Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողներին արգելեցին մտնել ԵՊՀ

Օգոստոս 25,2020 12:34

ԵՊՀ մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում օգոստոսի 25-ին կայանալու է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը՝ օրակարգային երեք հարցով։ Նոր կազմով Հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստի օրակարգային առաջին հարցով նախատեսված է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի, իսկ երկրորդ հարցով՝ քարտուղարի ընտրությունը։Օրակարգային երրորդ հարցի ընթացքում Հոգաբարձուների խորհուրդը քննարկելու է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի տնօրենի մրցույթների գործընթացները։

Լրատվամիջոցներին թույլ չտվեցին լուսաբանել նիստի աշխատանքները, պատճառաբանեցին, որ 40 հոգուց ավելի մարդ չի կարող ներսում գտնվել, եւ նիստն ամբողջությամբ կտեսանկարահանվի, եւ տեսագրությունը հասանելի կդառնա: Այս ընթացում ԵՊՀ մամուլի խոսնակ  Գեւորգ Էմին-Տերյանն Ֆեյսբուքի իր էջով որոշ  տեղեկություններ էր հաղորդում դահլիճի ներսում կատարվածից: Օրինակ, գրել էր, որ Հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ, այս պահին սովորական անդամ Գևորգ Մուրադյանը հանձնարարել է ԵՊՀ անվտանգության ծառայությանը թույլ չտալ, որ լրագրողները մտնեն շենք՝ պատճառաբանելով, որ պարետի որոշմամբ արգելվում է 40 հոգուց ավելի մի տարածքում հավաքվելը:

Ըստ Գեւորգ Էմին- Տերյանի մեկ այլ գրառման՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն է առաջարկել արգելել լրագրողների մուտքը հոգաբարձուների խորհրդի նիստին, եւ խորհուրդը կողմ է քվեարկել այդ առաջարկին։ Գևորգ Մուրադյանը և Հայկակ Արշամյանն առաջարկել էին միայն տեսախցիկները ներսում լինեն` առանց լրագրողների և օպերատորների, սակայն լրագրողները մերժեցին այդ առաջարկը:

ԵՊՀ մամուլի խոսնակի էջից տեղեկացանք նաեւ, որ Մենուա Սողոմոնյանն առաջարկել է օրակարգում ընդգրկել Վահան Պապիկյանին և Գևորգ Մուրադյանին ՀԽ անդամությունից զրկելու հարցը, քանի որ նրանց նշանակումները եղել են օրենքի ու կանոնադրության խախտումով։ Գեւորգ Էմին-Տերյանը գրել էր, որ «Ժաննա Անդրեասյանը կրծքով պաշտպանում է Գևորգ Մուրադյանին` ասելով, որ կապ չունի, որ «Մետրիկա» ՍՊԸ-ն ոչ ոքի հայտնի չէ, կարևորը, որ Գեւորգ Մուրադյանը կապ ունի կրթության հետ»։

Ի դեպ, համալսարանի «քթի» տակ կայանել է ԿԲ նախագահի ավտոմեքենան: Նկարը հրապարակելով՝ Գեւորգ Էմին-Տերյանը գրել է՝ ինչ-որ մեկն ասում էր, որ նման բան այլևս ԵՊՀ-ում չի լինելու։ Նիստը շարունակվում է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31