Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սևանի իշխանն այսուհետ կարտահանվի տեսակավորված և ըստ քաշի. առաջին անգամ գործարկվել է ձկների ավտոմատ տեսակավորման սարքավորումը

Օգոստոս 25,2020 10:49

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Տիգրան Գաբրիելյանն ու Արման Խոջոյանը այցելել են Գեղարքունիքի մարզում «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» համալիր ծրագրի շրջանակներում ստեղծված ձկնաբուծական տնտեսություն։ Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ Սևանի էնդեմիկ՝ Գեղարքունի և ամառային իշխան ենթատեսակների բուծման, պահպանման և վերարտադրության գործընթացին։

Շրջայցի ընթացքում փոխնախարարները դիտարկել են Սևանա լճում տեղադրված իշխանի աճեցման ցանցավանդակները, որտեղ իշխանի մանրաձկից արտադրվում է արդյունաբերական ձուկ, հետևել են ձկների կերակրման գործընթացին, ծանոթացել տնտեսությունում ներդրված սարքավորումներին։

Այնուհետև փոխնախարարների ներկայությամբ ափամերձ տարածքում առաջին անգամ գործարկվել է ձկների ավտոմատ տեսակավորման սարքավորումը, որի միջոցով հնարավոր է կազմակերպել ձկների տեսակավորում ըստ քաշի և տեղափոխում ցանցավանդակների միջև:

«Արտահանման նպատակով ձկան տեսակավորման գործընթացն իրականացվում է առաջին անգամ է․ այստեղ ենք՝ հետևելու գործընթացին։ Այդ սարքավորումը եզակի է Հանրապետությունում և տարածաշրջանում, որը հնարավորություն է տալիս տեղում բուծման և արդյունագործական նպատակով ըստ քաշերի տեսակավորել ձուկը», – նշել է փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը։ Միաժամանակ նա հավելել է, որ Սևանի իշխանը հիմնականում արդյունահանվում է դեպի Ռուսաստանի Դաշնություն և ԱՄՆ։

Այցի ընթացքում ներդրված սարքավորման միջոցով տեսակավորվեց շուրջ մեկ տոննա ապրանքային ձուկ, որը կիրառվելու է արտահանման նպատակով՝պատվիրատուին ըստ իր պահանջի համապատասխան քաշի ձուկ մատակարարելու համար։

Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման նկատառումով ձկնաբուծարանում բուծվող ձուկը մասամբ բաց է թողնվում լիճ, իսկ մյուսը մասն օգտագործվում է վերամշակման նպատակով։ Դրանով իսկ էնդեմիկ այս ձկնատեսակների բուծումը ձեռք է բերում ոչ միայն բնապահպանական, այլև արդյունագործական կարևոր նշանակություն։

«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» գործադիր տնօրեն Վարդան Մամիկոնյանը նշել է, որ տնտեսությունում բուծվում է մոտ 220 տոննա Գեղարքունի և ամառային բախտակ ենթատեսակի ձուկ։ Նա ընդգծել է, որ տեսակավորման սարքի գործարկման և աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպման շնորհիվ տնտեսությունում հաջողվել է հասնել ավելի բարձր արդյունքների։ Ակնկալվում է, որ մինչև տարեվերջ ներքին շուկայում իշխանի իրացման ծավալը կկրկնապատկվի, իսկ գինն աստիճանաբար կնվազի։

2019 թվականին հանրապետությունից արտահանվել է շուրջ 6000 տոննա ձուկ և ձկնամթերք և, չնայած համաճարակային ներկա իրավիճակին, այս պահի դրությամբ արտահանման ծավալները չեն զիջում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշներին։ Գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետի տեղակալ Տիգրան Ալեքսանյանի տեղեկացմամբ՝ Հանրապետությունում աստիճանաբար ավելանում են նաև այլ ձկնամթերքի, այդ թվում՝ խավիարի արտահանման ծավալները, որոնց ցուցանիշը 2019 թվականին կազմել է շուրջ 350 տոննա, մեծացել է նաև արտերկրում հայկական խավիարի պահանջարկը։

Այցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսության բնագավառում իրականացվող ծրագրերին ու պետական աջակցության շրջանակում իրականացվող միջոցառումներին, քննարկվել են ձկնաբուծության ոլորտում առկա խնդիրները, ինչպես նաև ձկնաբուծարանի զարգացման հեռանկարային ծրագրերը։

https://www.facebook.com/MinistryOfEconomyOfArmenia/videos/602107663821248/

 ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31