Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Դավթյանը հանձնարարել է ներկայացնել 2020թ. քննված այն քրգործերի մասին տվյալները, որոնցով առկա են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքով սահմանված հայց հարուցելու հիմքեր

Օգոստոս 24,2020 17:58
aporini

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայց հարուցելու հիմքերի ուսումնասիրության իրականացումը, ըստ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի, վերապահված է ՀՀ գլխավոր դատախազությանը՝ ի դեմս նոր ձևավորման փուլում գտնվող համապատասխան ստորաբաժանման: Նշված գործառույթը նախատեսում է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության, դրա ծավալների և շահագրգիռ անձանց շրջանակի վերաբերյալ տվյալների ձեռքբերումը:

Հիշեցնենք, որ օրենքի հիշյալ դրույթները ուժի մեջ են մտնում ՀՀ գլխավոր դատախազության պատասխանատու ստորաբաժանման առաջին կազմի առնվազն երեք դատախազի նշանակման օրվանից: Ներկայումս ընթացող ուսումնառության պրոցեսի ավարտման արդյունքում՝ սեպտեմբեր ամսից, նախատեսվում է ստորաբաժանման ձևավորումը։

Սոցիալական արդարության վերահաստատման և կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացն առանց ձգձգումների մեկնարկելուն և իրականացնելուն ուղղված մի շարք հանձնարարականներ է տվել ՀՀ դատախազության բոլոր ստորաբաժանումներին և դատախազներին:

Գլխավոր դատախազը հանձնարարել է սեպտեմբերի առաջին օրերին ներկայացնել 2020թ. ընթացքում վարույթում քննված (ավարտված) կամ քննվող այն քրեական գործերի մասին տվյալները, որոնցով  առկա են «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքով սահմանված հայց հարուցելու հիմքեր:

Բացի այդ, ըստ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականի՝ երկրորդ փուլով դատախազները, համագործակցելով ՀՀ ոստիկանության, հետաքննության և նախաքննության մարմինների, ՀՀ դատական դեպարտամենտի հետ, պետք է  մինչև 2020թ. հոկտեմբերի կեսը ներկայացնեն վերոնշյալ տվյալները պարունակող այն քրեական գործերի վերաբերյալ տեղեկատվությունը, որոնք վարույթում քննվել են 2010-2019թթ. ընթացքում:

Հանձնարարվել է նաև՝ սկսած այն պահից, երբ ձևավորված կհամարվի ՀՀ դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթներով օժտված ստորաբաժանումը, շարունակաբար տասնօրյա ժամկետում վերջինիս փոխանցել ընթացիկ վարույթում քննվող այն քրեական գործերի տվյալները, որոնցով քննությամբ ի հայտ կբերվեն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրություն սկսելու վերը նշված հիմքերը:

 ՀՀ դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31