Շիրակի մարզում օրական միջինը թեստավորվում է 80-100 անձ, որոնցից վիրուսը հաստատվում է մոտ 15-20 հոգու մոտ։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակի մասնաճյուղի հետազոտություններով, այս պահին վիրուսակիրների թիվը գնալով նվազում է, տատանվում է 14-17 տոկոսի սահմաններում։
Շիրակի մարզի հիմնարկներում մասսայական վարակման դեպքեր չեն արձանագրվել, ռեստորաններում էլ սահմանափակումների մեղմացումից հետո դեպքեր առայժմ չեն եղել, միակ բացառությունն այս երկու օրվա ընթացքում «Գյումրիի Երեխաների տուն»-մանկատունն է, որտեղ վիրուսը հաստատվել է ինչպես երեխաների, այնպես էլ աշխատակիցների մոտ՝ թվով 13 հոգու։ Նշենք, որ այստեղ 0-6 տարիքային խմբի այն երեխաներն են խնամվում, որոնք ունեն առողջական ու զարգացման լուրջ խնդիրներ, բնածին արատներ:
Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժ/պ Լեյլի Ասլանյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ 3 խնամողներ ու չորս երեխաներ տեղափոխվել են մայրաքաղաք՝ «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, երկու երեխաներ ու մեկ խնամող էլ Արաբկիր բժշկական կենտրոն՝ մասնագիտացված բաժանմունքում բուժում ստանալու։
«Այսօր եմ խոսել, վիճակները կայուն են, աշխատակիցներից մեկի մոտ թոքաբորբ է։ Աշխատակիցներից 3-ն էլ տանն են՝ մեր առաջնային օղակի հսկողության ներքո»,-ասաց Լեյլի Ասլանյանը։
Կարդացեք նաև
Շիրակի մարզպետարանի երեկվա տվյալներով էլ, Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 38 բնակիչ է բուժվում, իսկ տնային պայմաններում բուժվող հիվանդների թիվը՝ 106-ն է։
«Կորոնավիրուսից առողջացել և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 525 բնակիչ։
61 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 39 դեպք»,-հաղորդում են Շիրակի մարզպետարանից:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ