և նրա քրոջ՝ դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանի կամերային երաժշտության համերգը:
Նախքան ապագայի այլ ծրագրերի մասին խոսելը կցանկանայի հիշել նախորդ տարվա հայ-լատվիական մշակութային համագործակցության ամենակարևոր իրադարձությունը: 2019 թ. Լատվիայի ռադիոյի երգչախումբը ձայնագրեց Կոմիտասի (1869-1935) «Պատարագը»՝ Հայ Առաքելական եկեղեցու քահանա, որն այժմ համարվում է ամենաականավոր հայ կոմպոզիտորը։ Կոմիտասը «Պատարագի» վերջին տարբերակն ավարտվեց 1915-ի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվելուց մի քանի շաբաթ առաջ. այս ամսաթիվը դարձել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
2019-ին ժամանակակից հայ կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը փոխակերպեց Կոմիտասի ստեղծագործությունը, որն ի սկզբանե նախատեսված էր արական երգչախմբի համար՝ այն հարմարեցնելով խառը երգչախմբին: Լատվիայի Ռադիոյի երգչախումբը՝ դիրիժոր Սիգվարդ Կլյավայի ղեկավարությամբ, իր հերթին կատարեց «Պատարագը» Կոմիտասի 150-ամյակին նվիրված հիանալի համերգի ժամանակ: Կարճ ժամանակ անց նրանք ձայնագրեցին նաև «Պատարագը» որպես CD ալբոմ, որն արդեն ստանում է ակնառու քննադատների կարծիքները: Ձայնասկավառակի վերաբերյալ մեկնաբանություններ են հրապարակվել են նույնիսկ այնպիսի պարբերականներ, ինչպիսիք են` «The Independent»-ը, «Guardian»-ը և այլն:
Այս տարի մենք նախատեսում ենք կազմակերպել Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օր» վեպի լատիշերեն թարգմանության շնորհանդեսը, որը վերջերս է լույս տեսել Յանիս Ռոզե հրատարակչության կողմից:
Վեպը պատմում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին, բայց այն չի կենտրոնանում միայն կոտորածի և զոհերի ողբերգության վրա, այլև` դիմադրության սակավաթիվ դրվագներից մեկի վրա: Այն պատմություն է հերոսության և ակամա հերոսների մասին, դատապարտվածների դիմադրության տարեգրության, միևնույն ժամանակ` մինչև վերջ հույսի և հավատքի մասին: Գրքի հրատարակումն իրականացվել է ԵՄ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի, Ավստրիայի կառավարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (որը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Կոմիտասի «Պատարագ» ծրագրի իրականացմանը) և Լատվիայի հայ համայնքի անդամների (Մխիթար Մխիթարյան, Հովիկ Մկրտչյան) օգնությամբ:
Լրագրող․ Շատ երկրներ արդեն բացել են իրենց քաղաքներն ու զբոսաշրջային տեսարժան վայրերը: Ի՞նչ կասեք Հայաստանի մասին:
Տիգրան Մկրտչյան․ Օգոստոսի 12-ից մենք հանել ենք ինքնաթիռով Հայաստան ճանապարհորդության արգելքը: Հայաստան այցելելու համար ԵՄ քաղաքացիներին մուտքի արտոնագիր անհրաժեշտ չէ, այսինքն՝ Լատվիայի քաղաքացիները ցանկության դեպքում կարող են ուղևորվել Հայաստան: Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն նախազգուշական միջոցառումները, որ պետք է կիրառել Covid-19-ի պատճառով, ինչպես նաև ճանապարհորդել չցանկանալու լայն տարածում գտած միտումը, կարծում եմ, որ Հայաստան այցը, հավանաբար, կհետաձգվի, միգուցե մինչև 2021թ. մայիս, երբ Air Baltic-ը կվերագործարկի դեպի Երևան ուղիղ չվերթները։
Լրագրող․ Եթե իրական ճանապարհորդությունը դեռ հնարավոր չէ, ապա ի՞նչ կասեք վիրտուալ շրջագայության մասին: Խնդրում ենք նշել հինգ ամենահետաքրքիր զբոսաշրջային տեսարժան վայրերը, որոնք պետք է այցելեն լատվիացի ճանապարհորդները:
Տիգրան Մկրտչյան․ Հայաստանում հաստատ կան հինգից ավելի հետաքրքիր և գեղեցիկ վայրեր: Բայց, եթե ես պետք է նշեմ ընդամենը հինգ անուն՝ առաջինը կլինի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ Վաղարշապատում: Յուրաքանչյուր այցելու պետք է տեսնի Էջմիածնի տաճարը: Կառուցված լինելով 301 թվականին` այն ամենահին քրիստոնեական եկեղեցին է, որը մինչ այսօր կանգուն է։ Էջմիածնում կան նաև այլ եկեղեցիներ, թանգարաններ և այլ վայրեր, որտեղ կարելի է շատ բան սովորել քրիստոնեության պատմության մասին:
Երկրորդը Սևանա լիճն է՝ Հայաստանի ամենամեծ լիճը և աշխարհի ամենամեծ լեռնային լճերից մեկը, որը գտնվում է ծովի մակարդակից գրեթե 2000մ բարձրության վրա: Սևանը կարելի է վայելել ոչ միայն ամռանը, երբ դժվարին քայլարշավից հետո կարելի է հանգստանալ լողալով, այն նաև տարվա ցանկացած ժամանակ այցելելու հիանալի վայր է, օրինակ` Սևանի հայտնի իշխանը համտեսելու համար:
Երրորդ ամենաուշագրավ վայրը Խոր Վիրապի վանքն է` Հայաստանի ամենակարևոր ուխտատեղիներից մեկը: Խոր Վիրապից բիբլիական Արարատ լեռան տեսարանը շլացուցիչ է: Այցելուները կարող են տեսնել նաև ստորգետնյա զնդանը, որտեղ բանտարկված է եղել Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, ով օգնեց Հայաստանին դառնալ քրիստոնյա:
Այցելության ևս մեկ վայր է Տաթևի վանքը, որին կարելի է հասնել ըստ Գինեսի աշխարհի ռեկորդների աշխարհի ամենաերկար ճոպանուղով՝ 5,7 կմ: Երևանից ոչ հեռու գտնվում է Գեղարդի վանքը (10 ‒ 13-րդ դար), որն առաջին անգամ հիմնադրվել է 4-րդ դարում, ինչպես նաև Գառնիի ավերակները՝ զրադաշտական հին տաճար, որը կառուցվել է երկու հազար տարի առաջ: 4-րդ դարում, երբ Հայաստանը քրիստոնեացվեց, մնացած բոլոր հեթանոսական տաճարները քանդվեցին, բայց Գառին գոյատևեց մինչև 17-րդ դար, այնուհետև փլվեց երկրաշարժի պատճառով: Հետագայում տաճարը վերակառուցվել է, և այժմ այն Հայաստանում պահպանված միակ հունա-հռոմեական կառույցն է:
Վերջապես, Երևանը՝ Հայաստանի մայրաքաղաքը, որն ամենակարևոր թանգարանների, ճարտարապետական և պատմական հուշարձանների, հանգստի վայրերի տունն է: Կնշեմ Երևանի բազմաթիվ տեսարժան վայրերից միայն մեկը` Մատենադարանը` հին ձեռագրերի պահոցը։ Երևանը ունի նաև զարմանահրաշ գիշերային կյանք և համաշխարհային մակարդակի ջազ ակումբներ:
Այն լատվիացիներին, ովքեր մինչ օրս հիշում են Հայաստանը՝ որպես աշխարհում ամենահիանալի կոնյակի արտադրող, կարող եմ ասել, որ ներկայումս Հայաստանը սկսել է արտադրել նաև գինիներ, որոնք կարող են մրցել լավագույններից լավագույնների հետ:
Երեսուն տարում Արգենտինայից, Լիբանանից և այլ երկրներից իրենց նախնիների հայրենիք վերադարձած հայ գինեգործները կարողացել են հիմնել իսկապես գերազանց գինու ոլորտ: Մինչ Հայաստան ճանապարհորդելը դեռևս խնդրահարույց է, ես կցանկանայի հրավիրել ձեզ զգալու հայկական լեռների, անտառների և գետերի յուրահատուկ բուրմունքն ու մթնոլորտը՝ մի կում հայկական լավ կոնյակ կամ կարմիր գինի ըմպելով։
Հարցազրույցին զուգահեռ պարբերականն առանձին հրապարակմամբ ներկայացրել է նաև Հայաստանի 7 ամենատեսարժան զբոսաշրջային վայրերը։