Հայաստանի պետական կամերային նվագախումբը ելույթ է ունեցել «ՕՊՈՒՍ 5» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում։ Նվագախումբը՝ պատանի երաժիշտների ներգրավմամբ, կատարել է Ֆելիքս Մենդելսոնի «Օկտետ» ստեղծագործությունը։ Ելույթ են ունեցել ՀՊԿՆ երաժիշտներ Աստղիկ Վարդանյանը (առաջին ջութակ), Գոհար Պապոյանը (երկրորդ ջութակ), Անի Բալյանը (չորրորդ ջութակ), Աստղիկ Գաժոյանը (առաջին ալտ), Անի Կիրակոսյանը (երկրորդ ալտ), Ջեմմա Մանուկյանը (երկրորդ թավջութակ) և Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցի տաղանդավոր սաներ Արտյոմ Իոնիսյանը (առաջին թավջութակ) ու Օվսաննա Հարությունյանը (երրորդ ջութակ)։
Աստղիկ Վարդանյանը շեշտում է՝ ելույթի առանձնահատկությունը կայանում էր երեխաների ներգրավվածության մեջ, քանի որ նման փորձը մեծ դեր ունի երաժիշտների ապագա սերնդին բեմական ելույթներին նախապատրաստելու հարցում՝ հատկապես ստեղծված համավարակային իրավիճակում։ Այս մեթոդը կիրառել է ճանաչված թավջութակահար Պաբլո Կազալսը՝ բազմիցս իրականացնելով նման նախաձեռնություններ։
Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրեն Ֆելիքս Բաբուրյանն ընդգծում է՝ երաժշտախումբն ուրախ էր կորոնավիրուսային պայմաններում նման նախաձեռնության մաս կազմել։
«Փառատոնը շատ լավ է կազմակերպված, բարձրակարգ մշակութային իրադարձություն է, շնորհակալ ենք կազմակերպիչներին՝ ի դեմս «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիայի գործադիր տնօրեն Արմեն Մանասյանի, նման հնարավորության համար։ Պետք է առանձնահատուկ շեշտեմ, որ Կամերային նվագախումբը միշտ հնարավորություն է ընձեռում երիտասարդ տաղանդներին մասնակցել իր համերգներին, աշխատել պրոֆեսիոնալ նվագախմբի հետ, անգնահատելի փորձ ձեռք բերել։ Մենք բազմիցս իրագործել ենք նման նախագծեր, և պետք է ասեմ, որ կարանտինի պատճառով չեղարկվեցին բազում համերգներ, որոնցում ներգրավված էին նաև երիտասարդ կատարողներ»,-նշում է նա՝ հավելելով, որ նվագախումբն այս ընթացքում ակտիվ փորձեր է արել, նոր ծրագրեր մշակել և իրականացրել, որոնք ներկայացնելու է հանրությանը։
Կարդացեք նաև
Նշենք, որ «ՕՊՈՒՍ 5» միջազգային փառատոնի կազմակերպիչը «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիան է՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
Հայաստանի պետական կամերային նվագախումբ