Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Քանի որ նա զինծառայող է, իրեն կվերաբերվեն բավականին կոշտ. նա զինգերու կարգավիճակում է». Լարիսա Ալավերդյան

Օգոստոս 24,2020 18:00

«Քանի որ նա զինծառայող է, իրեն վերաբերվելու են բավականին կոշտ, որովհետե նրան կդիտարկեն ոչ թե որպես մոլորված խաղաղ բնակիչ, այլ զինվորական: Նա Ադրբեջանում գտնվում է զինգերու կարգավիճակում, այսինքն՝ նրա վրա տարածվում է ժնեւյան 3-րդ կոնվենցիան»-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առաջին օմբուդսման, «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ հայ սպա Գուրգեն Ալավերդյանը մոլորվել եւ հայտնվել է Ադրբեջանում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին, ինչպես ՊՆ-ն է հաղորդել, Գուրգեն Ալավերդյանը մոլորվել էր եւ հայտնվել Ադրբեջանի տարածքում:  Վերջինիս զինծառայողները հայ սպայի մասնակցությամբ նվաստացուցիչ տեսարաներով եւ վերաբերմունքով, էթնիկ վիրավորանքներ եւ հայհոյանքներ պարունակող տեսանյութ են հրապարակել՝ նրան ներկայացնելով իբրեւ դիվերսիոն խմբի ղեկավար, մինչդեռ, ինչպես ՊՆ-ն է  հայտնել, դա ապատեղեկատվություն է. Գուրգեն Ալավերդյանը մոլորվել է խիստ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով:

«Նման վերաբերմունքը կոպիտ խախտումների մասին է խոսում: Նշյալ կոնվենցիան սահմանում է նորմ, որը չկա մարդու իրավունքներին առնչվող այլ միջազգային պայմանագրերում, եւ, ըստ որի, անձը պետք է պաշտպանված լինի ամբոխի հետաքրքրասիրությունից: Համապատասխան կոնվենցիան ասում է՝ ամենաշատը, որը կարող են հարցնել զինգերուն, դա նրա անձը հաստատող տվյալներն են, իսկ վերաբերմունքը պետք է լինի արժանապատվությունը հարգող. արժանապատվությունը եւ անձը նսեմացնող վերաբերմունքը պետք է բացառվի: Մյուս կողմից, Ադրբեջանն ունի պարտավորություն՝ հնարավորինս արագ ապահովելու որեւէ միջազգային կազմակերպության, տվյալ դեպքում՝ Կարմիր խաչի մուտքը»,-մեկնաբանելով նշյալ տեսանյութը՝ շեշտեց Լարիսա Ալավերդյանը: Նրա խոսքով՝ նման վերաբերմունքը մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է առհասարակ եւ միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես՝ ժնեւյան 3-րդ կոնվենցիայի խախտում: Հիշեցնենք, որ Կարմիր խաչի հայաստանյան  գրասենյակը համապատասխան աշխատանք է իրականացնում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31