Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ռեթրիթի» հայկական տարբերակը

Օգոստոս 25,2020 10:26

Արեւմուտքի որոշ շրջանակներում բավականին տարածված է արձակուրդ անցկացնելու հետեւյալ ձեւը. համապատասխան հնարավորություններ ունեցող մարդիկ իրենց արձակուրդն են անցկացնում Տիբեթում, Թայլանդում կամ նմանատիպ այլ վայրերում: Այդ մարդիկ իրենց հետ չեն վերցնում հեռախոսներն ու համակարգիչները, մեկ ամսով կտրում են իրենց կապերն արտաքին աշխարհի հետ, ապրում են վանականների կյանքով, զբաղվում են մեդիտացիայով եւ այլ գործունեությամբ, որը նախատեսված է որոշակի արեւելյան հոգեւոր ուսմունքներով: Դրանց կարեւորագույն առանձնահատկությունը փոքր-ինչ պարզեցնելով՝ կարելի է ձեւակերպել այսպես. երբ մարդը կենտրոնանում է տվյալ պահին կատարվող իրադարձության վրա, մասնավորապես, ուշադրություն է դարձնում իր մարմնին, շնչառությանը, նա կարողանում է «մտքից հանել» անցյալն ու ապագան՝ սկսած նրանից, թե ինչ տհաճ խոսակցություն է ունեցել անցած շաբաթ հիմնարկի ղեկավարի հետ եւ վերջացրած այն «կանխատեսումներով», թե ինչ է վաղն առավոտյան ուտելու նախաճաշին:

Հայաստանցիներիս մեծ մասի համար այդ տեսակի «ռեթրիթները» (retreat` այդ միջազգային եզրույթն են սովորաբար կիրառում նման հոգեւոր վարժությունների համար) կիրառելի չեն մի քանի տեսանկյունից: Նախ՝ իհարկե, շատ քչերն են կարող իրենց շռայլություն թույլ տալ մեկամսյա արձակուրդ անցկացնել հեռավոր տարաշխարհիկ վայրում: Երկրորդ՝ հայ առաքելական ուսմունքի հետեւորդներս վերապահումներ ունենք հոգեւոր այլ ուսմունքների հանդեպ (չնայած այդ «ռեթրիթները» որեւէ մեկից կրոնափոխություն չեն պահանջում): Եվ վերջապես, մենք ունենք հոգսերից կտրվելու մեր մշակույթը, որի կարեւոր բաղկացուցիչ մասն է կալորիական սնունդ ընդունելը եւ ոգելից խմիչքներ օգտագործելը: Հաճախ այդ մշակույթն ունի նաեւ հոգեւոր բաղադրիչ, որը մենք անվանում ենք «ուխտագնացություն» հնչեղ անունով. ուտել-խմելը կազմակերպվում է վանքերից ոչ հեռու՝ այդ վանքերն այցելելուց եւ մոմ վառելուց առաջ կամ հետո:

Մի խոսքով, Արեւմուտքում ընդունված (եւ սովորաբար Արեւելքում իրականացվող) «ռեթրիթը» մեզ համար չէ: Դրա փոխարեն եւս մեկ անգամ առաջարկում եմ «դետոքսիկացիայի» իմ տարբերակը, որը նյութական միջոցներ չի պահանջում եւ մեր հոգեւոր ավանդույթներին ու մշակույթին չի հակասում. շաբաթը մեկ անգամ, մեկ ամբողջ օրով անջատել հեռախոսները եւ մյուս սարքավորումները, որոնք կապ են ապահովում արտաքին աշխարհի հետ: Այսօր այդ մեկօրյա «դիետան» շատերին (հատկապես երիտասարդներին) կարող է ծանր թվալ՝ մարդիկ սովոր են ամեն վայրկյան կապի մեջ լինել, եւ եթե 10 րոպե ոչ մի հաղորդագրություն, մեկնաբանություն կամ զանգ չեն ստանում, իրենց դժբախտ են զգում: Բայց, եթե նրանք կարողանան իրենց մեկ օր զսպել, ապա հաջորդ օրն աշխատանքի կվերադառնան պայծառ, չպղծված մտքով: Ասված է, չէ՞, վեց օր աշխատել, մեկ օր հանգստանալ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ruben says:

    Ելից գիրքը Աստվածաշնչի երկրորդ գիրքն է: Գրքում պատմվում է, թե ինչպես են Աբրահամի ժառանգները Եգիպտոսում ապաստան գտնելուց հետո դառնում բազմամարդ ժողովուրդ և հետագայում ստրկացվում փարավոնի կողմից: Ինչպես նաև թե ինչպես Տերը Մովսես մարգարեի (բայց ոչ առաքյալ) միջոցով ազատեց ժողովրդին և Սինա լեռան վրա ուխտ կնքեց իր պատվիրանների ու օրենքների հայտնությամբ և ինչպես կառուցվեց Աստծո վկայության խորանը:
    Ելից գրքի օրենսդրությունն ունի իր հստակ նպատակն ու հիմքերը: Ուսումնասիրելով այդ օրենսդրությունը հասկանում ենք, որ այն դասավորված է երեք սկզբունքներով:
    Առաջինն ընդգծում է, որ իսրայելացիները աստվածապետության հպատակներ են:
    Երկրորդը՝ քանի որ Աստված թագավոր է, նրա հպատակները պետք է լինեն Նրան հավատարիմ, իսկ աստվածապաշտության ուխտից դուրս եկածները պետք է քարկոծվեն:

    Չորրորդ պատվիրանը վերաբերում է շաբաթը սուրբ պահելուն: Աստված չի ասում, որ շաբաթվա օրերի միջև տարբերություն դնենք, այլ պարզապես ասում է, որ վեց օր աշխատենք և յոթերորդ օրը հանգստանանք: Այս պատվիրանը մեզ ուսուցանում է շաբաթվա մեկ օրը սուրբ պահել, այսինքն` հեռու մնալ աշխարհիկ գործերից և այդ օրն ամբողջությամբ նվիրել «Աս տվածի» փառավորմանը և հոգևոր գործերին:

    1. «իսրայելացիները աստվածապետության հպատակներ են»…
    2. «քանի որ «Աս տվածը» թագավոր է, նրա հպատակները պետք է լինեն Նրան հավատարիմ»…

    Իսկ ի՞նչ են ասում Հայի Աստվածներն ու Հայ Մարգարեները հայերի համար:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31