Լրահոս
Օրվա լրահոսը

«Արայիկ Հարությունյանը Րաֆֆու «Սամվելը» այդպես էլ չկարդաց». Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ցուցարարներին տուգանեցին

Օգոստոս 25,2020 14:47

Այսօր էլ, ինչպես երեկ, «Կամք» հասարակական նախաձեռնությունը ԿԳՄՍ նախարարության մոտ բողոքի ցույց է անում՝ պահանջելով նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Մինչ այդ նախաձեռնությունը հայտարարություն էր տարածել՝ կառավարությունից պահանջելով «անմիջապես աշխատանքից ազատել Արայիկ Հարությունյանին, ցրել հանրակրթական պետական չափորոշները մշակող աշխատանքային խմբերը եւ չեղարկել սեղանին դրված չափորոշիչները, ձեւավորել դասագրքեր կազմող նոր աշխատանքային խմբեր՝ կազմված ՀՀ պրոֆեսորադասախոսական եւ ուսուցչական կազմի լավագույն մասնագետներից՝ նախապես հրապարակելով նրանց անունները, բացառել Լանզարոտեի կոնվենցիայի դրույթների իրագործմամբ շահագրգռված ՀԿ-ների մուտքը կրթական հաստատություններ, վերանայել  հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական տարին սկսելու՝ պարետի կողմից սահմանված ուղեցույցերով երեխաների ֆիզիկական եւ հոգեւոր առողջությունը վնասող պահանջները՝ դիմակ կրելը, գրատախտակին չմոտենալը, դասամիջոց չանելը»:

Նախարարության մոտ տեղակայված են ոստիկանական ուժեր: Նրանք տուգանում են այն ցուցարարներին, որոնք առանց դիմակի են: Ի նշան բողոքի՝ դիմակ կրող ցուցարարներն էլ սկսեցին հանել դիմակներն ու տուգանվել:

Ցուցարարները բարձրախոսներով վանկարկում են՝ «Արայիկ, հեռացի՛ր»: Ցուցարարների խոսքով՝ սեռական կրթություն առարկան մանկապարտեզներ ու տարրական դասարաններ չի մտնելու: Նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանն ասաց. «Փորձում են ոստիկանական ուժերով այլասերվածությունը, միասեռականությունը, լեսբուհիներին, տրանսգենդերներին, իրենց ամուսնությունը օրինականացնել ՀՀ-ում, իրենց քարոզը օրինականացնել մեր մանկապարտեզներում եւ դպրոցներում, թույլ չենք տալու: Մենք իրեն մի տարի առաջ Րաֆֆու «Սամվելը» նվիրեցինք ու հորդորցինք կարդալ, բայց ժամանակը ցույց է տալիս, որ Արայիկ Հարությունյանը Րաֆֆու «Սամվելը» այդպես էլ չկարդաց: Եթե կարդար, եզրակացություն կաներ, կհասկանար, որ հայրենիքը ուրանալ, հայրենիքը մոռանալ չի կարելի»:

Ուշագրավ է, որ ցուցարարները կոչ են անում «չարբախցիներին, բանգլադեշցիներին» ոտքի կանգնել. «Մեռնեմ ձեր թասիբին, ոտքի կանգնեք, սիրելի՛ չարբախցիներ, սիրելի դավթաշենցիներ, բանգլադեշցիներ, կվարտալցիներ, ոտքի կանգնեք, մի թողեք, որ սրբապղծությունը մտցնեն դպրոցներ»:

«Կամք» նախաձեռնության անդամները բորբոքվել են նախարարության հայտարարությունից, թե իրենք խավարից են: Նրանց խոսքերով՝ «նրանց սատանի բունը քանդվում է արդեն, շուտով մեր լույսը կսփռենք նրանց վրա»: Չախալյանն էլ ասաց. «Իրենք փաստարկ չունեն, արդեն սկսել են մեզ անձնապես վիրավորել, թե մենք խավարից ենք: Եթե ազգայինը, ազգասիրությունը, հայրենասիրությունը խավար է, ուրեմն՝ այո՛, ես խավարից եմ: Եթե տղամարդ-կին հարաբերությունները հարգելը հետամնացություն է, ուրեմն այո՛, մենք խավարասեր ենք»:

«Կամքը» օգոստոսի 28-ին հանրահավաք է կազմակերպում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31