Լրահոս
Օրվա լրահոսը

Պատժե՞լ, թե չպատժել երեխային

Օգոստոս 25,2020 17:00

«Ոչ թե պատիժը, այլ պատժելիության զգացումը պետք է երեխային ծանոթ լինի»,-Aravot.am-ի հետ զրույցում դաստիարակության հարցում պատժի դերի մասին այսպիսի բանաձև առաջարկեց հոգեբան Աննա Բադալյանը:

Aravot.am-ը «Ֆեմինի» նախագծի «Մասնագիտությունը մայրիկ» խորագրի ներքո հոգեբան Աննա Բադալյանից հետ զրույցում փորձեց պարզել ՝ երեխային պատժելը ճի՞շտ է, թե՞ այդպիսով ծնողը կաշկանդում է նրան: Հոգեբանը նշեց՝ երեխայի դաստիարակության հարցում ամենակարևոր կանոնն այն է, որ ծնողը նրա հետ լինի երկխոսության, ջերմ, հարազատ կապի մեջ, և կապ չունի՝ երեխան 3,7, թե՞ 12 տարեկան է:

Մեր հարցումը 15 ծնողների շրջանում պարզեց, որ նրանց մեծամասնությունը դեմ է երեխային պատժելուն: Հատկապես ավելի երիտասարդ սերնդի ներկայացուցիչ մայրիկները մեզ հետ զրույցում ասացին, որ երեխային «չի կարելի», «ոչ» չեն ասում և թույլ են տալիս ինքնուրույն վարվել և սովորել սեփական սխալների վրա: Ըստ նրանց՝ պատժելը կարող է երեխայի հոգեբանության վրա բացասական ազդեցություն ունենալ, կաշկանդել նրան, թույլ չտալ շրջապատում ազատ զգալ իրեն:

Աննա Բադալյանի կարծիքով, թեև ծնողը շատ դեպքերում պետք է երեխային զիջի, բայց ծնող-երեխա հարաբերությունները չպետք է վերածվեն անընդհատ ծնողի կողմից զիջելու հարաբերությունների: Նա պարզաբանեց. «Ծնողը պետք է օգնի երեխային կայանալ, ինքն իրեն գնահատել: Երբ երեխային վերաբերվում ես հավասարը հավասարին, նաև պատասխանատվություն ես ձևավորում: Ամենակարևոր գործոններից է նաև երեխային լսելը: Հաճախ ծնողն ինքը մեկնաբանում է, ինքը եզրակացնում է, ինքը որոշում է կայացնում, բայց երեխային չի լսում: Մինչդեռ պետք է լսել երեխային, հասկանալ՝ ինչու, եթե սխալ կա, պետք է բացատրել: Ծնողներն էլ իրենց օրինակով պիտի պարզաբանեն»:

Ըստ հոգեբանի՝ երեխային պատժելը խրախուսելի չէ, բայց երեխային պետք է ծանոթ լինի պատժելիության զգացումը: Մեր հակադարձմանը՝ իսկ դա չի՞ կաշկանդի երեխային, հոգեբանը պատասխանեց. «Դա կարելի է անել հեքիաթի օրինակով, որ, օրինակ, մեկը չարության, իր վարքի պատճառով, պատժվեց, մի խոսքով՝ երեխայի համար բերել անուղղակի օրինակներ: Եթե երեխային ընդհանրապես ծանոթ չլինի պատժելիության զգացումը, դա կլինի ամենաթողություն»:

Ըստ հոգեբանի՝ ցավոք, մեծահասակները թերագնահատում են փոքրերի ունակությունները՝ ամեն բան նրանց փոխարեն որոշելով և կարծելով, որ նրանք կսխալվեն: Ըստ նրա՝ դեռ փոքրուց երեխային պետք է թույլ տալ որոշում կայացնել և պատասխանատվություն կրել իր որոշման համար: Նա ամփոփեց. «Կարող է երեխայի որոշումը սխալ լինել. երեխային պետք է սովորեցնել որոշում կայացնելու հմտությունը: Մենք կարող ենք, օրինակ, երեխայի անվտանգության սահմանում ինչ-որ բաներ առաջարկել նրան, ու թեև գիտենք՝ որոշումը մերն է, բայց կարող ենք երեխային առաջարկել, որ ինքը ընտրի: Այդ դեպքում երեխան կունենա այն բավարարվածության զգացումը, որ ինքը դա որոշեց»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31