Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանը նոր կորոնավիրուսի (COVID-19) համավարակի վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրություն է կատարել: Տվյալները հավաքագրվել են այս տարվա հունիսի 21-ից 29-ը: Հետազոտության ընտրանքի մեծությունը 18 տարեկանից բարձր, թվով 774 հարցվողներն են:
ՀՌԿԿ-ի կողմից հարցվածների 36%-ը կորոնավիրուսի համավարակը ընկալում է որպես երկրի առջեւ ծառացած ամենաառաջնային խնդիր, 33%-ը գործազրկությունն է ընկալում որպես առաջնային խնդիր, իսկ 18%-ի համար՝ նման խնդիր է աղքատությունն ու անհավասարությունը, 17%-ն առաջնային է համարում կրթական խնդիրները, 15%-ը՝ առողջապահական խնդիրները, 17%-ն էլ՝ տնտեսական աճի խնդիրները:
Ըստ հետազոտության՝ հարցվածների 35%-ը կորոնավիրուսի համավարակի բռնկման պատճառով կորցրել է աշխատանքը կամ կրճատվել են աշխատանքային ժամերն ու հետեւաբար նաեւ՝ եկամուտը: Հարցված տղամարդկանց մոտ 45%-ն է նշել, որ կորցրել է աշխատանքը կամ կրճատվել են աշխատանքային ժամերը, մինչդեռ նույն պատասխանը տվել են կանանց 27%-ը։
Հարցվածների 54%-ը նշել է, որ համավարակի պատճառով իրենց անձնական ֆինանսական վիճակը վատթարացել է:
Կարդացեք նաև
Ըստ ՀՌԿԿ ուսումնասիրության՝ հարցվածների 31%-ը նշել է, որ իր տնային տնտեսության ամսական եկամուտը կազմել է 48 հազարից 120 հազար դրամի միջակայքում, ընդ որում՝ բոլոր հարկերը վճարելուց հետո: 13%-ի ամսական եկամուտը կազմել է 24 հազարից մինչեւ 48 հազար դրամ, 7%-ինը՝ մինչեւ 24 հազար դրամ, 17%-ինը՝ 120 հազարից մինչեւ 192 հազար դրամ, 3%-ինը՝383 հազարից 575 հազար դրամի միջակայքում, իսկ 5%-ի եկամուտը գերազանցել է 575 հազար դրամը:
Ի՞նչ քայլեր են ձեռնարկել հարցվողները՝ կորցրած եկամուտը լրացնելու համար: Պարզվում է՝ հարցված քաղաքացիների 36%-ը կրճատել է ծախսերը սննդի վրա,, 43%-ը՝ ավելի քիչ է ծախսում այլ անհրաժեշտ պարագաների վրա, 28%-ը՝ ընտանեկան խնայողություններն է ծախսում, 22%-ը նշել է, որ պատահական գործեր է անում, 9%-ը նշել է, որ ընտանիքն է ֆինանսապես օգնում, 7%-ը նշել է, որ պետական աջակցություն է ստացել, 4%-ն այլ աջակցություն է ստացել՝ կազմակերպություններից, կամավորներից, դոնորներից։
Հարցվածների 30%-ը հավատում է, որ առաջիկա 1 տարում իրենց տնտեսական վիճակը կմնա նույնը, 25%-ը հավատում է, որ այն կբարելավվի, իսկ 33%-ը վատատեսաական կարծիք է հայտնել՝ նշել է, որ իրենց տնտեսական վիճակը մեկ տարի հետո կվատանա:
Քաղաքացիների 13%-ը կորոնովիրուսով վարակվելու ռիսկը շատ բարձր է գնահատել, 27%-ը՝ շատ ցածր:
Կորոնավիրուսով վարակվելու ռիսկն ինչո՞ւ եք բարձր համարում. այս հարցին հարցվածների 48%-ը նշել է՝ ռիսկը բարձր է բոլորի համար, ներառյալ՝ ինձ համար, 18%-ը նշել է՝ գնում եմ աշխատավայր, 12%-ը՝ ես առողջ չեմ, 9%-ը՝ ընտանիքիս անդամները շփումներ են ունենում այլ մարդկանց հետ, 2%-ը՝ օգտվում եմ հանրային տրանսպորտից:
Կորոնավիրուսով վարակվելու ռիսկն ինչու՞ եք ցածր համարում. այս հարցին քաղաքացիների 71%-ը նշել է՝ ես պաշտպանում եմ ինձ, հետեւում եմ կանխարգելիչ կանոններին, 20%-ը՝ ես հետեւում եմ համավարակի վերաբերյալ կառավարության կարգավորումներին, 15%-ը՝ ես շատ առողջ եմ, 3%-ը նշել է՝ վիրուսը տարածված չէ այնտեղ, որտեղ ես ապրում եմ, 3%-ն էլ նշել է, որ այս վիրուսը վտանգավոր չէ, 2%-ն էլ ուշագրավ պատասխան է տվել՝ ես ուտում եմ վարակի տարածումը կանխող յուրահատուկ սնունդ, իսկ 4%-ը չի հավատում նոր կորոնավիրուսի գոյությանը:
Կորոնավիրուսի ախտանշաններ ունենալու դեպքում ո՞րը կլինի ձեր առաջին գործողությունը: Այս հարցին քաղաքացիների 46%-ը նշել է՝ կգնամ բժշկական հաստատություն, 17%-ը նշել է՝ կզանգահարեմ շտապօգնություն, 15%-ը՝ կդիմեմ ծանոթ բժշկի, 6%-ը՝ կզբաղվեմ ինքնաբուժմամբ, 9%-ը՝ կինքնամեկուսանամ ու կսպասեմ ապաքինվելուս, 3%-ն էլ նշել է, որ կզանգի թեժ գիծ, 1%-ը՝ թեստ կհանձնի, 1%-ն էլ նշել է, որ ոչինչ չի անի:
Համավարակի, կարելի է ասել, «պիկ»-ի շրջանում կատարված հարցման ժամանակ կառավարության աջակցության նախընտրելի միջոցառումների շարքում, քաղաքացիների 27%-ը նշել է՝ վարկային վճարների,մարման ժամկետների հետաձգումը, կոմունալ վճարումների սուբսիդավորում են առաջարկել 24%-ը: Ուշագրավ է, որ հունիսին կատարված այս հարցման ժամանակ հարցվածների մոտ 43%-ը կարծիք է հայտնել, որ դպրոցները սովորականի պես կվերաբացվեն սեպտեմբերին, ընդ որում, ծնողների 51%-ը նշել է, որ իրենց երեխաներին կուղարկեն դպրոց, եթե դրանք վերաբացվեն:
Հարցվածների 19%-ն է կարծում, որ կորոնավիրուսի հետեւանքների դեմ պայքարում կառավարության՝ քաղաքացիներին ուղղված աջակցության փաթեթները լիովին բավարար են, 34%-ը կարծում է, որ դրանք ավելի շուտ բավարար են , եւ ըստ ՀՌԿԿ-ի հարցման արդյունքների, չնայած կառավարության աջակցության փաթեթներից բավարարվածությանը, հարցվածների 65%-ը նշել է, որ չի օգտվել ոչ մի միջոցառումից:
Քաղաքացիների 54%-ը «լիովին վստահում է» է առողջապահական համակարգին,5%-ը՝ «բոլորովին չի վստահում»: Քաղաքացիները վստահում են նաեւ ոստիկանությանը, հարցվածների 43%-ը նշել է, որ «լիովին վստահում է», 9%-ը՝ «բոլորովին չի վստահում»: Պարետատանը «լիովին վստահում է» հարցվածների 35%-ը, «բոլորովին չի վստահում»՝ 11%-ը:
Պատրաստեց Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ